Տաշիր քաղաքում կարմիր աղյուսե տանիքներով 100-ամյա տներ կան, քաղաքի կենտրոնական փողոցում բույն հյուսող արագիլներ, վարդեր, որոնք գունավորում են քաղաքի գրեթե միշտ ամպամած երկինքը:
Թխպոտ Տաշիրը Լոռու կանաչ գրկում թաքնված ռուսական հեքիաթ է հիշեցնում։
Մայրաքաղաք Երևանից 163, Լոռու մարզկենտրոն Վանաձորից՝ 52 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տաշիրը վերջին տարիներին շատ է փոխվել՝ չկորցնելով տասնամյակների կոլորիտը:
175-ամյա քաղաքը հայկական և ռուսական գյուղական ճարտարապետության համադրություն է։ Տաշիրը հիմնադրվել է 19-րդ դարի կեսին, երբ Հայաստանում կազմավորվեցին մոլոկանների առաջին բնակավայրերը: 1844 թ-ին Ռուսական կայսրության կառավարության կարգադրությամբ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուս մոլոկանների գյուղը սկզբում կոչվել է Կովկասի փոխարքայի պատվին՝ Վորոնցովկա: 1935-ին վերանվանվել է հեղափոխական գործիչ Կալինինի անունով՝ Կալինինո: Տաշիր է կոչվել 1991-ին: 1961-ից քաղաքատիպ ավան Տաշիրը 1983-ից է դասվել Հայաստանի քաղաքների շարքին: Քաղաքի միջով հոսում է Տաշիր գետը:
«Վորոնցովկա»՝ անցյալից դեպի ապագա
Թեև քաղաքում թափ է առել քաղաքաշինությունը, Տաշիրը պահել է խառնամշակույթ դիմագիծը։ Տաշիրի «ռուսական» տեսքը փորձում են վերականգնել Վարդանյանների և Շվոյանների ընտանիքները:
2000-ականներին Տաշիրում գործող միակ հյուրատանը նոր շունչ են տվել՝ ստեղծելով գյուղակ քաղաքի մեջ։
«Ռուսական ոճի տնակներ ենք սարքել՝ օգտագործելով «անպետք» կենցաղային իրեր, մետաղի ջարդոններ, որոնցից էլ սարքել ենք տնակների մի մասը: Փորձել ենք ստանալ հին Տաշիրի՝ Վորոնցովկայի պատկերը: Էստեղ ամեն ինչ հին ոճով է՝ սամովար, ռուսական եկեղեցի, բալալայկա, հին սպասք, հին կահույք»,-ասում է համահիմնադիր Դավիթ Շվոյանը:
Գաղափարը ծագել է Դավիթ Շվոյանի քեռու`Արմեն Վարդանյանի մոտ, նա ոգեշնչել է նաև մյուս զարմիկին՝ Հայկ Սահակյանին:
«Ամեն ինչ մեր ձեռքով ենք սարքել: Մտքերը, ոճը քեռին է տալիս, ես ու եղբայրս սարքում ենք: Քաղաքում շատերն արդեն գիտեն՝ հենց անպետք իր են ունենում, բերում են էստեղ: Ամեն մի իրից փորձում ենք ինչ-որ բան ստանալ: Անգամ ներկերը օգտագործելուց հետո ամանները չենք թափում, ինչ-որ հետաքրքիր կոմպոզիցիաներ ենք ստանում», - ասում է նա:
«Վորոնցովկայում» կա փոքրիկ կենդանաբանական այգի, հյուրատան տարածքում ազատ շրջում են ձիերը և ոչխարները: Դրանցից մեկը`Գառնիկ մականունով, շատ է սիրում նկարվել և մարդկանց հետ «հաղորդակցվել»: Կենդանիներին հսկում է «ձյաձ Աշոտը»՝ հյուրատան խորհրդանիշ փայտե մարդը:
Փոքր Տաշիրի զբոսաշրջային ներուժը
Քանի որ Տաշիրը հայ-վրացական սահմանին մոտ է, քաղաքում հաճախ են զբոսաշրջիկներ լինում։ Տաշիրը Հայաստանի ամենափոքր քաղաքներից է՝ շուրջ 11 հազար բնակչությամբ և ամենազովերից մեկը հատկապես ամռանը՝ շրջապատված բնական հանգստի գոտիներով:
Մինչդեռ քաղաքում դեռևս մի հյուրատուն է գործում: Քաղաքում գտնվող «գյուղակը» հետաքրքրություն է առաջացնում արտասահմանցի հյուրերի շրջանում: Երիտասարդ տնտեսվարողի խոսքով՝ զբոսաշրջիկներին շատ է գրավում «Վորոնցովկան»:
«Սա այն է, ինչ իրենք հաճախ փնտրում են՝ հանգստություն, լռություն: Այս դարի մարդը շատ է հեռացել բնությունից, ուզում ենք նաև այդ կապը ստեղծել։ Պլանավորում ենք այգի սարքել, բանջարեղեն աճեցնել, որ ամեն ինչ տեղական լինի, օրգանիկ, որ մեր հյուրերն իրենց ձեռքով հավաքեն այն, ինչ ուզում են ուտել, մասնակցեն էդ պրոցեսին», - ասում է նա:
«Վորոնցովկա»-ից բացի քաղաքում ևս մեկ հյուրանոց է լինելու՝ «Տաշիր» հիմնադրամի միջոցներով։
«Մեր քաղաքը զարգացող է, գտնվում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի գոտում, շարժն այստեղ շատ է, հետևաբար հյուրանոցի կառուցումը հույժ անհրաժեշտություն է։ Նախատեսված է կառուցել եռահարկ շենք ժամանակակից և գեղեցիկ տեսքով, որը մասնավոր սեփականություն է լինելու», - ասում է Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը։
Մեծերի ու փոքրերի մշակույթի տունը
Վերջին երեք տարիներին քաղաքում նոր շինություններ են ավելացել, մի քանիսն էլ վերակառուցվել են «Տաշիր» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
2019-ի մայիսին վերաբացվել է Տաշիրի մշակույթի կենտրոնը։ Շենքն ամբողջությամբ վերակառուցվել է, փոխվել է թե՛ ներքին, թե՛ արտաքին հարդարանքը: Մշակույթի տան տնօրեն Էմմա Բեզոյանը նշում է, որ շենքի բարեկարգումից և բացումից հետո ավելացել են նոր խմբակներ, հանդիսություններ հաճախ են արվում:
«Գիտեք, ամենակարևորը, որ երեխաները կտրվում են փողոցից: Այս տեխնոլոգիաների դարում երեխաները կտրվում են դրանից, ավելի մոտենում են արվեստին։ Հետագայում նրանց համար ավելի հեշտ կլինի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում», - ասում է տնօրենը:
Քաղաքի մշակույթի տունը վերանորոգելիս չեն մոռացել նաև մեծահասակների մասին: Կենտրոնում առանձնացված ընդարձակ սենյակում թոշակառուները բլոտի, նարդիի և շախմատի «առաջնություններ» են անցկացնում, սուրճի սեղանի շուրջ զրուցում դեսից-դենից:
«Առաջ տղերքով մշակույթի տան դիմացը`դրսում էինք նստում, հարմար չէր, արևը խփում էր աչքերիդ, իսկ էսպես հաճելի է, մաքուր, կոկիկ, մարդ հաճույք ա ստանում»,-ասում է տեղացի Վարդգես Պողոսյանը:
Աշխատանք և ժամանց
Վարդգես Պողոսյանի որդին մասնակցել է քաղաքում ընթացող շինարարական աշխատանքներին: Մշակույթի տան հիմնանորոգմամբ և վերագործարկմամբ ստեղծվել են նոր աշխատատեղեր տեղի բնակիչների համար: Քաղաքաշինությունը քաղաքի բնակիչներին առժամանակ է ապահովել աշխատանքով: Թեև Տաշիրում ընթացող բուռն շինարարությունների շնորհիվ քաղաքի տղամարդկանց մի մասը չի մեկնում երկրից, նրանց մեծ մասն, այնուամենայնիվ, ապրուստը հոգում է արտագնա աշխատանքի միջոցով:
Տաշիրում բարեկարգվել է քաղաքային զբոսայգին ու կառուցվել ևս մեկը: Մինչ այդ ժամանցի վայրեր քաղաքում չկային: 13-ամյա Աննան ընկերների հետ հաճախ է լինում նոր այգում:
«Հիմա այգին սիրուն է, մաքուր: Առաջ վախենում էինք գալ, մութ էր, ամեն տեղ շշեր էին, աղբ, ջարդված, ներկը թափված նստարաններ: Իսկ հիմա շատ լուսավոր ա, լիքը խաղալու տեղեր կան, ֆանտաններն են շատ սիրուն, պետք ա գիշերով նայեք`ինչքան սիրուն ա: Մենք պարից հետո մշակույթի տնից անմիջապես էստեղ ենք գալիս՝ զբոսնելու, խաղալու: Շատերը հեծանիվներով, ռոլիկներով են գալիս»,-ասում է Աննան:
«Զբոսայգին դարձել է տաշիրցիների սիրելի վայրերից մեկը» - նշում է Տաշիրի համայնքապետը և վստահեցնում է՝ քաղաքում իրականացվելիք շատ ծրագրեր կան:
«Մինչև 2020 թվականը նախատեսված է լուսավորության ցանցի մի հատվածի արդիականացում, կոմունալ ծառայությունների բարելավում, ճանապարհների բարեկարգում, ՏՏ լաբորատորիաների հիմնում»,- ընդգծում է Էդգար Արշակյանը։
2019-ի հունիսի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել է 15 բժշկական կենտրոնների նախագծային աշխատանքներ, որոնցից մեկը լինելու է Տաշիրում։ Հիվանդանոցի շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել։ Նախագիծն իրականացնելու է քաղաքաշինության պետական կոմիտեն, իսկ շինարարությունը՝ «Տաշիր» բարեգործական հինադրամը։