Քաղաքային պլանավորման խնդիրները Դիլիջանում. հետխորհրդային փոխակերպումներ (սոցիոլոգիական հետազոտություն)
Լուսանկարը`
Հեղինակ`

Շուշանիկ Հարությունյան
Սոցիոլոգ, ուրբան հետազոտող:

2022
Սոցիոլոգիական հետազոտություն
@Shushanik1997
…ուզում էի մի բան ասել, բայց կարող ա պարադոքսալ թվալ: Ինձ թվում է, որ Դիլիջանը ոչ դիլիջանցիների համար ա… ինձ տենց ա թվում, որովհետև դիլիջանցիները բոլորը իրենց տներում փակված են: Դրսի մարդիկ մեր հյուրանոցներում են, մեր կաֆեներում են, մեր աշխատավայրերում են, կյանքը եռում ա, ամեն ինչ շատ ուրախ ա, ամեն ինչ շատ լավ… բայց մենք չենք համարում, որ մերն ա, փակվել ենք մեր տներում: Քաղաքը ուղղակի հարմարվում ա եղածի հետ։
Դիլիջան քաղաքի բնակի
Հետխորհրդային քաղաքներում տարածական պլանավորման և կառավարման խնդիրները ամենաշատ քննարկվող հարցերից են: Այդուհանդերձ, սոցիալական տարբեր խմբերի ներգրավվածությունը տարածական պլանավորման որոշումների կայացման գործընթացում մնում է քիչ ուսումնասիրված հայաստանյան իրականությունում: Այս հետազոտությունը որակական մեթոդներով իրականացված ուսումնասիրություն է, որը Դիլիջան քաղաքի օրինակով նկարագրում է քաղաքային պլանավորման որոշումների կայացման գործընթացում առկա խնդիրները և այն, թե ինչպես են որոշում կայացնողները, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքի բնակիչները ներգրավված այդ գործընթացում: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ առկա խնդիրներն ինստիտուցիոնալ են, տնտեսական, գաղափարական և արտահայտում են հետխորհրդային քաղաքային պլանավորման պրակտիկաների և անցումային քաղաքականության սահմանափակումները: Այս ուսումնասիրությունը նախատեսված է որոշում կայացնողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքային պլանավորմամբ հետաքրքրվողների համար:
Բանալի բառեր: տարածական պլանավորում, քաղաքային կառավարում, հետխորհրդային փոխակերպումներ
Ներածություն
Դիլիջանը քաղաքի կարգավիճակ է ստացել Խորհրդային Միության տարիներին և եղել է իր ժամանակի արդյունաբերական և կրթամշակութային կարևոր կենտրոն: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքային կյանքը հետընթաց է ապրում, փակվում են գործարանները, հանրային նշանակություն ունեցող շատ քաղաքային ենթակառուցվածքներ սեփականաշնորհվում կամ երկարաժամկետ շահագործման են հանձնվում անհատների կամ բիզնեսի ներկայացուցիչների: Դիլիջանի՝ զբոսաշրջային քաղաք լինելը նպաստում է սեփականաշորհման գործընթացների խթանմանը: Թեև անկախության տարիներին քաղաքը հռչակվում է ֆինանսական և զբոսաշրջային կենտրոն, այստեղ են տեղափոխվում Կենտրոնական բանկը, բիզնես ներդրումներ են արվում, սակայն քաղաքն ամբողջովին չի կարողանում հաղթահարել ապաարդյունաբերականացման հետևանքները:

Ավելին, կիսելով հետխորհրդային քաղաքների փորձը՝ ներդրողների հետաքրքրությունների կենտրոնում հաճախ հայտնվում են հանրային նշանակության քաղաքային ենթակառուցվածքները, որոնք սկսում են շահագործվել ըստ մասնավոր հատվածի կարիքների: Հասարակական տարբեր խմբեր հաճախ անհանգստություն են արտահայտում հանրային տարածքների կառավարման խնդիրների շուրջ, սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները սովորաբար նշում են, որ այդ տարածքների կառավարումը չի գտնվում իրենց իրավասության ներքո: Ուստի, հետազոտության նպատակն է Դիլիջան քաղաքի օրինակով նկարագրել և հասկանալ որոշումների կայացման գործընթացում առկա խնդիրները և բնութագրել, թե ինչպե՞ս են հասարակության տարբեր խմբերն ընդգրկված քաղաքի կառավարման գործընթացում:
Հետազոտության
մեթոդաբանությունը
Դիլիջանում քաղաքային պլանավորման խնդիրները հասկանալու համար իրականացվել է որակական հետազոտություն:

  • Ֆոկուս խմբերի քննարկումներ - Իրականացվել է չորս ֆոկուս խմբերի քննարկում, որից առաջինը՝ Դիլիջան քաղաքի բնակիչների հետ, երկրորդը՝ Դիլիջան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի բնակիչների հետ: Երրորդ ֆոկուս խմբի քննարկմանը մասնակցում էին բնակիչներ թե՛ Դիլիջան քաղաքից, թե՛ գյուղական բնակավայրերից: Չորրորդ քննարկումն անցկացվել է Դիլիջան քաղաքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
  • Առանցքային տեղեկատուների հետ հարցազրույց - Հարցազրույցներ են իրականացվել երկու ՏԻՄ ներկայացուցչի, «Դիլիջան քաղաքի զարգացման և ներդրումների խրախուսման» խորհրդի և բիզնեսի երկուական ներկայացուցիչների հետ:
1
Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականին ընդունված օրենքի՝ Դիլիջանը համարվում է խոշորացված համայնք: Ուստի, գյուղական բնակավայրերի բնակիչները ևս հանդիսանում են քաղաքային տարածությունն օգտագործողներ:
2
Տե՛ս ՀՀ Ազգային Ժողով (2015); ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին օրենք; https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102908
Հետազոտության դաշտային աշխատանքներն իրականացվել են 2021-ի դեկտեմբեր և 2022-ի հունվար ամիսներին: Կիրառվել է նպատակային ընտրանք: Ֆոկուսխմբային քննարկումները, ինչպես նաև առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցների մի մասն իրականացվել է դեմ առ դեմ, իսկ «Դիլիջան քաղաքի զարգացման և ներդրումների խրախուսման» խորհրդի և ներդրողների ներկայացուցիչների հետ հարցազրույցներն իրականացվել են առցանց: Դաշտային աշխատանքների ավարտից հետո հավաքագրված տվյալները սղագրվել են և ենթարկվել թեմատիկ վերլուծության:
3
Palys, T. (2008). Purposive sampling. In L. M. Given (Ed.) The Sage Encyclopedia of Qualitative Research Methods. (Vol.2). Sage: Los Angeles, pp. 697-8.
4
Braun, V., & Clarke, V. (2012). Thematic analysis. In H. Cooper, P. M. Camic, D. L. Long, A. T. Panter, D. Rindskopf, & K. J. Sher (Eds.), APA handbook of research methods in psychology, Vol. 2. Research designs: Quantitative, qualitative, neuropsychological, and biological (pp. 57–71). American Psychological Association. https://doi.org/10.1037/13620-004.
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Տեղական ինքնակառավարման մարմիններում առկա խնդիրներ. օրենսդրական կարգավորումներ և կարողություններ
Խորհրդային Միության փլուզումից հետո պետության ռեսուրսները փոխանցվեցին անհատների: Արդյունքում, պետական ինստիտուտների դերը նվազեց, և ավելացավ մասնավոր հատվածի ազդեցությունը: Ճգնաժամային անցման պայմաններում քաղաքաշինական նորմերի փոփոխությունը առաջնահերթություն չի համարվել: Ուստի, անկախացած Հայաստանը ժառանգում է Խորհրդային Միության քաղաքաշինական օրենքները:

Նոր իրականության պայմաններում հետխորհրդային քաղաքները բախվում են տարբեր խնդիրների, հետևաբար հին օրենսդրական կարգավորումները ստեղծում են անորոշություններ որոշումների կայացման գործընթացում: Այսպիսով, սոցիալական ինստիտուտների թույլ կարողությունների պայմաններում որոշումների կայացման գործընթացում մեծ դեր են ստանում այդ գործընթացում ընդգրկված մարդկանց անձնային և մասնագիտական որակները, ինչը նաև առաջացնում է շահերի բախման ռիսկեր:
5
Braun, V., & Clarke, V. (2012). Thematic analysis. In H. Cooper, P. M. Camic, D. L. Long, A. T. Panter, D. Rindskopf, & K. J. Sher (Eds.), APA handbook of research methods in psychology, Vol. 2. Research designs: Quantitative, qualitative, neuropsychological, and biological (pp. 57–71). American Psychological Association. https://doi.org/10.1037/13620-004.
6
Hirt, S. & Stanilov, K. (2009). Twenty years of transition: The evolution of urban planning in Eastern Europe and the former Soviet Union, 1989-2009. Nairobi: United Nations Human Settlements Programme.
Մյուս կողմից, հետխորհրդային տարածությունում ապակենտրոնացման գործընթացների արդյունքում որոշումների կայացման իրավունքը հանձնվեց տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք, սակայն, հաճախ չունեն քաղաքի զարգացման տեսլական, տնտեսական և մարդկային կարողություններ:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ որոշում կայացնողների պատկերացումներում քաղաքային կառավարումը և քաղաքաշինական որոշումների կայացումը սահմանափակվում է օրենքներին համապատասխան ծառայություններ մատուցելով: Թույլ են արտահայտված այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են մարդկային կապիտալի զարգացումը կամ բնական, պատմամշակութային միջավայրների պահպանությունը: Որոշումների կայացման գործընթացում առաջնային է համարվում տնտեսական նպատակահարմարությունը:
7
Frost, I. (2018). Exploring varieties of (post)Soviet urbanization: reconciling the general and particular in post-socialist urban studies. Europa Regional, 25.2017(2), 2-14. https://nbn-resolving.org/urn:nbn:de:0168-ssoar-59047-7.
Տնտեսական ռեսուրսների սակավությունից բացի՝ Դիլիջան համայնքը բախվում է մարդկային ռեսուրսներին առնչվող խնդիրների, քանի որ ցածր աշխատավարձերի պայմաններում որակավորված կադրերը մոտիվացված չեն աշխատանքի անցնել ՏԻՄ-ում: Օրինակ՝ Դիլիջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում չեն աշխատում քաղաքաշինարարներ, ճարտարապետներ կամ ոլորտին առնչվող այլ մասնագետներ, ինչը նվազեցնում է մասնագիտական որակյալ որոշումներ կայացնելու հնարավորությունները:

Համայնքի կարողությունները զարգացնելու և մասնակցությունը խթանելու նպատակով 2015 թվականին ստեղծվում է «Քաղաքաշինության և ներդրումների խրախուսման խորհուրդ», որը համայնքապետին կից խորհրդատվական մարմին է: Այն բաղկացած է ինը անդամից, որից մեկը ավագանու անդամ է, երկուսը՝ Դիլիջան համայնքի բնակիչներ, իսկ հինգը՝ ներդրողների ներկայացուցիչներ: Սակայն այս խորհրդի ընդամենը երկու ներկայացուցիչ ունի ոլորտին առնչվող մասնագիտական կրթություն:
8
Տե՛ս ՀՀ Ազգային Ժողով (2015); ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին օրենք; https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102908:
Քաղաքաշինության և ներդրումների խրախուսման խորհրդի ստեղծման օրվանից խորհրդի կազմում քիչ փոփոխություններ են եղել, ինչը հնարավորություն չի տալիս քաղաքում ներդրումներ իրականացրած տարբեր կողմերին մասնակցել որոշումների կայացման գործընթացին: Ավելին, ներդրողների ներկայությունը որոշումների կայացման գործընթացում ստեղծում է շահերի բախման ռիսկեր: ՏԻՄ-երի թույլ կարողությունների պայմաններում բիզնեսի ներկայացուցիչների կազմի անփոփոխ ներկայացվածությունը խորհրդատվական բնույթից կարող է վերածվել բիզնեսի շահերի օգտին ջատագովության: Սակայն, ՏԻՄ-երում մասնագիտական կարողությունների ոչ բավարար լինելը նաև ստեղծում է ռիսկեր բիզնես միջավայրի զարգացման, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեության և Դիլիջան համայնքի բնակիչների մասնակցության համար՝ որոշումների կայացման գործընթացում:
Բիզնեսի ազդեցությունը. սեփականաշնորհում, ոչ ֆորմալ քաղաքաշինական պրակտիկաներ, քաղաքային անհավասարություններ
Խորհրդային Միության փլուզումից երեսուն տարի անց Դիլիջան քաղաքին հաջողվել է անցում կատարել շուկայական տնտեսության և ձեռք բերել տնտեսական որոշակի կայունություն՝ համեմատած անկախության առաջին տարիների հետ: Սա նաև սեփականաշնորհման գործընթացների և քաղաքում ներդրումների խրախուսման արդյունքում է:

Ավելին, բացի տնտեսական կայունություն հաստատելը բիզնեսի մուտքը նպաստել է քաղաքում մարդկային կապիտալի զարգացմանը և սոցիալական փոխհարաբերությունների արդիականացմանը: Բիզնեսի բարերար ազդեցությունը հատկապես նկատելի է կանանց տնտեսական ներառման, գենդերային հավասարության, բազմազանության ընկալման ոլորտներում:
Սակայն ոչ հստակ օրենքների պատճառով սեփականաշնորհման գործընթացները նաև հանգեցրել են ոչ ֆորմալ քաղաքաշինական պրակտիկաների ձևավորման` գոյություն ունեցող կառույցների չթույլատրված ադապտացիաներ, եղած շինարարական օրենքներից շեղումներ, չթույլատրված շինարարություններ: Այս գործընթացներն իրենց ազդեցությունն են թողել նաև հանրային տարածքների վրա:

Որոշ դեպքերում հանրային նշանակության կառույցները սեփականաշնորհվել են անհատների, քաղաքական վերնախավի ու բիզնեսի ներկայացուցիչների կողմից, որոշ դեպքերում՝ երկար ժամանակով հանձնվել են վարձակալության՝ կառուցապատման իրավունքով: Այս շինություններից շատերը կորցրել են իրենց հանրային նշանակությունը՝ վերածվելով կոմերցիոն տարածքների կամ (չ)շահագործվելով ըստ սեփականատերերի ցանկությունների
Քաղաքային զարգացման տեսլականի բացակայության, քաղաքային կառավարումը ծառայություններ մատուցելու և տնտեսական աճ ապահովելու դիրքից գնահատելու պայմաններում, ներդրումների չվերահսկվող խրախուսումը նաև ստեղծում է քաղաքային անհավասարությունների ձևավորման ռիսկեր: Մի կողմից, բիզնեսի ներկայացուցիչները հաճախ հետաքրքրված են որակյալ մարդկային ռեսուրսներ ներգրավելու, որոնք սովորաբար տեղի բնակիչներ չեն:

Մյուս կողմից, թեև քաղաքի նոր բնակիչներն իրենց հետ բերում են մշակութային ու սոցիալական կապիտալ և նպաստում քաղաքային զարգացմանը, սակայն այս մարդկանց համար հաճախ կառուցվում են առանձին քաղաքային ենթակառուցվածքներ՝ առանձին բնակելի թաղամաս, մանկապարտեզ և այլն, որոնք տնտեսապես հասանելի չեն տեղի բնակիչներին:

Ուստի, թե՛ քաղաքային ենթակառուցվածքների, թե՛ սոցիալական պրակտիկաների տարբերակվածությունը կարող են խորացնել սոցիալական անհավասարությունները:
Քաղաքացիական հասարակության և բնակիչների ներգրավվածությունը. մասնակցություն և քաղաքացիական մշակույթ
Խորհրդային Միության տարիներին քաղաքաշինական որոշումները կայացվում էին քաղաքական վերնախավի կողմից, և մասնակցային քաղաքային պլանավորումը տարածված պրակտիկա չէր: Մի կողմից, դա պայմանավորված էր այն բանով, որ քաղաքաշինական կրթությունը ենթադրում էր տեխնիկական մասնագիտացում, և քաղաքաշինական կրթություն ապահովող հաստատություններում քիչ էին սոցիալական գիտություններին առնչվող առարկաներ: Մյուս կողմից, ավտորիտար քաղաքական համակարգում քաղաքացիական մասնակցությունը կա՛մ ընդհանրապես բացակայում էր, կա՛մ պահպանվում էր ընթացակարգերի մակարդակում:

Խորհրդային Միության փլուզումից գրեթե երեք տասնամյակ անց քաղաքաշինական որոշումների կայացման գործընթացը քիչ փոփոխությունների է ենթարկվել: Թեպետ որոշումների կայացման գործընթացում պահպանվում են ժողովրդավարական ընթացակարգերը, սակայն արդյունքների տեսանկյունից ցածր է բնակիչների, քաղաքացիական հասարակության ազդեցությունը: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բնակիչները մեծամասամբ տեղյակ են որոշումների կայացման գործընթացից, սակայն սահմանափակ են այդ որոշումների վրա ազդելու նրանց հնարավորությունները:
Քաղաքացիական մասնակցության համար անհրաժեշտ է նաև քաղաքացիական հասարակություն: Թեև Դիլիջան քաղաքում կան գործող հասարակական կազմակերպություններ, սակայն ցածր է այդ կազմակերպությունների միջև համագործակցության մակարդակը: Մյուս կողմից, քաղաքացիական հասարակության գործունեության համար խոչընդոտ է հանդիսանում քաղաքացիական մշակույթը:

Դիլիջան քաղաքում հանրային շահերի շուրջ համախմբումը տեղի է ունենում սոցիալական մոբիլիզացիայի, ոչ թե՝ քաղաքացիական մասնակցության միջոցով, ինչը ենթադրում է շահագրգռող խթանիչների կիրառում կամ ուրիշ նշանակալի ընդգրկվածություն:

Բնակչության սոցիալական կապիտալի առանձնահատկություններից կախված՝ որոշումների կայացման գործընթացում գերակայում են համերաշխության, կայունության, համայնքի բնակիչներին, հարևաններին «չնեղացնելու» արժեքները, հավատալիքները։ Մինչդեռ մասնակցային մշակույթի ձևավորման համար անհրաժեշտ է կարևորել մրցակցության, սոցիալական փոփոխության արժեքները: Ընդ որում, այս համատեքստում բնակիչների՝ հանրային որոշումներին չմասնակցելը պայմանավորված է ոչ թե եղած խնդիրների նկատմամբ ապահետաքրքրվածությամբ, այլ՝ համայնքային սոցիալական կապերը պահպանելուն առաջնահերթություն տալով:

Եզրակացություն և առաջարկներ
Դիլիջան քաղաքում առկա քաղաքային պլանավորման խնդիրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոլորտի խնդիրներն ինստիտուցիոնալ են, տնտեսական, գաղափարական և արտահայտում են հետխորհրդային քաղաքային պլանավորման պրակտիկաների և անցումային քաղաքականության սահմանափակումները:

Օրենսդրական մակարդակում խնդրին առնչվող կողմերը բախվում են դեպքերի, որոնք կա՛մ օրենքով չեն կարգավորվում, կա՛մ գործում են խորհրդային նորմերը, որոնք անհամապատասխան են ներկայիս իրականության հետ: Ուստի, անհրաժեշտություն է առաջանում իրականացնել օրենսդրական փոփոխություններ, պարզեցնել օրենքները, հստակեցնել որոշումների կայացման գործընթացում ընդգրկված տարբեր կողմերի պարտականությունները և իրավունքները:

Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում առկա են մասնագիտական կրթություն ունեցող կադրերի սահմանափակումներ: Ուստի, ՏԻՄ-երում կադրերի կարողությունների զարգացման անհրաժեշտություն է առաջանում: Հարկավոր է նաև օրենքով ամրագրել, որ ՏԻՄ-երի քաղաքաշինական բաժիններում աշխատակիցների թվում պետք է լինեն ճարտարապետներ, քաղաքաշինարարներ, քաղաքային կառավարման կամ ոլորտին առնչվող այլ մասնագետներ:

Քաղաքային զարգացման տեսլականի մակարդակում առկա է տնտեսական աճի ագրեսիվ խրախուսման քաղաքականություն, ինչը, սակայն, մեծացնում է բիզնեսի չկարգավորված ազդեցությունը և խորացնում ոչ ֆորմալ քաղաքաշինական պրակտիկաները, քաղաքային անհավասարությունների խնդիրները: Հետևաբար, քաղաքաշինական որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պատմական և բնական միջավայրի պահպանմանը, մարդկային կապիտալի հավասարաչափ զարգացմանը, հանրային տարածքների պահպանությանը, հանրային մասնակցությանը:
Ավելին, անհատներին կամ բիզնեսի ներկայացուցիչներին կառուցապատման իրավունքով հանձնված տարածքներում անհրաժեշտ է իրականացնել մշտադիտարկում՝ պարզելու, թե որքանով են պահպանվում պայմանագրային պարտավորությունները:

Քաղաքացիական մասնակցության մակարդակում առկա խնդիրները պայմանավորված են բնակչության սոցիալական կապիտալի առանձնահատկություններով և քաղաքացիական հասարակության մասնակցության սահմանափակումներով: Այսինքն, քաղաքացիական հասարակության և բնակիչների մասնակցության խրախուսման անհրաժեշտությունը կա: Հանրային մասնակցությունը խրախուսելու համար կարելի է իրականացնել հանրային կարծիքի ուսումնասիրություններ, հանրային քննարկումներ, խրախուսել և հանրայնացնել մասնակցության դրական ազդեցության օրինակներ:

Սակայն մասնակցությունը և ազդեցությունը տարբեր հասկացություններ են: Ուստի, բնակիչների ազդեցությունը մեծացնելու համար անհրաժեշտ է հզորացնել քաղաքացիական հասարակական կազմակերպությունները, խրախուսել տեղական հասարակական կազմակերպությունների համատեղ ծրագրերը, ինչը կնպաստի քաղաքացիական կազմակերպությունների համերաշխության ձևավորմանը և որոշումների կայացման գործընթացում հանրային ազդեցության մեծացմանը: