2016-2021 թթ. հնգամյա պլանի
համաձայն համայնքը նախատեսում էր Դիլիջանի առողջարանային համբավին համապատասխան պատշաճ տեսք ապահովելու համար կենտրոնական Գետափնյա փողոցում, հետո նաև առանձին թաղամասերում կանաչ գոտիներ ու ծառուղիներ ստեղծել: Սակայն այս պահին քաղաքի միակ կանաչ հանրային գոտին դեռևս Դիլիջանի քաղաքային զբոսայգին է, որտեղ էլ հիմնականում կենտրոնանում է զբոսաշրջիկների հոսքը։
Դիլիջանի կենտրոնից հեռու գտնվող Անդրանիկի, Ջրհողեր և այլ թաղամասերում, որտեղ ի սկզբանե բացակայում էին հանրային տարածքները, ընթանում է մասնավոր կառուցապատում։ Մասնավոր փակ թաղամասերը հանրային գոտիներ կունենան, որոնք նախատեսված են լինելու միայն բնակիչների համար։ Հետևաբար այն, որ մնացած տարածքները շարունակելու են զրկված լինել հանրային տարածք ունենալու հնարավորությունից, ավելի ակնառու կլինի։ Ինչը նաև տեղի բնակիչների և նորաբնակների միջև փոխհարաբերությունների և խնդիրների պատճառ կարող է դառնալ։
Այսօր, փաստացի, Դիլիջանի քաղաքային տրանսֆորմացիան շարունակվում է: Քաղաքի պատմական կենտրոնից բացի, արդեն 60 տարի դրան միացած Պապանինո, Գոլովինո, Թախտա, Կաղնի Խաչ, Ջրհողեր թաղամասերից բացի, այսօր տարբեր հատվածներում ստեղծվում են նոր թաղամասեր։ Սակայն վերջինները առանձնատներից բաղկացած փակ տարածքներ են և չեն նախատեսում բաց հանրային տարածքների առկայություն։