Երևանի թաքնված թանգարանները

Թանգարաններ, որոնց մասին քիչ գիտեն նույնիսկ երևանցիները
Ուրբանիստա
խմբագրական
Երևանում գործող հիսունից ավելի թանգարաններն ու պատկերասրահները մեր պատմության մի մասն են կազմում, որոնց մասին քչերը գիտեն Երևանում: Ուրբանիստան ներկայացնում է Երևանի ամենաթաքնված թանգարաններից ընդամենը մի քանիսը:


1
Լուսիկ Ագուլեցու (Սամվելյանների)
տուն֊թանգարան

Հասցեն՝ Մուրացանի փողոց, տուն 79
https://www.facebook.com/LousickAgouletsi/

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում իրենց տեղն են գտել 40 տարվա որոնողական ու հավաքչական աշխատանքի պտուղները։

Տուն-թանգարանում ներկայացված են հին իրեր, խեցեղեն,դրամների հավաքածո,ազգային միջնադարյան արժեքներ, հնատիպ գրքեր ու սրբապատկերներ, գորգեր, տարազ, աշխատանքային գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ, ծիսական տիկնիկներ, զարդեր և այլն։

Թանգարանի այցելությունը հնարավոր է նախօրոք պայմանավորվածության դեպքում՝ զանգահարելով 055764424։

Մուտքի վճարը. մեծերին՝ 1000դր, փոքրերին՝ 500դր:


2
Փայտարվեստի թանգարան
Հասցեն՝ Պարոնյան փող., 2 շենք
http://artwood.am
Փայտարվեստի թանգարանը հիմնադրվել է 1977 թ-ին, այն տարիներին, փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի նախաձեռնությամբ,
ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, նկարիչ` Գրիգոր Խանջյանի եվ Հայաստանի վաստակավոր նկարիչ՝ Հովհաննես Շարամբեյանի աջակցությամբ:

Ցուցադրությունը պայմանականորեն բաղկացած է երեք բաժիններից՝ հնագույն մշակույթի, քանդակի, կիրառական արվեստի:

Մուտքը՝ 500 դրամ, աշակերտների, ուսանողների և թոշակառուների համար՝ 300 դրամ:


3
Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոն
Հասցեն՝ Աբովյան 64 (Աբովյան պուրակ)
https://web.facebook.com/cpc.arm/
Ժողովրդական արվեստի կենտրոնի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականու­թյան ապահովումն ու հանրահռչակումը: Շուրջ 10.000 առարկայից կազմված հավաքածուն ընդգրկում է գորգագործության, փայտարվեստի, ասեղնագործության և ժողովրդական արվեստի այլ ոլորտներ:

Այստեղ հաճախակի կազմակերպվում են ցուցահանդեսներ և միջոցառումներ, իրականացվում են կրթամշակութային ծրագրեր, վարպետության դասեր:

Այցելության արժեքը.
Մշտական ցուցադրության մուտք՝ 1000 դրամ, դպրոցականներ՝ 200 դրամ, ուսանողներ՝ 300 դրա,, կենսաթոշակառուներ՝ 500 դրամ, փախստականներ՝ 500 դրամ:
Էքսկուրսիոն ծառայություն. հայերեն՝ 2000 դրամ, օտար լեզվով՝ 3000 դր:


4
Ռադիոսպորտի ֆեդերացիայի թանգարան
Հասցեն՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս,
N196 դպրոցի լաբորատոր մասնաշենք
http://www.frra.am/
2009թ-ին Դավթաշենի ԴՈՍԱՖի նախասրահում բացվեց փոքրիկ թանգարան, որտեղ պահպանվում է ռադիոսպորտի ֆեդերացիայի անդամների շնորհիվ տարիների ընթացքում հավաքած բազմապիսի ռադիո տեխնիկա:

Առաջին ռադիոընդունիչներից և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կիրառված ռազմական ռադիոսարքավորումներից բացի, այստեղ կարելի է հանդիպել նաև հնատիպ հեռախոսների,տպիչ սարքերի և նույնիսկ առաջին հեռուստացույցների նմուշների:

5
Հայ բժշկության թանգարան
Հասցեն՝ Արշակունյաց 44/1, բնակարան 43
https://www.medicalmuseum.am



Լուսանկարը՝ www.medicalmuseum.am
Հարություն Մինասյանի անհատական հավաքածուն, որը ստացել է Հայ բժշկության թանգարան անվանումը բացվել է 1999թ-ին: Այս մասնավոր թանգարանում ցուցադրված են թանգարանի հիմնադրին պատկանող 30 000 ցուցանմուշներից՝5 000-ը: Այստեղ ներկայացված են Մեծամորում պեղված 5000-ամյա սափոր և նույն տարիքի մարդու կմախք, մի քանի դարի պատմություն ունեցող սրվակներ, բժշկական գործիքներ, հնատիպ գրքեր, ինչպես նաև ժամանակին ականավոր, հայ բժիշկներին պատկանող իրեր:

Թանգարանի մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախապես պայմանավորվել՝ զանգահարելով 093 309 237:

6
Հայկական ավիացիայի պատմության թանգարան
Հասցեն՝ «Զվարթնոց» օդանավակայան,
ՀՀ կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Աուդիո-գիդ՝ izi.travel
Լուսանկարը՝ Հայաստանի քաղավիացիայի արխիվից
Զվարթնոց օդանավակայանի տարածքում հիմնադրվել է 1998 թվականին՝ Հայաստանի քաղավիացիայի 65-ամյակի առթիվ։ Թանգարանում ամփոփված են փաստաթղթեր, հավաքածուներ, լուսանկարներ, գրքեր և այլ արժեքավոր ցուցանմուշներ, որոնք արտացոլում են հայկական քաղաքացիական ավիացիայի անցած ուղին։ Այստեղ պահպանվող 2000-ից ավել թանգարանային առարկաները ներկայացնում են Հայաստանում ավիացիայի զարգացման պատմությունը՝1900-ականներից սկսած մինչև մեր օրերը:

Թանգարանի մուտքն ազատ է, սակայն հարկավոր է նախապես պայմանավորվածության դեպքում, քանի որ այն գտնվում է վերահսկելի գոտում:

7
Գիտության և Տեխնիկայի Թանգարան
Հասցեն՝ Բագրևանդ թաղամաս, Նոր Նորք վարչ. շրջան
http://st-museum.am

Նոր Նորքի 2րդ զանգվածի հարևանությամբ գտնվող Ճարտարագիտական քաղաքի տարածքում 2015 թ-ից գործող թանգարանը ներկայացնում է Խորհրդային Հայաստանի արդյունաբերական անցյալը: Այստեղ կարելի է տեսնել էլեկտրական մսաղացից մինչև դյուրակիր հեռուստացույցներ, հայկական արտադրության էլէկտրական մեքենաների և առաջին համակարգչի ստեղնաշարի նախատիպերը:

8
Հայաստանի երկաթուղային թանգարան
Հասցեն՝ Սասունցի Դավթի հրպ. (երկաթգծի կայարանի տարածքում)
Հեռ. +374 60 463 444
Լուսանկարը՝ Հարություն Նազարյանի
Երևանի երկաթգծի կենտրոնական կայարանում գործող թանգարանի հավաքածուն ընդգրկում է մոտ 200 թանգարանային առարկա: Ցուցադրությունը սկսվում է 1895 թ-ից, երբ ռուսական կայսր Նիկոլայ II-ին ներկայացվում է Կարս-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երթուղիով երկաթգիծ կառուցելու հայտը: Ցուցադրությունում կարելի է տեսնել 1960-70-ական թթ-ին երկաթուղային ոլորտում կիրառվող սարքավորումներ` հեռախոսներ, հեռագրային սարքեր, ազդանշանային շեփոր, «Կկու» շոգեքարշի ազդանշան-սուլիչ, 1958թվականի տոմսերի դակիչ:

9
Արթուր Թարխանյանի անվան թանգարան-կենտրոն
Հասցեն՝ Անտառային 188/16
Հեռ. +374-10-580455
Լուսանկարը՝ Մհեր Բեքարյանի
Անվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի անունը կրող թանգարան-կենտրոնում ներկայացված են ոչ միայն Թարխանյանի գործերը, այլև նրա ժամանակակիցներինը:
Թանգարանի նպատակն է կենտրոնը դարձնել հայկական հարուստ ճարտարապետական ժառանգության պահպանման և լուսաբանման մշակութային հարթակ։
~