«Օդից կախվածը»

Երևանի միակ ճոպանուղին 13 տարի է ՝ չի շահագործվում:
Մայրաքաղաքում վերգետնյա տրասնպորտային միջոցի կառուցման նոր ներդրումային ծրագրի առաջարկ քննարկվեց այս տարի մայիսի 24-ին Երևանի քաղաքապետարանի և IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») միջև՝ զբոսաշրջության զարգացման խնդիրների արծարծման շրջանակներում:
Վերջին տասնամյակի ընթացքում սա քաղաքային ճոպանուղու "վերակենդանացմանը" վերաբերող միակ առաջարկը չէր: Երևանի Նորք թաղամասը քաղաքի կենտրոնին կապող միակ ճոպանուղին նաև մայրաքաղաքի էկոլոգիապես ամենամաքուր ու մատչելի տրանսպորտային միջոցն էր համարվում:

Շահագործման 37 տարիների ընթացքում ճոպանուղին չի աշխատել ընդամենը 6 ամիս (90-ներին, էներգետիկ ճգնաժամի տարիներին): Օրական տեղափոխել է շուրջ 500 ուղևոր: Այժմ Նորքի բարձունք հասնում են երեք երթուղային տաքսիների և երկու ավտոբուսի երթուղիներ:
1983 թվական
1981 թվական
1970 թվական


«Ճոպանուղու աշխատելու տարիներին դրանից օգտվելը շատ հարմար էր, հատկապես որ նախկինում տրանսպորտը վատ էր աշխատում՝ միայն մեկ երթուղի էր գործում: Հետագայում տրանսպորտային միջոցներն ավելացան, սակայն կենտրոն հասնելու համար պետք էր երկար սպասել երթուղայինի, ինչից հետո ոչ բոլորին էր հաջողվում նստել, իսկ ճոպանուղին ավելի արագ էր ու հարմար ՝ մի քանի րոպեում արդեն կենտրոն էինք կարողանում հասնել: Այդ տրանսպորտային միջոցից հատկապես շատ էր օգտվում աղջիկս, ով ԵՊՀ-ի ուսանող էր»:

տիկին Նվարդ
Նորքի 40 տարվա բնակչուհի
Երևանի ճոպանուղու համար ժամանակը կանգ առավ 2004 թ. ապրիլի 2-ին: Նորք բարձրանալիս ուղևորատար վագոնը 15 մետր բարձրությունից պոկվեց և ընկավ Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակ: Վթարի հետևանքով վագոնի 11 ուղևորներից 5-ը մահացան, մյուսները ստացան ծանր վնասվածքներ: Մահացածներից երեքը տեղացի և երկուսը Իրանի քաղաքացիներ էին: Այդ վթարից հետո ճոպանուղին դադարեց աշխատանքն ու այլևս չշահագործվեց:

Ըստ Երևանի քաղաքապետարանի, 2007 թ. գնահատվել է ճոպանուղու կայանների տեխնիկական վիճակը: Գնահատումը ցույց է տվել, որ այդ շինությունների վերակառուցումը ֆինանսական առումով արդարացված չէ: Ավելի նպատակահարմար է համարվել ճոպանուղու կառամատույցների ապամոնտաժումը և նորի կառուցումը: Ներկայիս կառույցի հետագա շահագործումը համարվել է անհնար։
Եվ, չնայած ճոպանուղու հնարավոր վերակառուցման վերաբերյալ տարիներով խոսակցություններ են պտտվում, այն ոչ ապամոնտաժվում է, ոչ էլ՝ վերակառուցվում:

Վերջերս ճոպանուղու կառուցման վերաբերյալ հետազոտական աշխատանքները ներառվել են Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի զարգացման ծրագրում: «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն քաղաքապետարանին ներկայացրել է նոր ճոպանուղու ներդրումային ծրագրի առաջարկ: Այդ ծրագրում ընդգրկված չի 50 տարի առաջ բացված Հերացի - Նորք-Մարաշ հին երթուղին: Այն ընդգրկում է ճոպանուղու կայանների և հնարավոր երթուղիների հինգ հավանական տարբերակ:


Ծրագրի նպատակն է քաղաքի կենտրոնը միացնել այլ համայնքների՝ Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Արաբկիր կամ Աջափնյակ վարչական շրջանների հետ:

Նախնական գնահատմամբ շուրջ 20,000,000 ԱՄՆ դոլար (ավելի քան 9.6 մլրդ. դրամ ) արժողությամբ այս ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողի հետ: Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության տեղեկության համաձայն, սակայն, ներդրում կատարելու առաջարկություն մինչև հիմա դեռ չի եղել:
«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանի խոսքով, Երևանի ռելիեֆի պատճառով մայրաքաղաքում տրանսպորտային խնդիրներ են առաջանում հատկապես այն հատվածներում, որոնք բարձր դիրքի պատճառով մեկուսացված են և ապահովված չեն մի քանի ճանապարհներով: Ամենայն հավանականությամբ, այդ խնդիրները հնարավոր է լուծել այս ծրագրի օգնությամբ:

Բացի այդ, իբրև տրանսպորտային վերգետնյա միջոց, ճոպանուղին կարող է գրավիչ փոխադրամիջոց դառնալ Երևանը վերևից՝ թռչնի թռիչքի բարձրությունից տեսնել ցանկացող զբոսաշրջիկների համար:

«Այս պահին համագործակցում ենք Լիոնի քաղաքապետարանի և քաղաքաշինական գործակալության հետ՝ ծրագիրն ավելի ռեալ դարձնելու, այն հարստացնելու և հնարավոր ներդրողներ գտնելու ուղղությամբ։
Սկսել ենք նաև աշխատանքներ տանել և նախնական ուսումնասիրություն իրականացնել ֆրանսիական MDP Urban Concept ընկերության հետ համատեղ, որը մեզ օգնում է խորհուրդներով և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմամբ։ Մեր ծրագրի հիմնական գաղափարը նոր ճոպանուղին հիմնականում որպես տրանսպորտային միջոց շահագործումն է, որը կանցնի ամբողջ Երևանի վրայով»:

Սիրեկան Օհանյան
«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն
Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ այս մոտեցումներն, այնուամենայնիվ, դեռևս ծրագրային բնույթ են կրում: Իսկ նոր ճոպանուղու ստեղծման ծրագրում նշված տեխնիկական և ֆինանսական ցուցանիշները նախնական են, քանի որ հաշվարկված են այլ քաղաքներում իրականացված աշխատանքների օրինակով: Դրանք կարող են հստակեցվել միայն աշխատանքային նախագծի մշակումից հետո:
~
Վրացական փորձ
հավելյալ տեղեկություն
Թբիլիսիի երկու ճոպանուղիները

Ռիկե զբոսայգի -Նարիղալա ամրոց
Երկարությունը
Քաղաքի պատմական կենտրոնում տեղակայված ճոպանուղին բացվել է 2012 թվականին, ունի 500 մ երկարություն և 7 ապակեպատ խցիկներ: Միմյանց է կապում Ռիկե զբոսայգին և Նարիղալա ամրոցը:
Թողունակությունը
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տվյալների համաձայն, այս ճոպանուղին օրական սպասարկում է միջինը 2500 ուղևորի: Ռիկե-Նարիղալան գտնվում է մայրաքաղաքի պատմական Հին Քաղաքում և առավելապես սպասարկում է քաղաքի հյուրերին:
Ներդրումներ
Ճոպանուղու կառուցման արժեքը՝ մոտ 4,5 մլն եվրո: Մեկ ուղղությամբ երթևեկության արժեքը կազմում է 1 լարի (շուրջ 200 դրամ): Տեղացիների համար գործում են զեղչված սակագներ (ուսանողներ, դպրոցականներ, թոշակառուներ,հաշմանդամներ):

Ճավճավաձե պողոտա - Կուս Տբա Լիճ
photo: http://tbilisi.gov.ge
photo: http://tbilisi.gov.ge
Երկարությունը
1,140 մ երկարությամբ ճոպանուղին կառուցվել է դեռևս Խորհրդային միության տարիներին և գործել մինչև 2009 թվականը, երբ վերանորոգման նպատակով դադարեցվել է շահագործումը: Այն վերաբացվեց 2016 թվականի աշնանը:
Թողունակությունը
Ճոպանուղին սպասարկում է 12 անձի համար նախատեսված երկու խցիկներով: Ուղևորության տևողությունը՝ 5-6 րոպե:
Ներդրումներ
Ճոպանուղու վերակառուցման արժեքը կազմեց 1 100 000 GEL (456.6 հազար ԱՄՆ դոլար): Գումարը հատկացվել է քաղաքապետարնի կողմից: Մեկ ուղղությամբ երթևեկության արժեքը կազմում է 1 լարի (շուրջ 200 դրամ):