Դիլիջանի հողօգտագործման նկարագիրը և հանրային տարածքների զարգացումը
Գայանե Միրզոյան
Լրագրող
Դիլիջանը 2016 թվականից հանդիսանում է խոշորացված համայնք և ընդգրկում է նաև Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք և Խաչարձան գյուղական բնակավայրերը: Մեր հետազոտությունում մենք հիմնականում դիտարկում ենք միայն Դիլիջան բնակավայրը:
Քաղաք Դիլիջանի ընդհանուր օգտագործման տարածքները կազմում են քաղաքային բնակավայրի ընդհանուր մակերեսի մոտ 13%-ը, որից միայն 1.42 % է կանաչապատ: Դիլիջան քաղաքի համայնքապատկան բնակավայրի նշանակության հողատարածքների կեսից ավելին (55%) տրված է վարձակալության, իսկ 44 %-ը տարբեր պատճառներով մատնված է պարապուրդի:
Դիլիջանի այսօրվա վարչական կենտրոնի տարածքը 1900s սկզբին, երբ դեռ կանգուն էր Հայ առաքելական եկեղեցին։
Մեր հարցմանն ի պատասխան Դիլիջանի համայնքապետարանը տրամադրել է տեղեկություն վարձակալված հանրային տարածքների վերաբերյալ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 9.1 հեկտար: Նշենք, որ Դիլիջան քաղաքի համայնքապատկան բնակավայրի նշանակության ընդհանուր վարձակալության հանձնված տարածքները կազմում են 15,2 հեկտար:

Ցուցակում նշված բոլոր տարածքները վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրված են IDeA հիմնադրամի մաս կազմող տարբեր կազմակերպություններին:
Վարձակալության և կառուցապատման իրավունքով տրված հանրային տարածքներն ըստ Դիլիջանի համայնքապետարանի տրամադրած տվյալների:
Այսպիսով, IDeA հիմնադրամի մաս հանդիսացող «ԴԻՍ Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին է պատկանում
  • Դիլիջանի Մ.Գորկու 17/1 հասցեում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող «Քաղաքային լիճ» օբյեկտի և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը, մասնավորապես՝

    ա. 1.6185 հեկտար չափով հատուկ պահպանվող հողեր նպատակային նշանակություն ունեցող հողամասը (քաղաքային լիճ),

    բ. 337.1 քառ. մետր չափով հասարակական նշանակություն ունեցող սննդի օբյեկտը

    Համաձայն 2013 թ. հոկտեմբերի 30-ի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի օտարման պայմանագրի՝ Դիս Փրոփերթիս բարեգործական հիմնադրամը կառուցապատման իրավունքը ձեռք է բերել 42,857,500 դրամով:
  • Դիլիջանի Մ.Գորկու N 15 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող 10,000 քառ. մետր հողամասը և 11,088.58 քառ. մետր մակերեսով շինությունը 2014 թ. փետրվարի 27-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել 375,715,000 դրամով
  • Դիլիջանի Մ.Գորկու N 17/9 հասցեում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող 944 քառ. մետր մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը, որը 2014 թվականի հոկտեմբերի 27-ին կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել 13,573,547 դրամով:
  • Դիլիջանի Մ.Գորկու N 15/2 հասցեում գտնվող համայնքային սեփականության իրավունքով պատկանող 10,000 քառ. մետր հողամասի վարձակալության իրավունքը, որը համաձայն 2014 թ. փետրվարի 27-ին կնքված անշարժ գույքի վարձակալության իրավունքի զիջման պայմանագրի ձեռք է բերվել 66,000 դրամով:
  • Դիլիջանի Մ.Գորկու N 21 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող 2,500 քառ. մետր հողամասը, որը համաձայն 2014 թ. փետրվարի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի ձեռք է բերվել 4,785,000 դրամով:
  • Իր հերթին, «ԴԻՍ Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամը անշարժ գույքի մի մասը նվիրաբերել է է «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամին՝ քաղաքային լճի և հարակից տարածքի (ներառյալ քաղաքային զբոսայգու մի հատվածի) բարեկարգման համար, որը նույնպես անմիջական կապ ունի IDeA հիմնադրամի հետ:

    Դիլիջանի Մ.Գորկու N 15/3 հասցեում գտնվող անհատույց օգտագործման իրավունքով Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամին պատկանող 5000 քառ. մ հողամաս։
  • Դիլիջանի Մ.Գորկու N 17 հասցեում գտնվող 1,793 քառ. մետր հողամասը և 143.4 քառ. մետր մակերեսով շինությունը, որը 2014 թ. նոյեմբերի 6-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել 62,525,000 դրամով:

    Հողամասում՝

    ա. 918 քառ. մետր մակերեսը (ներառյալ 383 քառ. մետր մակերես կապիտալ կառուցապատման արգելքի սահմանափակումով) հանդիսանում է սեփականություն,

    բ. 875 քառ. մետր մակերեսը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունք:
Ներդրումները և հանրային տարածքների զարգացումը Դիլիջանում
Դիլիջանը Հայաստանի ամենաարագ զարգացող համայնքներից մեկն է: Դրանում, իհարկե մեծ դեր ունեն ներդրումային ծրագրերը, որոնք հիմնականում վերաբերվում են զբոսաշրջության և սպասարկման ոլորտի և կրթության բնագավառներին:

Հիմնական ներդրողներից մեկը` IDeA հիմնադրամը, իր DIS Properties Foundation կազմակերպության միջոցով արդեն ներդրել է $15 մլն և պարտավորվել է ներդնել ևս 50 մլն դոլար Դիլիջանում քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների որակի բարելավմանը ուղղված ծրագրերի համար:

Ինչպես նշվում է IDeA հիմնադրամի մաս հանդիսացող «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի» (TUF) կայքէջում, նպատակ է դրվում վերակառուցման համար ներդրումը դրամահավաքի միջոցով հասցնել $200 միլիոնի: TUF հիմնադրամն աջակցության առաջարկով արդեն դիմել է մի շարք կառույցների (որոնց թվում են Ասիական զարգացման բանկը, ԵՄ և EBRD), որոնք դիտարկել են 50 միլիոն դոլարի ներդրումներ Դիլիջանի տրանսպորտային համակարգում, կոմունալ ծառայություններում և զբոսաշրջության զարգացման համար։

Բիզնեսի և քաղաքի համագործակցության մոդելները տարբեր են, և, անշուշտ, ամեն քաղաքի համար պետք է ձևավորվի համապատասխան ձևաչափ:
Աշխարհում նման հաջողված համագործակցությունը հիմնականում զարգանում է հետևյալ տարբերակներով.


  • Հորիզոնական կառավարման մոդել
  • Քաղաքի իշխանությունների կողմից կառավարման մոդել
  • Բիզնես-համայնքի կողմից ղեկավարվող մոդել
  • Ոչ ֆորմալ (անուղղակի) համագործակցություն բիզնեսի և քաղաքային իշխանությունների միջև, որում հարաբերությունները կառուցվում են փոխվստահության և թափանցիկության վրա:
Ուրբանիստայի թիմը 2019 թվականին ուսումնասիրել և մանրամասն ներկայացրել է Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքի օրինակը, որտեղ քաղաքի զարգացումն ընթանում է տեղական իշխանություն – ներդրողներ – բնակչություն սերտ համագործակցության շնորհիվ:

Ինչպես և Դիլիջանում, այստեղ մեծ դեր է խաղում սոցիալական բիզնեսը: Օրինակ՝ սրճարանը, որի հասույթի 80%-ը բաշխվում է քաղաքում տարբեր նախագծերի իրականացման համար՝ դրամաշնորհների ձևաչափով: Կամ՝ հատկացվում է վերաիմաստավորվող արդյունաբերական տարածքներին, որտեղ տեղի բնակիչները կարող են տարածքներ վարձակալել զեղչով: Կամ՝ նպաստում են քաղաքաշինական լաբորատորիայի ստեղծմանը, որն աջակցում է քաղաքապետարանին բարեկարգել տարածքը ժամանակակից մոտեցումներին համապատասխան:

Բոլոր նախագծերում բնակիչների ներգրավվածությանը տրվում է մեծ դեր: Կիրառվում են մասնակցային նախագծման մոտեցումները, պարբերաբար կազմակերպվում են այցելություններ վերաիմաստավորված արդյունաբերական տարածքներ (Պրոմպրիլադ), յուրաքանչյուրը կարող է մասնակցել իր նախաձեռությամբ ու գաղափարով և ստանալ ֆինանսավորում (Urban Cafe 100): Ըստ էության, պարզապես բոլոր տարածքները հասանելի են բնակչության համար: Օրինակ, Urban Cafe 100 տարածքը հնարավոր է օգտագործել քննարկումներ կազմակերպելու համար, կամ ուղղակի նստել և աշխատել անվճար՝ առանց որևէ բան պատվիրելու:

Դիլիջանի կառավարման մոդելի վերաբերյալ հետազոտության և հարցազրույցների ընթացքում հանրային տարածքների պահպանման և զարգացման առումով հետևյալ դրական օրինակներն են ի հայտ եկել:
~
Նախագիծը պատրաստվել է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարությաան աջակցությամբ։