Լեռների մեջ ծվարած
Ալավերդին բաժանված է երկու մասի, բարձրադիր հատվածը՝ Սարահարթը, խիտ բնակեցված է, սակայն բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները տեղակայված են քաղաքի ներքևի մասում: Ընդամենը երկու տարի առաջ Ալավերդու ճոպանուղին սարահարթցիների համար ամենաարագ ու ամենամատչելի տարբերակն էր քաղաքի ներքևի հատվածն հասնելու համար, այսօր դրան փոխարինելու է եկել քաղաքի 3-րդ համարի երթուղայինը:
«Ճոպանուղին Ալավերդու բնակիչների փրկությունն էր: Ոչ մի սարահարթցի չի կարղանում ուշ ժամի իր հարազատին այցելի, մի խնջույքի գնա, էդ խնջույքից հետո հանգիստ տուն վերադառնա, որովհետև ուր էլ գնում ենք, ասում ենք մեզ կներեք՝ ժամը 6-ին մեր ավտոբուսի ժամն է»,- ասում է Անահիտ Պետրոսյանը, ով ճոպանուղու մշտական ուղևորներից էր:
Քաղաքի գլխավոր զարկերակը համարվող ճոպանուղին Ալավերդու երկու հատվածներն իրար միացրեց 1977 թվականի հունիսի 16-ին, նույն օրն իրականացնելով իր առաջին երթուղին, որից հիմնականում օգտվում էին Ալավերդու պղնձաձուլարանի հերթափոխով աշխատողները:
1970-ականներին ճոպանուղուց օգտվողների մեծ հերթեր էին գոյանում, 23 հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքում ուղևորների թիվը օրական հասնոմ էր 900-ի: Տարիների ընթացքում, բնակչության թվի կրճատմանը զուգահեռ, կրճատվում է նաև ճոպանուղուց օգտվողների թիվը, հասնելով մինչև 450-ի: Սրան նպաստում է նաև երթուղայինների ու անձնական մեքենաների թվի ավելացումը: Բայց և այնպես, դժվարություններով հանդերձ քաղաքի գլխավոր խորհրդանիշը շարունակում էր աշխատել, պահպանելով իր դերն ու նշանակությունը բանվորական քաղաքի համար: