Ինչպես էին ստեղծվում
Դիլիջան քաղաքի
հանրային տարածքները
Պատմական ակնարկ
Խոշորացվել է 2016-ին
Միավորում է 7 համայնք

Բնակչ.` 26 416
Տարածքը` 6.2525 կմ²
Փոքր Կովկասի լեռնաշղթայի վրա տեղակայված Դիլիջան քաղաքը գտնվում է Աղստև գետի հովքում՝ ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա։ Դիլիջանի հիմնադրման հստակ տարաթիվը հայտնի չէ, սակայն բնակավայրի մասին առաջին գրավոր հիշատակումը կատարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի 1670-ի ուղեգրություններում։
Հայտնի է, որ 1826 թ.- ին Դիլիջանում բնակվում էր 60 ընտանիք։ Ըստ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի փոխ-տնօրեն Արկադի Մելյանի 19-րդ դարիս սկսած այստեղ ակտիվ սկսեցին տեղափոխվել Սևքարից, Արցախից, Պարսկաստանից։ Իսկ 1848-49թթ.-ին պատմական Դիլիջանի հարևանությամբ հիմնադրվեցին մոլոկաների Պապանինո (նախկին Սլոբոդկա) և Գոլովինո գյուղերը, որոնց տների ճարտարապետությունը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ հետագայում Դիլիջան քաղաքի տների կառուցման գործում։
Դիլիջանի այսօրվա վարչական կենտրոնի տարածքը 1900s սկզբին, երբ դեռ կանգուն էր Հայ առաքելական եկեղեցին։
Արդեն 1926թ.-ին քաղաքին տրվեց առողջարանային ավանի կարգավիճակ։ Այդ ժամանակից ի վեր զարգացող բնակավայրի հնարավորությունները մեծացնելու նպատակով բուն Դիլիջանին սկսեցին միացվել հարակից փոքր գյուղերն ու համայնքները, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր ուրույն տեսքն ու պատմությունը։

Արդեն ձևավորված և տեղանքի ռելիեֆին հարմարեցված կառուցապատում ունեցող քաղաքում զբոսայգիներ չկային: Դիլիջանի կանաչ գոտիներում հանգստացողների ու տեղացիների ժամանցի համար գործում էին փայտաշեն ամառային ակումբներ։

«Փայտաշեն ամառային ակումբների վառ օրինակ՝ Մյասնիկյան փողոցին կից առյուծի գլխով աղբյուրի մոտից արահետը տանում էր դեպի «Ռոտոնդա», որտեղ խորհրդային տարիներին ամառային թատրոն էր /համայնքապատկան տարածք/։ Այստեղ տարբեր հանրապետություններից հյուրախաղերով հանդես էին գալիս թատերախմբեր, այդ թվում՝ նաև Վահրամ Փափազյանը, Ազնիվ Հրաչյան և այլոք։ Այն կառուցվել էր մոտ 1930-ականներին, սակայն ժամանակի ընթացքում քաղաքի այլ փայտյա ամառային ակումբների պես քայքայվել է սողանքների պատճառով», - պատմում է ճարտարապետ Նվեր Դանիելյանը։

Խորհրդային շրջանում քաղաքի տարբեր բարձունքներում ստեղծվեցին կանաչ գոտիներով շրջապատված «Լեռնային Հայաստան» առողջարանը (ճարտարապետ Զ. Բախշինյան, 1970-ական թվականներ), Կոմպոզիտորների միության տունը (ճարտարապետ Է․ Ալթունյան), որն այսօր վերածվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի, Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը (ճարտարապետ Հ․ Պողոսյան), այժմ՝ ֆինանսական ուսումնական կենտրոն: Հանգստյան տներն ունեին իրենց հատկացրած տարածքները, հիմնականում կառուցվում էին քաղաքի եռուզեռից հեռու գտնվող բարձունքներում, և դրանց տարածքն անհասանելի էր քաղաքի բնակիչների համար։
Սակայն, մինչ հանգստյան տների կառուցումը, բնակավայրը պետք էր մեծացնել՝ հանրապետական նշանակության առողջարանային ուղղվածությամբ քաղաքի կարգավիճակն ամրագրելու համար։ Արդյունքում, 1958 թվականին պատմական Դիլիջանին միացվեցին մերօրյա դեպի Երևան տանող Մ-8 մայրուղու հարևանությամբ գտնվող նախկին Գոլովինո և Դիլիջանից դեպի Վանաձոր տանող Մ4 մայրուղու հարևանությամբ գտնվող Պապանինո գյուղերը, բարձունքի վրա գտնվող նախկին Պողոսքիլիսա և մոտակա այլ բնակավայրեր։

Դիլիջանի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել էր դեռ 1928թ.-ին՝ նկարիչ Եսկովի կողմից: Այնուհետև 1939 թ.-ին ճարտարապետ Հ. Իսաբեկյանը մշակեց նոր գլխավոր հատակագիծ, որտեղ քաղաքի հատակագծային սահմաններում ներառված էին Շահումյան, Գոլովինո և Պապանինո բնակավայրերը։ Սակայն այդ հատակագիծը չկիրառվեց, քանի որ բնակավայրի և անմիջական հարևանությամբ գտնվող գյուղերի տրանսֆորմացիան արագ էր ընթանում։ Ուստի, իր առաջին գլխավոր հատակագիծը Դիլիջանն ունեցավ 1961թ.-ին, այն նախատեսված էր մինչև 1980թ.։ Արդյունքում, բավականին բարդ ռելիեֆ ունեցող Դիլիջանը ձևավորվեց քաղաքի պատմական հատվածի, որտեղ այսօր գտվում են քաղաքային վարչական շենքերը, և հարակից բնակավայրերի միացումով, որոնք սփռված են Աղստև գետը շրջապատող բարձունքների վրա։
Դիլիջանի առաջին հյուրանոցը, հետագայում վերածված երկրագիտական թանգարան-պատկերասրահի
«Խորհրդային տարիներին ցանկացած բնակավարի առջև պետական պլանի շրջանակում դրվում էր տարածաշրջանի զարգացման խնդիրը: Դրանից ելնելով՝ որոշվում էր, թե տվյալ տարածքում ինչ արտադրական ձեռնարկություն պետք է գործի։ Եվ միայն այդ հաշվարկով էր որոշվում, թե ձեռնարկության մոտակայքում ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, ինչպիսին պետք է լինի բնակելի թաղամասերի ու համապատասխան սպասարկման կառուցների ծավալը, այդ թվում՝ նաև բաց հանրային տարածքները», - պարզաբանում է «Հայնախագիծ» ՓԲԸ-ի արվեստանոցի ղեկավար, Ճարտարապետաշինարարական համալսարանի քաղաքաշինության ամբիոնի դոցենտ Սերգեյ Ամիրաղյանը։ Ըստ նրա Դիլիջանի ռելիեֆից և քաղաքի համար հատկացված սահմանափակ տարածքների առկայությունից դրդված այդ ընթացքներն իրականացվում էին նշված սուղ պայմաններից ելնելով։

Այդ տրամաբանությամբ 1960-ականներից սկսած քաղաքում ստեղծվեցին կաթի, գարեջրի, հանքային ջրերի և այլ գործարաններ, որոնք տեղաբաշխվեցին քաղաքի սահմաններին։ Դրանցից ամենախոշորը «Իմպուլս» գործարանն էր, որն ապահովում էր 3000 աշխատատեղ։ Հետագայում գործարանի հարևանությամբ կառուցվեց Ջրհողեր թաղամասը, որտեղ հիմնականում այգիներ և հողամասեր էին, և 1970-ին՝ Կաղնի Խաչ թաղամասը, որտեղ, ըստ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի փոխտնօրեն Արկադի Մելյանի, ժամանակին ծխախոտի դաշտեր էին։ Դրանց հարևանությամբ ստեղծվեց կաթի գործարանը։
Դիլիջանի ԿԱթի գործարանը։
Լուսանկարը՝ dilijancommunityarchive.org
Դիլիջանի Կարի ֆաբրիկան
Լուսանկարը՝ dilijancommunityarchive.org
Իմպուլս գործարանի Դիլիջանի մասնաճուղ
Լուսանկարը՝ dilijancommunityarchive.org
Նոր թաղամասերը առաջնահերթ պետք է լուծեին գործարանի աշխատակիցների բնակարանային խնդիրը։ Սակայն նույնիսկ այստեղ, որտեղ քաղաքաշինական նորմերին համապատասխան տարածք ստեղծելու հնարավորությունն ավելի էր, քան արդեն դարեր շարունակ կառուցապատված ու պատմություն ունեցող թաղամասերում, չստեղծվեցին հանրային տարածքներ բնակիչների համար։ Ջրհողեր թաղամասի միակ զարդը Շահումյան փողոցի երկայնքով ձգվող եղեվնիների շարքն է։ Սաղարթախիտ ծառերով երիզված այս փողոցը չի ծառայում հանգստի և ժամանցի համար, թեև առկա համայնքապատկան հողատարածքները ունեն ողջ պոտենցիալը տեղի բնակչությանը հանգստի գոտու կարգավիճակով ծառայելու համար։ Որոշ համայնքապատկան հողատարածքներ այժմ բնակիչներին տրամադրված են կառուցապատման իրավունքով։

Քաղաքի այլ թաղամասերի պես այստեղ ևս տեղանքը թեքության վրա է և տարածքը սահմանափակ, ինչի արդյունքում, հավանաբար, հնարավոր չեղավ ստեղծել ինքնաբավ թաղամաս և երեխայի հետ այգում զբոսնելու ցանկության դեպքում բնակիչը պետք է 4կմ անցնի, որպեսզի հասնի քաղաքի միակ զբոսայգին։

Ներկայիս Դիլիջան քաղաքի մակերեսը կազմում է 13 կմ², որից 0.044 կմ² մակերես զբաղեցնում է քաղաքի կենտրոնական զբոսայգին։ Այգին գտնվում է Աղստև գետի ձախ ափին, որի հակառակ կողմում Պապանինո թաղամասն է։ Ըստ Ղազար Ղազարյանի այգու գարածքը մինչև 1970-ականներ ծառայում էր աջափնյա հատվածում մոլոկան ընտանիքների այգիներ։
Դիլիջան, 1960թթ․
«Դիլիջանում և նման բնակավայրերում, որոնք ձևավորվել են գոյություն ունեցող գյուղերի միավորմամբ, արդեն ազատ տարածքներ չկային, որտեղ հնարավոր կլիներ առկա քաղաքաշինական նորմերին համապատասխան ստեղծել հանրային բացօթյա գոտիներ։ Դա կպահանջեր մասնավոր տարածքների իրացում, որը խնդիր կլիներ»,- նշում է ճարտարապետ Սերգեյ Ամիրաղյանը։

Դանիելյանը 2001-2018 թվականներին ղեկավարում էր Դիլիջան քաղաքի, այնուհետ՝ խոշորացված համայնքի քաղաքաշինության և հողօգտագործման բաժինը։

«Անտառապատ Դիլիջանի բնակչությունը երբեք չի զգացել կանաչ գոտիների պակասը, հետևաբար բացօթյա հանրային տարածքների պահանջն ինքնաբերաբար չի ծագել։ Սակայն քաղաքի բնակիչների կողմից որպես հանրային տարածք ընկալվում և օգտագործվում են քաղաքային այգին, կենտրոնական հրապարակը, որտեղ ժամանակին Լենինի արձանն էր, իսկ 2002-2003 թվականներին տարածքի բարեկարգման աշխատանքների շրջանակում կառուցվեցին ճեմուղիներ և շատրվաններ», - նշում է ճարտարապետը։ Բացի այդ, 2009 թվականին հրապարակի հարևանությամբ 26 կոմիսարներին նվիրված հարթաքանդակ-հուշարձանի փոխարեն կառուցվեց բացօթյա ամֆիթատրոնը։

Նա նաև նշում է, որ նախկին գլխավոր հատակագծերը նայելով՝ 1960-70 Էյվազովայի նախագծով նման գոտիներ նախատեսվում էին։

«Սակայն քաղաքի տեղանքը թեքության վրա է, և պուրակներ ու այգիներ հնարավոր չէր տեղավորել, այնուամենայնիվ բոլոր բնակելի թաղամասերում նախատեսված էին։ Այլ հարց է, որ դրանք այսօր կառուցապատված են և զուրկ են անհրաժեշտ պայմաններից», - ասում է Նվեր Դանիելյանը:

Կենտրոնական զբոսայգու, վարչական կենտրոնի տարածքում հրապարակի և ամֆիթատրոնից բացի Դիլիջան քաղաքում այնուամենայնիվ առկա են փոքրածավալ կանաչ հանրային գոտիներ, որոնք ժամանակի ընթացքում կամ օտարվել են կառուցապատման իրավունքով, կամ զուրկ են հանգստի գոտի ծառայելու հնարավորությունից։ Վառ օրինակ են Մյասնիկյան փողոցի սկզբնամասում քաղաքի խորհրդանիշներից համարվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված շքաստիճանները, որոնց հարակից կանաչ տարածությունը վերածվել է սրճարաններով և ռեստորաններով պատված խիտ գոտու։
2016-2021 թթ. հնգամյա պլանի համաձայն համայնքը նախատեսում էր Դիլիջանի առողջարանային համբավին համապատասխան պատշաճ տեսք ապահովելու համար կենտրոնական Գետափնյա փողոցում, հետո նաև առանձին թաղամասերում կանաչ գոտիներ ու ծառուղիներ ստեղծել: Սակայն այս պահին քաղաքի միակ կանաչ հանրային գոտին դեռևս Դիլիջանի քաղաքային զբոսայգին է, որտեղ էլ հիմնականում կենտրոնանում է զբոսաշրջիկների հոսքը։

Դիլիջանի կենտրոնից հեռու գտնվող Անդրանիկի, Ջրհողեր և այլ թաղամասերում, որտեղ ի սկզբանե բացակայում էին հանրային տարածքները, ընթանում է մասնավոր կառուցապատում։ Մասնավոր փակ թաղամասերը հանրային գոտիներ կունենան, որոնք նախատեսված են լինելու միայն բնակիչների համար։ Հետևաբար այն, որ մնացած տարածքները շարունակելու են զրկված լինել հանրային տարածք ունենալու հնարավորությունից, ավելի ակնառու կլինի։ Ինչը նաև տեղի բնակիչների և նորաբնակների միջև փոխհարաբերությունների և խնդիրների պատճառ կարող է դառնալ։

Այսօր, փաստացի, Դիլիջանի քաղաքային տրանսֆորմացիան շարունակվում է: Քաղաքի պատմական կենտրոնից բացի, արդեն 60 տարի դրան միացած Պապանինո, Գոլովինո, Թախտա, Կաղնի Խաչ, Ջրհողեր թաղամասերից բացի, այսօր տարբեր հատվածներում ստեղծվում են նոր թաղամասեր։ Սակայն վերջինները առանձնատներից բաղկացած փակ տարածքներ են և չեն նախատեսում բաց հանրային տարածքների առկայություն։
~
Նախագիծը պատրաստվել է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարությաան աջակցությամբ։