Երբ Երևան-Սևան մայրուղիով թեքվում ես դեպի հանքային ջրերով հարուստ Բջնի, Արզաքան, Բուժական, ձախ կողմում վեր խոյացող և արդյունաբերական անցյալը հիշեցնող շենքերի փոխարեն պատկերացրեք ազատ սարահարթ, որտեղ արտեր էին։ Ահա այստեղ, այսօրվա Կոտայքի մարզի Կարենիս գյուղի հարևանությամբ որոշվեց կառուցել ապագա ՀԷԿ-ը սպասարկող ջրամբարը, իսկ լուսավոր ապագան կերտող բանվորների գիշերակացի համար ստեղծվեց փոքրիկ բանավան։ Բարդ չէ գուշակել, թե ինչու այն շատ արագ անվանակոչեցին Լուսավան։
Ի դեպ, Արգելի ՀԷԿ-ը և քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծել էր ճարտարապետ
Տիրան Մարությանը, որի առաջարկով էլ բանավանը ստացավ Լուսավան անվանումը։ Ապագա քաղաքի, իսկ այդ պահին բանավանի գլխավոր հատակագծից բացի, Տիրան Մարությանի նախագծով այստեղ կառուցվել են հիվանդանոց, մսուր-մանկապարտեզ, բաղնիք-լվացքատուն, ակումբի շենքը, որտեղ այսօր մշակույթի տունն է, հանրախանութ, առաջին միահարկ բնակելի տները և այլ կառույցներ։