Համայնքների ձևավորումը որպես սոցիալ-տարածական պրակտիկա.
Լուսանկարը` Վահե Աղամյան
Հեղինակ`

Շուշանիկ Հարությունյան
Սոցիոլոգ, ուրբան հետազոտող:

2021
ՀՀ-ում համայնքների խոշորացման ծրագրի առանձնահատկություններ:

Սոցիոլոգիական հետազոտություն
@Shushanik1997
Նախագիծը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Հոդվածում ներկայացված տեսակետները, կարծիքները և եզրակացությունները կարող են չարտացոլել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տեսակետները:
Հետազոտության համատեքստը
2011 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց օրենքի նախագիծ, որի համաձայն գյուղական և քաղաքային բնակավայրերը, որոնք ունեն հազարից ավելի քիչ բնակչություն, պետք է միավորվեն մեկ վարչատարածքային միավորի կազմում: Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի նախաձեռնողները հիմնավորում են օրենքի նախագիծի անհրաժեշտությունը նրանով, որ փոքր համայնքներում բնակիչների վճարած հարկերը բավականաչափ չեն որակյալ հանրային ծառայություններ մատուցելու, ինչպես օրինակ, ճանապարհաշինությունը, մանկապարտեզների և մշակութային կենտրոնների վերանորոգումը, աղբահանությունը կազմակերպելու համար:

Ուստի, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի կազմակերպման արդյունավետության բարձրացման, հետևաբար, հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման համար՝ խոշորացված համայնքները դիտարկվում էին որպես ավելի նպատակահարմար: Ավելին, օրենքը ենթադրում էր քաղաքական համակարգի ապակենտրոնացում, որի արդյունքում տեղական ինքնակառավարման մարմիններին պետք է տրվեին որոշումներ կայացնելու ավելի մեծ հնարավորություններ, ինչը կխթաներ տեղական ժողովրդավարությունը և կնպաստեր համայնքների հզորացմանը:

Խոշորացված համայնքը միավորում է մի քանի քաղաքային և գյուղական բնակավայրեր, որտեղ համայնքի ղեկավարն ընտրվում է տեղական ընտրությունների միջոցով: Քանի որ չկա քվոտա յուրաքանչյուր համայնքից, գյուղական և քաղաքային բնակավայրերում ապրող մարդիկ համաչափ ներկայացված չեն տեղական ինքակառավարման մարմիններում:

Սակայն, գյուղը և քաղաքը ոչ միայն աշխարհագրական միավորումներ են, այլև ենթադրում են սոցիալական և մշակութային համակեցության տարբեր պրակտիկաներ: Այդուհանդերձ, Հյաաստանում խոշորացված համայնքներին առնչվող ուսումնասիրությունները հիմնականում անդրադառնում են կառավարչական և քաղաքական հարցերի ուսումնասիրությանը: Հետևաբար, առօրեականությանը վերաբերվող հարցերը դեռևս քիչ են հետազոտված:

Հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրել համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների կյանքում տեղի ունեցած/ունեցող սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ փոխակերպումներ:
4
Տե՛ս Harding, A. & Blokland, T. (2014). Urban theory: A critical introduction to power, cities and urbanism in the 21st Century . London: Sage.pp. 7-10.
Գյուղի և քաղաքի սոցիոլոգիական ըմբռնման առանձնահատկություններ
Գյուղը և քաղաքը սոցիալ-աշխարհագրական հաղորդակցական համակարգեր են, որոնք ենթադրում են մարդկանց միջև փոխհարաբերությունների տարբեր ձևեր, հետևաբար՝ տարբեր սոցիալական կարգեր: Որոշ քաղաքային հետազոտողներ պնդում են, որ քաղաքի և գյուղի միջև խիստ տարբերակումը այլևս տեղին չէ: Թեև գյուղ և քաղաք հասկացությունների սահմանման շուրջ սոցիալական գիտություններում չկա ընդհանուր համաձայնություն, կարևոր է նկատել, որ այդ իրականությունները բացատրող տեսությունները հիմնականում ձևավորվել են արևմտյան հասարակություններում և հաճախ չեն արտահայտում հայաստանյան իրականությունը:

Քաղաքը և գյուղը սահմանող տեսությունները սովորաբար կապում են քաղաքների առաջացումը արդյունաբերական հեղափոխության հետ, երբ ագրարային համայնքային հասարակությունից անցում կատարվեց ուրբանիզացված արդյունաբերական հասարակություն:

Սոցիալական կտրուկ փոփոխությունները ստեղծում են պատմականորեն կայուն բաժանարար գծեր հասարակության տարբեր խմբերի միջև, ինչը հանգեցնում է նոր սոցիալական համակեցության ձևերի ի հայտ գալուն: Գերմանացի սոցիոլոգ Ֆերդինանդ Թյոնիսը գյուղական ավանդական և արդյունաբերականացված ուրբան հասարակությունները նկարագրելու համար օգտագործում է «համայնք» և «հասարակություն» հասկացությունները: Ըստ նրա, համայնքային կապերը ավելի անձնականացված և էմոցիոնալ են, իսկ սոցիալական կարգավիճակը պայմանավորված է որոշակի խմբի պատկանելությամբ:

Մինչդեռ արդի հասարակական կապերին բնորոշ են ռացիոնալությունը, սոցիալական փոխազդեցությունների անդեմությունը և սոցիալական կարգավիճակի ձեռքբերովիությունը: Թյոնիսի համայնք և հասարակություն հասկացություններին համարյա նույնական է Դյուրքեյմի «մեխանիկական» և «օրգանական» համերաշխության գաղափարը:
5
Տե՛ս Lipset, M. & Rokkan, S. (1967). Cleavage structures, party systems and voter alignments: An introduction. In party systems and voter. New York: Free Press, 1–64.
6
Տե՛ս Toennies, F. (1957). Community and society: Gemeinschaft und Gesellschaft, by Ferdinand Toennies . Translated and edited by Charles P. Loomis. East Lansing, Michigan: Michigan State University Press.
7
Տե՛ս Durkheim, E., & In Simpson, G. (1933). Émile Durkheim on the division of labor in society. New York: Macmillan.
Գյուղական համայնքներում սոցիալական կարգը հիմնվում է անդամների խմբային հավատալիքների, արժեքների ու գործառույթների նմանության հիման վրա: Մինչդեռ քաղաքներին բնորոշ է օրգանական համերաշխությունը հետերոգեն անհատների միջև:

Ըստ Դյուրքեյմի, մեխանիկական համերաշխությունից օրգանական համերաշխության հասարակական կարգի անցումը տեղի է ունեցել աշխատանքի բաժանման հետևանքով, և որքան շատ է բազմազանությունը քաղաքային միջավայրում, այնքան ավելի են մարդիկ ձգտում միասնության և համագործակցության:

Սակայն, եթե Թյոնիսը և Դյուրքեյմը անցումը ագրարային տիպի հասարակությունից դեպի արդյունաբերականացված ուրբան հասարակության դիտարկում էին որպես միակողմանի գործընթաց, ապա Վեբերը գտնում էր, որ յուրաքանչյուրհասարակության բնորոշ են և՛ համայնականը և՛ հասարակականը: Հետևաբար, պարտադիր չէ, որ համայնական հարաբերությունները բնորոշ լինեն միայն գյուղերին: Ավելին, համայնացումը և հասարակայնացումը երկկողմանի գործընթացներ են:

Մի կողմից՝ արդյունաբերականացման և ապարդյունաբերականացման գործընթացները Խորհրդային Միության փլուզման հետևանքով, մյուս կողմից՝ գյուղական և քաղաքային բնակավայրերի համատեղ կառավարման պրակտիկաները խոշորացված համայնքների կազմում, ստեղծում են խառը իրականություն, ինչի ուսումնասիրությունը անհրաժեշտ է դառնում ոչ միայն հետխորհրդային հիբրիդ իրականության հասկացման տեսանկյունից, այլև՝ արդյունավետ կառավարման գործիքների մշակման համար:
8
Տե՛ս Durkheim, E., & In Simpson, G. (1933). Émile Durkheim on the division of labor in society. New York: Macmillan.
9
Վեբերը օգտագործում է vergemeinschaftung and vergesellschaftung հասկացությունները:
9
Վեբերը օգտագործում է vergemeinschaftung and vergesellschaftung հասկացությունները:
10
Տե՛ս Weber, M. (2015). Class, staende, parties in Weber's Rationalism and Modern Society. Edited and translated by Tony Waters and Dagmar Waters.
Հետազոտության
մեթոդաբանությունը
Համայնքների խոշորացման արդյունքում գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների կյանքում տեղի ունեցող սոցիալական, քաղաքական, մշակութային փոխակերպումները հասկանալու նպատակով իրականացվել է որակական հետազոտություն: Տեղեկատվության հավաքագրման համար կիրառվել է խորին հարցազրույցի մեթոդը:

  • Առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ են իրականացվել խոշորացված համայնքներում տեղական ինքակառավարման մարմինների աշխատակիցների հետ՝ հասկանալու խոշորացման ծրագրի ազդեցությունը կառավարման համակարգի վրա: Հարցմանը մասնակցել են պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող փորձագետներ: Կիրառվել է նպատակային ընտրանք:
  • Բնակիչների հետ խորին հարցազրույցներ են իրականացվել ուսումնասիրելու համար նրանց կենսափորձի առանձնահատկությունները խոշորացման ծրագրի արդյունքում: Հարցվողներն ընտրվել են ձնակույտի մեթոդով: Իրականացվել է տասնվեց հարցազրույց, որից ութը՝ գյուղական համայնքներում, ութը՝ քաղաքներում

Հետազոտության դաշտային աշխատանքներն իրականցվել են Դիլիջան, Թումանյան, Վայք խոշորացված համայնքներում 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Ուսումնասիրության համար ընտրվել են այնպիսի համայնքներ, որտեղ քաղաքային և գյուղական բնակավայրերը միասին են խոշորացվել:

Դիլիջան համայնքից ընտրվել են Դիլիջան քաղաքը և Հաղարծին, Թեղուտ գյուղերը: Թումանյան համայնքում հարցազրույցներն իրականացվել են Թումանյան քաղաքում և Քարինջ գյուղում, իսկ Վայք խոշորացված համայնքում հարցազրույցներ են իրականացվել Վայք քաղաքի և Ազատեկ գյուղի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Ընդհանուր առմամբ, իրականցվել է 28 հարցազրույց, որոնք ենթարկվել են ավանդական բովանդակային վերլուծության: Հետազոտությունն իրականացվել է անանուն և խստորեն պահպանվել է մասնակիցների անձնական տվյալների գաղտնիությունը:
Կառավարման պրակտիկաների փոխակերպումների առանձնահատկություններ
Կառավարման համակարգի չափը թե՛ բնակչության քանակի, թե՛ տարածքի տեսանկյունից և ժողովրդավարությանն առնչվող շատ փոփոխականներ փոխկապակցված են: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեծ համայնքներն ավելի էֆեկտիվ են հանրային ծառայություններ մատուցում, սակայն փոքր համայնքները համարվում են ավելի դեմոկրատական:

Թեպետ ուսումնասիրողներից շատերը կարծում են, որ այս հակադրությունը չափազանցված է, համայնքի չափի և ժողովրդավարությանն առնչվող տարբեր փոփոխականների միջև որոշակի կապեր կան, ինչպես օրինակ ընտրություններին մասնակցության արդյունքները, քաղաքացիների մասնակցությունը համայնքային կյանքին ևն: Սակայն հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում, բնակիչների ընկալմամբ, մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել:
11
Newton, K. (1982). Is small really so beautiful? Is big so ugly? Size, effectiveness and democracy in local government? Political Studies, 30(2):190–206; Ehrenhalt, A. (1995). The mystique of government "close to the people". Governing, August, 6–7.
12
Leemans, A. 9(1970). Changing patterns of local governments. The Hague: International Union of Local Authorities.
13
Denters, B. (2002). Size and political trust: Evidence from Denmark, the Netherlands, Norway, and the United Kingdom. Environment and Planning C: Government and Policy, 20(6):793–812; Ladner, A. (2002). Size and direct democracy at the local level: The case of Switzerland. Environment and Planning C: Government and Policy, 20(6):813–828; Copus, C. (2006). British local government: A Case for a new constitutional settlement. Public Policy and Administration, 21(4):4–21.
Գյուղական համայնքների աշխարհագրական կտրվածությունը քաղաքային կենտրոններից խոշորացված դեպքում խոչընդոտ է դառնում բնակիչների՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցության գործընթացում: Ավելին, հանրային տրանսպորտի վատ աշխատանքի պայմաններում աշխարհագրական կտրվածությունն ու մեկուսացումը ավելի խնդրահարույց են դառնում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները նույնպես նշում են, որ հեռավորության պայմաններում որոշ համայնքներ դուրս են մնում վերահսկողությունից: Այս խնդիրը հատկապես ընդգծված է Թումանյան խոշորացված համայնքում: Մինչդեռ Վայքում էլեկտրոնային կառավարումը նպաստել է կառավարության և բնակիչների միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը:
Մյուս կողմից, տեղական ինքակառավարման մարմինների և բնակիչների միջև հաղորդակցության ոչ արդյունավետ լինելը առաջացրել է բնակիչների՝ կառավարության ներկայացուցիչների նկատմամբ վստահության անկում: Համայնքների խոշորացման ծրագրի հայեցակարգում նշվում է,որ հարկերի կենտրոնացումը կնպաստի ավելի արդյունավետ հանրային ծառայությունների մատուցմանը: Սակայն գյուղական համայնքների բնակիչներն սկսել են չվճարել հարկերը, պակասել է վստահությունը, որ համայնքային կենտրոններում իրականացվող փոփոխությունները որևէ ազդեցություն կարող են ունենալ անմիջականորեն իրենց կամ համայնքային կյանքի կազմակերպման բարելավման վրա:
Քաղաքացիական մասնակցության և ժողովրդավարության առանձնահատկություններ
Խոշորացված համայնքներում քաղաքի ղեկավարը, ինչպես նաև՝ ավագանին ձևավորվում են ուղղակի ընտրությունների միջոցով: Սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցիչների քվոտա չկա յուրաքանչյուր բնակավայրից: Այսինքն, քաղաքային կենտրոնները, որոնք ունեն ավելի շատ բնակչություն, ընտրում են ՏԻՄ ներկայացուցիչներ իրենց համայնքներից: Ուստի, փոքր գյուղական համայնքները պակաս ներկայացված են տեղական ինքնակառավարման մարմիններում:

Դիլիջան խոշորացված համայնքում, որը կազմված է վեց գյուղից և Դիլիջան քաղաքից, գյուղերը ավելի լավ են ներկայացված և ակտիվ մասնակցում են համայնքի կյանքին: Սակայն հաճախ առաջանում են կոնֆլիկտներ քաղաքային և գյուղական բնակչության միջև ՝ գյուղական և քաղաքային կենսակերպի հետ կապված որոշումներ կայացնելիս: Օրինակ՝ գյուղերը ցանկանում են համայնքի բյուջեն ծախսել գյուղատնտեսության զարգացման համար, մինչդեռ քաղաքում՝ ծառայությունների մատուցման:
Թումանյան խոշորացված համայնքում բնակչության մասնակցությունը կառավարման մեջ թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում ցածր է, և բնակիչները պակաս հետաքրքրված են համայնքային որոշումների կայացմամբ: Թեև բնակիչները նշում են, որ մասնակցում են կառավարման գործընթացներին, սակայն ցածր է վստահությունը առ այն, որ կարող են համայնքային կյանքում ինչ-որ բան փոխել, ազդել տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա:
Գյուղական և քաղաքային բնակավայրերից հավասարաչափ ներկայացվածության բացակայությունը տեղական ինքնակառավարման մարմիններում խնդիրներ է առաջացրել նաև Վայք խոշորացված համայնքում՝ կապված Ազատեկ գյուղի հանքի շահագործման հետ: Գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել հանքի շահագործմանը, քանի որ կտուժի գյուղի բնականոն և անվտանգ կենսակերպը:

Սակայն Վայքի համայնքապետարանը ավելի հակված է հանքի շահագործմանը, քանի որ համայնքի համար դա տնտեսապես շահավետ է: Ակնհայտ է, որ փոքր համայնքների ձայնը մնում է ոչ որոշիչ տեղական ինքակառավարման մարմիններում՝ ոչ բավարար ներկայացվածության հետևանքով:


Այսպիսով, բնակիչների մասնակցության ձևերը և քաղաքական ազդեցությունը տարբերվում են Դիլիջան, Թումանյան և Վայք խոշորացված համայնքներում:

Դիլիջանում գյուղական համայնքների բնակիչները սկսել են ավելի շատ մասնակցել համայնքի կյանքին, մինչդեռ Թումանյանի գյուղական համայնքների բնակիչները, չնայած խոշորացման արդյունքում ծառայությունների մատուցման որակի մասամբ բարելավվմանը, պակաս հետաքրքրված են դարձել կառավարման խնդիրներով:

Ինչ վերաբերվում է Վայք համայնքին, ապա գյուղական բնակիչները փորձում են մասնակցել համայնքային որոշումների կայացմանը, սակայն քիչ հավատացած են, որ կարող են ազդել որոշումների կայացման գործընթացի վրա: Խորին հարցազրույցների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ եթե բնակիչները խնդիրներ կամ մտահոգություններ են ունենում, ապա փորձում են միայնակ լուծել, ոչ թե համայնքային խմբերի միջոցով ազդել որոշումների կայացման վրա: Սա նշանակում է, որ խոշորացված համայնքներին չի հաջողվել ձևավորել սոցիալական կապիտալ գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչների միջև:
Սոցիալ-մշակութային փոխակերպումների առանձնահատկություններ
Հանրային տարածքները անհատական և խմբային առօրյա պրակտիկաների, սոցիալական ընկալումների, հիշողության և խմբային ինքնության ձևավորման տարածություններ են: Սրանք սոցիալական տարածություններ են, որոնք մարդիկ ձևավորում են՝ հիմնվելով իրենց առօրյայի, հոգեբանական տարբեր կարիքների հիման վրա: Սրանք նաև հանրային ներկայացման տարածություններ են, որտեղ ձևավորվում է համայնքի ինքնությունը, տեղի են ունենում մարդկանց միջև հաղորդակցություն, ձևավորվում է սոցիալական կարգը: Այստեղ ձևավորվում են չֆոկուսավորված փոխհարաբերություններ անծանոթների միջև, և հիմնական օրենքը քաղաքացիական անտարբերությունն է միմյանց նկատմամբ:

Սակայն անտարբերությունը չի ենթադրում չեզոքություն: Մարդիկ մտնում են համագործակցող փոխազդեցության մեջ, լսարանի դեր են ունենում մյուսների համար: Հանրային տարածքները նաև սոցիալական ուսուցման վայրեր են, որոնք օգնում են մարդկանց հասկանալ բազմազանությունը, ճանաչել իրենց համայնքի անդամներին, ինչը ստեղծում է հասարակության մեջ սոցիալական համերաշխություն և վստահություն: Այստեղ մարդիկ կտրվում են իրենցից և սկսում գիտակցել ուրիշին, ինչն էլ ստեղծում է ընդհանուր խմբային պատկանելության գիտակցություն:

Հանրային տարածությունների բացակայությունը, համայնքային տարբեր խմբերի չներկայացվածութույնը և հաղորդակցության բացակայությունը նպաստում են փոխադարձ անվստահության ձևավորմանը, հետևաբար, ընդհանուր ինքնության, համայնքային պատկանելության զգացման թույլ գիտակցությանը: Ուստի, համայնքային կենտրոնների, մշակութային տների և այլ հանրային տարածքների բացակայության հետևանքով խոշորացված համայնքների բնակիչների միջև չեն ձևավորվել սոցիալական կապեր:
15
Tonnelat, S. (2010). The sociology of urban public spaces. Paris: Atlantis Press.p.3-4. Retrieved from: https://www.academia.edu/313641/The_Sociology_of_Urban_Public_Spaces. Last accessed [2021, June, 10].
16
Goffman, E. (1963).Behavior in public places: notes on the social organization of gatherings.NY: The free press.pp. 33-64. Retrieved from: https://ru.scribd.com/document/358398785/Erving-Goffman-Behavior-in-Public-Places-PDF. Last accessed [2021, June, 20].
Ընդհանուր ինքնության բացակայությունը տարածական ենթակառուցվածքների, հետևաբար, դրանցով պայմանավորված սոցիալական պրակտիկաների բացակայության արդյունք է: Մարդիկ համագործակցում են, օգտագործում են իրենց սոցիալական կապերը, որպեսզի ձեռք բերեն որոշակի հանրային բարիքներ, որոնք էլ կօգնեն նրանց իրագործել որոշակի նպատակներ: Մարդիկ կարող են նպատակադրված ձեռք բերել սոցիալական կապիտալ, սակայն հաճախ սոցիալական կապերի ձևավորումը կախված է հաղորդակցության պրակտիկանների համատեքստից:

Օրինակ, Հաղարծին գյուղը Դիլիջան խոշորացված համայնքի մաս է, սակայն բնակիչներն իրենց պրակտիկաներով ավելի շատ կապված են Իջևանին, քան Դիլիջանին. երիտասարդները Իջևանում են գնում համալսարան, շատերն աշխատում են Իջևանի կարի ֆաբրիկայում ևն: Այսպիսով, տեղի հետ կապվածության բացակայությունը տարածական արդյունք է. մի կողմից հանրային տեղերի բացակայության, մյուս կողմից՝ տրանսպորտային ենթակառուցվածքների:


17
Bourdieu, P. (1990).The logic of practice. Standford: Standford University Press.
Սոցիալ-հոգեբանական փոխակերպումների առանձնահատկություններ
Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում նոր ստեղծված համայնքներում չի ձևավորվել ընդհանուր համայնքին պատկանելության զգացում: Գյուղական համայնքներում ապրողները իրենց չեն համարում նոր ձևավորված խոշոր համայնքի բնակիչ: Հաճախ նաև թույլ է կապը համայնքային կենտրոնների հետ թե՛ առօրյա պրակտիկաների թե՛ ինքնության ձևակերպման տեսանկյունից: Գյուղական համայնքներում ապրող բնակիչների շրջանում ձևավորվել է նաև անտեսված, խտրականացված լինելու զգացում:
Ծրագրի իրականացման նախնական փուլերում բնակիչների մոտ նաև ձևավորվել են սոցիալական բարձր սպասումներ ծրագրի արդյունքներից: Բնակիչներից շատերը ակնկալում էին, որ ծրագրի արդյունքում սպասվում են տնտեսական զարգացում և աշխատատեղերի ստեղծում: Սակայն ո՛չ իրենց առօրյայում, ո՛չ համայնքի կյանքում չեն զգում փոփոխություններ:

Հաճախ քաղաքային և գյուղական բնակավայրերի բնակիչների միջև կան հայելային պատկերացումներ. քաղաքներում մարդիկ գանգատվում են, որ իրենց ֆինանսական ռեսուրսները տրամադրում են գյուղերին, իսկ գյուղական համայնքներում մարդիկ կարծում են, որ միջազգային դոնոր կազմակերպությունների դրահամաշնորհային ծրագրերը չեն տրամադրվում իրենց համայնքներին պատշաճ կերպով: Սոցիալական սպասումների չիրականացումը հանգեցնում է անվստահության միմյանց, տեղական ինքնակառավարման մարմինների և ծրագրի նկատմամբ:
Մի կողմից, տրանսպորտի վատ աշխատանքի պայմաններում քաղաքային կենտրոններում գտնվող հանրային բարիքները հասանելի չեն դառնում գյուղերի բնակիչներին: Մյուս կողմից, քաղաքային կենտրոնների բնակիչները կապված չեն գյուղական համայնքների հետ: Հաճախ գյուղական համայնքների մարդկային ռեսուրսները բավարար չեն տեղի կրթական հաստատությունների կարիքների բավարարմանը, և ուսուցիչները, ովքեր աշխատում են գյուղական համայնքներում, դժվարություններ ունեն քաղաքից գյուղ տեղաշարժվելու:

Ուստի, սա կարող է բերել քաղաքային կենտրոններում բնակվող որակավորված մասնագետների՝ գյուղերում աշխատելու ցանկության կորստի, ինչը կարող է հանգեցնել կրթության անհավասար պայմանների ստեղծման և խտրականացված լինելու զգացմանը գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչների միջև:
Այսպիսով, խոշորացման ծրագրի արդյունքում բնակիչների մոտ նկատվում են սոցիալ-հոգեբանական կարիքների ֆրուստրացիա և հիասթափություն: Մասնավորապես, փոքր գյուղական համայնքների բնակիչները իրենց ավելի խտրականացված և մեկուսացված են զգում:


Սոցիալական փոխհարաբերությունների և առօրեականության կազմակերպման առանձնահատկություններ
Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում տեղի են ունեցել սոցիալ-մշակութային փոխակերպումներ մարդկանց ներհամայնքային փոխհարաբերություններում, առօրյայի և զբաղվածության կազմակերպման պրակտիկաներում: Այդ փոփոխությունները որակապես և քանակապես տարբերվում են Դիլիջան, Թումայան և Վայք համայնքներում:

Դիլիջան համայնքում կառավարման համակարգը և մարդկանց ու իշխանության հարաբերությունները սկսել են պակաս անձնավորված դառնալ և պակաս կախված տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչների անձնական որակներից:


Մյուս կողմից, Դիլիջան համայնքում փոփոխություններ են տեղի ունեցել մարդկանց զբաղվածության կազմակերպման պրակտիկաներում: Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է, ինչն ազդեցություն է թողել նաև գյուղական համայնքների բնակիչների զբաղվածության կազմակերպման վրա: Դիլիջան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերը գյուղատնտեսությունից սկսում են անցում կատարել սպասարկման ոլորտի: Օրինակ՝ նախկինում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ դարձել են համայնքապետարանների աշխատակիցներ, զբոսաշրջությանն առնչվող զբաղվածություն ունեն և այլն:
Թումանյան խոշորացված համայնքում գյուղերը տնտեսապես ավելի բարենպաստ վիճակում են հայտնվել: Խոշորացումից հետո բարելավվել է ծառայությունների մատուցման որակը Թումանյան քաղաքի բյուջեի հաշվին. քաղաքն սկսել է իր ռեսուրսները կիսել գյուղերի հետ: Մի կողմից՝ Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանների փակման և ապարդյունաբերականացման գործընթացները, մյուս կողմից՝ համայնքների խոշորացման ծրագրի հետևանքով ֆինանսական ռեսուրսների տրամադրումը գյուղերին նպաստել են քաղաքային կենսակերպին բնորոշ սոցիալական պրակտիկաների հետընթացին:

Որոշ դեպքերում մարդիկ սկսել են նորից զբաղվել գյուղատնտեսությամբ՝ աշխատատեղերի բացակայության պայմաններում: Միաժամանակ, ոչ ֆորմալ հարաբերություններ են ձևավորվել համայնքի բնակիչների միջև: Մարդիկ սկսել են անձնական հարաբերությունների միջոցով խնդիրներ լուծել, ինչպես բնորոշ է գյուղական համայնքներին:
Գյուղ-քաղաք
համակեցության ձևեր
Քաղաքները սոցիալական նորարարության, տնտեսական զարգացման և մշակութային փոփոխության միջավայրեր են: Ավելին, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը, մշակութային փոփոխությունը և ուրբանիզացիան փոխկապակցված են: Նույնիսկ ամենախիստ քննադատները կհամաձայնեն, որ ամենաբարձր ՀՆԱ ունեցող երկրներն ավելի ուրբանիզացված են:

Սակայն ապարդյունաբերականացման և համայնքների խոշորացման հետևանքով հետխորհրդային տարածությունում շատ քաղաքներ կորցրել են իրենց տնտեսական նշանակությունը, տեղի են ունեցել առօրեականության կազմակերպման, սոցիալ-մշակութային մի շարք փոխակերպումներ:

Ուսումնասիրելով համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում հետխորհրդային քաղաքների և գյուղերի համատեղ կառավարման փորձը՝ ըստ տնտեսական զարգացման, սոցիալ-մշակութային փոխակերպումների և քաղաքական ազդեցության, կարելի է առանձնացնել մի քանի տիպ (տե՛ս աղյուսակը):

Դիլիջան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում նկատելի են սոցիալ-մշակութային փոխոխության դրսևորումներ, ինչը որոշ չափով ունեցել է տնտեսական հետևանքներ բնակիչների կյանքում: Մեծացել է գյուղական համայնքների բնակիչների քաղաքական մասնակցությունը համայնքային կյանքին: Այս տիպը պայմանականորեն կարելի է անվանել «համագործակցող»:

Թումանյան համայնքում գյուղական բնակավայրերը պահպանել են իրենց նախկին կենսակերպը, ինչպես նաև տեղական ինքակառավարման մարմինների բացակայության պայմաններում գյուղերի բնակիչները դարձել են ավելի ապահետաքրքրված քաղաքական գործընթացներով: Սակայն խոշորացման հետևանքով բարելավվել է գյուղական բնավայրերի տնտեսական վիճակը՝ Թումանյան քաղաքի բյուջեի հաշվին: Կարևոր է նշել, որ այստեղ գյուղական բնակավայրերը չեն նպաստում ընդհանուր համայնքի տնտեսական զարգացմանը, հանրային բարիքների ավելացմանը: Ուստի, պայմանականորեն այս դեպքը կարելի է անվանել «մակաբույծ» տիպ:

Վայք համայնքում խոշորացման արդյունքում ո՛չ տնտեսական զարգացում, ո՛չ սոցիալ-մշակութային փոփոխություն գյուղական համայնքներում տեղի չեն ունեցել: Ավելին, գյուղական համայնքները կորցրել են իրենց քաղաքական ազդեցությունը: Սակայն խոշորացման արդյունքում քաղաքը նույնպես չի ենթարկվել մշակութային փոփոխության կամ տնտեսական զարգացման: Այս տիպը բնորոշվում է որպես «փոխադարձ խոչընդոտող»:

Հաշվի առնելով գյուղ-քաղաք համատեղ կառավարման արդյունքում առաջացած տիպերի տարբերությունները, կարելի է ենթադրել, որ հնարավոր են այլ դրսևորումներ: Կարևոր է նշել, որ նկարագրված տիպերը մաքուր ձևեր են, և կարող են կիրառվել այլ համայնքներում խոշորացման գործընթացները ուսումնասիրելիս: Ավելին, նկարագրված տիպերի առանձնահատկությունները հասկանալու համար, ինչպես նաև, նշված մոտեցման հաստատման և վերանայման համար անհրաժեշտ են նոր էմպիրիկ ուսումնասիրություններ:
Քննարկում և
առաջարկությունների ներկայացում
Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների կյանքում տեղի ունեցած փոխակերպումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոշորացման ծրագիրը տարբեր ազդեցություն է թողել Դիլիջան, Թումանյան և Վայք խոշորացված համայնքների վրա: Կապված համայնքներում ընդգրկված բնակավայրերի տարածական, ձևավորման, սոցիալ-պատմական զարգացման և բնակչության համակեցության առանձնահատկություններից՝ համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել են տարբեր սոցիալական, մշակութային, կառավարման պրակտիկաներ: Սա նշանակում է, որ համայնքների խոշորացման գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել նոր ձևավորվող համայնքերում ընդգրկվող բնակչության, տարածական, պատմական և այլ առանձնահատկություններ:

Մյուս կողմից, անհրաժեշտություն է մնացած խոշորացված համայնքներում հետազոտություններ անցկացնել և խոշորացման առանձնահատկություններ բացահայտել:

Թեև խոշորացման ծրագրի մեկնարկից անցել է շուրջ տասը տարի, սակայն համայնքների գյուղական և քաղաքային բնակավայրերը մնում են թույլ կապված՝ սոցիալական, մշակութային, առօրեականության կազմակերպման և այլ առումներով, ինչը մեծապես տարածական ենթակառուցվածքների, հետևաբար, սոցիալական պրակտիկաների բացակայության հետևանք է: Արդյունքում, բնակիչներին չի հաջողվել ստեղծել համայնքների բնակիչների միջև սոցիալական կապեր, ձևակերպել ընդհանուր ինքնություն և ստեղծել վստահության մթնոլորտ միմյանց, կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների նկատմամբ: Որպես հետևանք՝ առաջանում են համակեցության կազմակերպման մի շարք խոչընդոտներ կառավարման և առօրյայի կազմակերպման մի շարք ոլորտներում:

Ընդհանուր ինքնությունը և վստահության ստեղծումը անհրաժեշտություն է դառնում քաղաքային և գյուղական կենսակերպեր ունեցող բնակավայրերի սոցիալական համերաշխության համար: Ուստի, բնակիչների շրջանում ընդհանուր վստահության մթնոլորտ ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել տարածական ենթակառուցվածքներ՝ հանրային վայրեր ու տրանսպորտային ենթակառուցվածներ, նպաստել միջհամայնքային ասոցիացիաների ձևավորմանը և կազմակերպել ընդհանուր միջոցառումներ: Մյուս կողմից, տեղական ինքակառավարման մարմինների ավելի հաշվետվողական և թափանցիկ գործելակերպը կձևավորի հավասարության և արդարության զգացում, ինչը կնպաստի վստահության մեծացմանը:

Վստահության մթնոլորտի մեծացման համար ավանդական հաղորդակցության միջոցներին զուգահեռ կարելի է ներդնել նաև թվային կառավարման տեխնոլոգիաներ: Սակայն կարևոր է հաշվի առնել, որ դրանց կիրառումը ոչ միայն տեխնոլոգիական խնդիր է, այլև՝ սոցիալական: Ուստի, բնակիչների շրջանում դրանց հարմարեցումը նույնպես պետք է ուղեկցվի սոցիալական գիտնականների ներգրավմամբ: Այսպիսով, վարչատարածքային բարեփոխումներ անելիս անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ միայն կառուցվածքային և վարչական բաղադրիչների վրա: Կարևոր է մեծ կենտրոնացում բնակիչների վրա՝ սկսած սոցիալական սպասումներից, արժեքներից մինչև վարքային և մտային պրակտիկաների փոխակերպումներ: