Արմավիրի
«Փրկության այգին»
Այգում, որը հիմնել է արմավիրցի Արմեն Թադեվոսյանը, ապրում են փրկված կենդանիները, սակայն առանց կանոնակարգի գործող գազանանոցը քննադատում են բնապահպանները։
Սամվել Պետրոսյան
Լրագրող


Լուսանկարները և տեսանյութը՝
Լև Մուչնիկի

Տեքստի խմբագիր՝ Հերմինե Հակոբյան
Արմավիրի ծայրամասում գտնվող կենդանաբուսաբանական այգին Արմեն Թադեվոսյանն սկսել է հիմնել 1981 թվականից։ Սակայն միայն 2011 թվականին է գրանցել «Կենդանաբուսաբանական այգի-վայրի կենդանիների փրկության կենտրոն» ՀԿ-ն: Այգում ապրում է 45 տեսակի առնվազն մեկ զույգ կենդանի, այդ թվում՝ հազվագյուտ և կարմիրգրքային:

Այգու մուտքի մոտ այցելուներին դիմավորում են կրիաների մեծ չափերի արձանները: «Մի արձանը ընկերոջս հետ եմ սարքել, մյուսը` մեն-մենակ», - պատմում է Արմեն Թադևոսյանը: Արձանների կառուցումը Արմենի մանկության երազանքն էր. առաջին կենդանին, որից առաջացել է այգի ունենալու գաղափարը, կրիան է եղել:

Սեփականատերը «Փրկության այգի» է կոչել այն: Կենդանիներն Արմավիր են տեղափոխվել Հայաստանի մարզերից և տարբեր երկրների կենդանաբանական այգիներից՝ մի մասը՝ փրկվելով դաժան վերաբերմունքից: Շատերը, վիրավոր կենդանի գտնելով, բերում են այստեղ: Եղել են վիրավոր արջեր, մացառախոզեր, կզաքիս, տափաստանային կատու, քարարծիվներ, բվեճներ և այլ կենդանիներ:

Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգու 8 հա տարածքը 1991 թ․-ից Արմեն Թադևոսյանի սեփականությունն է։ Կենդանիներ խնամող աշխատողներ չկան, այգու հետ կապված ամբողջ գործը Թադևոսյան ընտանիքն է կազմակերպում: Ջրագծերի բացակայության պատճառով այգու կենդանիների համար ձեռքով են ջուր ապահովում: Ոռոգման ջրի, վանդակները թարմացնելու, ներկելու, նոր վանդակներ կառուցելու, ձմեռնամուտի և այլ խնդիրները շատ են: Սակայն հիմնականը կերի խնդիրն է` սնունդի բազմազանության:

Մինչև վերջերս ՀՀ պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադից շաբաթական երկու անգամ ստացած ճաշի մնացորդներն ապահովել են կենտրոնի կենդանիների սնունդը: Սակայն, այգու սեփականատերի խոսքով,արդեն ամիս ու կես է՝ դադարել են սնունդ տրամադրել:

«Կենդանիներն անհրաժեշտ չափով են ուտում, բայց ամեն օր հոգնում են նույն բանն ուտելուց, մարդն էլ չի կարող, չէ, ամեն օր բորշչ ուտել։ Իրենք սովոր են զորամասից բերված սննդին, որը, բնականաբար, ավելի լավն է, քան թրջած հացը, կոմբիկորմը, աղացած ցորենն ու գարին»- ասում է տնօրենը։



Հայաստանում, բացի Արմավիրից,մասնավոր կենդանաբանական այգիներ են հիմնվել նաև Հրազդանում և Գյումրիում։ Մի քանի տարի առաջ Գյումրիի շրջիկ գազանանոցը, որը մամուլում արժանացել էր «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգի» տիտղոսին, դադարեց գոյություն ունենալ:
2015թ-ի նոյեմբերին Գյումրի այցելած բրիտանական Daily Mail-ի լրագրողների պատրաստած հոդվածը, որը հրապարակվել է 2016թ-ի հունվարին, մեծ աղմուկ բարձրացրեց:

Այգու փակվելուց հետո կենդանիները տեղափոխվեցին վերականգնողական կենտրոններ, այլ այգիներ և արտերկիր: Գյումրիից Արմավիր են տեղափոխվել ուղտը, գայլն ու կապիկները:

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հավաստմամբ, այգին «քաղաքի այն քիչ հատվածներից է, որտեղ կարելի է գնալ ընտանիքով զբոսնելու եւ ժամանակ անցկացնելու»:

Թեև կենդանաբանական այգին քաղաքապետարանի ենթակայության տակ չէ, ընթացիկ ծախսերի համար համայնքի բյուջեից տարեկան 1 միլիոն դրամ է հատկացվում (նախկինում հատկացվում էր 500 հազար դրամ): Ավագանու որոշմամբ 50 տոկոսով զեղչվել է նաև ջրի վարձը:
Մարզի միակ կենդանաբանական այգուն համայնքապետարանի հատկացրած տարեկան գումարը բավականացնում է միայն խոտի հարցը լուծելուն, վստահեցնում է այգու սեփականատերը:

Արմավիրի կենդանաբանական այգու մուտքի տոմսի արժեքը՝ 200 դրամ է: Մատչելի գնով տոմսակ գնողները քիչ են, շատերն առանց տոմսի են մտնում, վստահեցնում է տնօրենը:


Կենդանաբանական այգու` քաղաքի համար կարևոր նշանակություն ունենալու մասին կենդանապաշտպանների ու փորձագետների դիրքորոշումը բխում է կենդանիների կացության պայմաններից:

«Այսպիսի պայմաններ ցանկացած անհատի կամ կազմակերպության կողմից կենդանիների պահելու առումով ուղղակի անընդունելի են։ Նման ենթակառույցները չեն կարող վատ համբավից բացի որեւէ այլ բան բերել ցանկացած ՏԻՄ -ի ցանկացած քաղաքի: Այլ հարց է, երբ ասում ենք, որ անելանելի է վիճակը, և մենք պետք է հասկանանք` ինչպես օգնել այդպիսի մարդկանց, ինչ կարող է անել ՏԻՄ-ը, որ շտկի իրավիճակը թե կենդանիների և թե մարդկանց համար», - ասում է կենդանապաշտպան Նարե Արամյանը:

Կենդանաբանական այգիներում փորձում են պահպանել այն վտանգված կենդանիները, որոնք գտնվում են անհետացման եզրին: Տարբեր երկրների կենդանաբանական այգիները տալիս են գենետիկական ռեսուրս՝ վերարտադրության և վայրի բնություն բաց թողնելու նպատակով: «Երկրորդը դա կրթությունն է: Այսինքն, այդ հավաքածուն ներկայացվում է այցելուներին, հատկապես երեխաներին, որպեսզի նրանք կարողանան ճանաչել, քանի որ կենդանիներին շատ բարդ է տեսնել վայրի բնության մեջ»,- նշում է կենսաբազմազանության փորձագետ Արսեն Գասպարյանը:

Առանց լիարժեք և կայուն ֆինանսավորման Արմավիրի կենդանաբանական այգում սկսված շինարարությունը երկու տարուց ավելի է` չի ավարտվում: Թեև մշտական ու ամբողջական ֆինանսավորման հարցն անորոշ է, այնուամենայնիվ, արջի և անգղերի համար նոր ու մեծ վանդակներ են պետք:

Երևանի կենդաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով, ժամանակին փորձեր արվել են օգնելու Արմավիրի այգուն, սակայն օգնությունը կարող է տրամադրվել միայն այն դեպքում, եթե այգին ունենա գործունեության հստակ կանոնակարգ։

«Արմավիրի այգում չեմ եղել, կարծիք էլ չեմ կարող հայտնել, բայց եթե ինչ որ անհատ է, որը ուղղակի պահում է կենդանիներ այն պատճառով, որ սիրում է, ցավոք, ոչնչով չենք կարող օգնել»,- ասում է Երևանի կենդանաբանական այգու տնօրենը։

Ռուբեն Խաչատրյանի խոսքով, Երևանի կենդանաբանական այգին պահպանվում է կառավարության կողմից ամեն տարի հատկացվող 300 միլիոն դրամով, մուտքավճարների գումարներով և միջազգային ու տեղական կառույցների ներդրումներով, որոնք վերջին ութ տարիների ընթացքում կազմում են մոտ 200 միլիոն դրամ։

«Միջազգային կապերը շատ կարեվոր են, սակայն ներդրումներ բերել հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ապահովում ես, կամ գոնե մաքսիմալ ձգտում ես ապահովել այն ստանդարտները, որոնք սահմանված են միջազգային ասպարեզում»,- ասում է Երևանի կենդանաբանական այգու տնօրենը։


~