Սթրիթ արտը՝ Ապարանի նոր գրավչություն

Ապարանը նոր գույներ և դիմագիծ է ստացել տարբեր երկրներից ժամանած արվեստագետների շնորհիվ:
Սոնա Մկրտչյան
մուլտիմեդիա լրագրող
«Գիտե՞ք, ծայրահեղ դեպքում, եթե մեր գրաֆիտի աշխատանքները որպես արվեստի գործեր չհետաքրքրեն մարդկանց, ապա հաստատ չեն թողնի քաղաքում մոլորվել»,- ասում է կանադահայ նկարչուհի Լուսնակը ու պատմում՝
ինչպես է մի քանի օր առաջ խանութի տեղ հարցնելիս ստացել հետևյալ պատասխանը․
«Չարենցին որ նկարել են, է՜, այ էդ պատի դիմացի խանութն ա»։
Կանադահայ նկարչուհի Լուսնակը եկել է Ապարան՝ մասնակցելու քանդակագործության միջազգային 2-րդ ամենամյա սիմպոզիումին։ Այն համախմբել է 22 արվեստագետների աշխարհի 16 երկրներից։ Նրանցից 3-ը՝ Լուսնակը, Դարեկ Սոլուսը և Կարեն Աշիմյանը, 20 օր տևող սիմպոզիումի ընթացքում նկարազարդելու են քաղաքի պատերը՝ Ապարանը դարձնելով ժամանակակից արվեստի գողտրիկ անկյուն։

Սթրիթ արտն անընդհատ զարգանում ու տարաբնույթ է դառնում, դա փողոցի արվեստն է: Այս արվեստով են վարակվել Հայաստանի մի շարք քաղաքներ: Օրինակ՝ Գյումրիում «ապրում» են ծխող Պիկասոն, Կլիմտի «Հուդիթը», Չառլի Չապլինը: Իսկ Ճամբարակը նոր է սկսել տարաբնույթ հյուրեր ընդունել ողջ աշխարհից: Քաղաքն իր ներկայությամբ է լցրել Վան Գոգը և սպասում է մյուս հյուրերի ժամանմանը:
Ինչպես նշում է Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը՝
քանդակագործության միջազգային սիմպոզիումը նպաստում է քաղաքում տուրիզմի զարգացմանը։

«Ապարան համայնքում բազմաթիվ դիտարժան վայրեր կան, բայց, ցավոք սրտի, դրանք ոչ մի կերպ չեն գովազդվում, չեն գրավում մարդկանց։ Այս սիմպոզիումն
օգնում է դիմագծեր հաղորդել Ապարանին ու քաղաքը հետաքրքիր դարձնել զբոսաշրջիկների համար»։

Համայնքի ղեկավարի տեղակալ խոսքով՝ այս միջոցառման մի քանի բաղադրիչներ դրական ազդեցություն են թողնում տարբեր ոլորտներում։ Ապարանի քանդակագործության սիմպոզիումի շնորհիվ Հայաստանում շրջանառվում է արտ-տուրիզմի գաղափարը: Համայնքը տնտեսապես զարգանալու կարիք ունի: Այս նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացնում արվեստի հանդեպ, իսկ Ապարանը դառնում է միջազգային հարթակ՝ քանդակագործների շփման, աշխատանքների և գաղափարների ներկայացման համար:
2-րդ սիմպոզիումի ընդհանուր թեմատիկան ջուրն է։
Ապարան քաղաքի արվեստի դպրոցի սաները նույնպես ներգրավվել են քաղաքի գունազարդման գործում։

Գրաֆիտին աշխարհում թույլատրված և չթույլատրված արվեստի տեսակն է: Երբեմն արվեստագետները իրենք են ընտրում (առանց թույլատրության) քաղաքային այն պատերը, որոնք ուզում են նկարազարդել ժամանակակից սթրիթ արտի կանոններով: Երբեմն էլ քաղաքային իշխանություններն իրենք են պատվիրում քաղաքային լանդշաֆտը չփչացնող, բազմազան ու գունեղ դարձնող գրաֆիտիներ՝ այդ նպատակով հրավիրելով փողոցային արվեստով զբաղվող նկարիչների:

Իռլանդիայի ներկայացուցիչ Դարեկ Սոլուսի աշխատանքները հայտնի են աշխարհի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Մայամին, Նյու-Յորքը, Լոնդոնը, Մոնրեալը, Դուբլինը։ Ապարանում իռլանդացի նկարիչը կերտել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի դիմանկարը։

«Կարդացել եմ, որ Եղիշե Չարենցին հայերն ընդունում են որպես բարձրագույն արժեքների տեր մարդու, նրան սիրում են, հիշում, և, ահա, ես մտածեցի, որ հետաքրքիր կլինի նրան միշտ փողոցում տեսնել», - ասում է իռլանդացի արվեստագետը։

Դարեկ Սոլուսի կարծիքով՝ սթրիթ արտը չափազանց կարևոր ազդեցություն է ունենում քաղաքի կյանքի ու հետագա զարգացման վրա։

«Սթրիթ արտը նոր գույներ ու թարմ գաղափարներ է բերում քաղաք։ Երբ փողոցը զարդարված է արվեստի գործերով, դու երբեմն ստիպված չես լինում այցելել թանգարան․ արվեստն այստեղ է ու բոլորի համար»։
Սոլուսի միտքը շարունակում է ամերիկահայ նկարիչ Կարեն Աշիմյանը՝ նշելով, որ այս գործով զբաղվողները պատասխանատու են ստեղծել դրական գործեր, քանի որ քաղաքային միջավայրը կլանում է յուրաքանչյուր նոր արարմունք։

«Երբ ինչ-որ մեկը որոշում է ժպտալ, այդ պահին փոխվում է նրա ներաշխարհը, իսկ երբ ժպտում է, փոխվում է աշխարհը․․․երբ քաղաքը «ժպտում է», ճառագում է դրական էներգիա՝ դառնալով ավելի գունեղ», - ասում է Կարեն Աշիմյանը:

Կարենը խոյի գծապատկերը նախագծել է ԱՄՆ-ում: Նրա խոսքով՝ Ապարանի սիմպոզիումին մասնակցելը լավ հնարավորություն էր՝ իրագործելու վաղեմի ցանկությունը՝ Հայաստանում պատկերել կենդանակերպի 12 նշանները։

«Իմ աշխատանքում չորս Կոմիտասներ են։ Օգտագործում եմ տուֆի 4 երանգները, որ գույները շրջակա կառույցների հետ համահունչ լինեն։ Ուզում եմ՝ դիտողն իմ աշխատանքին նայելիս պատկերացնի ստեղծման գործընթացը, ուզում եմ, որ հասկանա»։
«Ինձ հետաքրքրում է բնության առեղծվածը, սիրում եմ բացահայտել՝ ինչպես է կառուցված այն, ու դա պատկերում եմ իմ աշխատանքներում: Մենք ոչնչացնում ենք բնությունը ու կառուցում քաղաքներ: Ուզում եմ՝ գնահատենք բնության առեղծվածն ու մոտ լինենք նրան, և հենց այս ուղերձն էլ դնում եմ իմ աշխատանքներում ու փորձում մարդկանց հանգուցել աշխարհին՝ բնությանը »։

Ավստրալիայից Ապարան հասած սիմպոզիումի մասնակից Ջոյ Հեյլենն աշխատում է երկաթյա թիթեղներով։ Ջոյին դուր էր եկել Հայաստանում աշխատելը։

«Հայաստանում ապրելը բավականին էժան է, բացի այդ՝ մարդիկ այստեղ բարի են ու հյուրասեր, նրանք ինձ համար սուրճ և ուտելիք են պատրաստում։

Հայաստանը կանաչ լանդշաֆդտ է՝ բնակեցված բարի մարդկանցով»,- ասում է ավստրալուհին:

Սիմպոզիումի բերած նորամուծությունները ապարանցիներին դուր են գալիս: Երկրորդ տարին է՝ ամռան սկզբում քաղաքում մուրճի թակոցները առաջին հերթին հենց բնակիչներին են գրավում: Տեղացիները գալիս են հետևելու վարպետների աշխատանքին և պատկերացնելու Ապարանը զարդարող արվեստի գործերը: Ապարանցի Ազատ Առաքելյանը նշում է, որ Ապարանում ստեղծվող գործերը քաղաքին դեմք են տալիս։

«Երբ հարցնում են՝ որտեղից ես, այս հարցին սովորաբար հաջորդում է հետևյալ հարցը՝ ձեր քաղաքն ինչո՞վ է հայտնի։ Էն ժամանակ, բացի Գնթունիքից, ոչ մի պատասխան չունեի, հիմա կասեմ՝ ժամանակակից արվեստի գործերով, փողոցային արվեստով»։
~