Կուդրյաշովների և Սանդիկովների ընտանիքները արմատներով սերում են 19-րդ դարում հիմնադրված սկզբում Նադեժդինո, իսկ հետո ՝ Շորժա կոչված գյուղից: Հայաստան են եկել Մորդովիայից:
Դեռևս կես դար առաջ Տավուշի և Լոռու մարզերում կային մի քանի գյուղեր, որոնց բնակչությունը միատարր էր՝ ամբողջովին բաղկացած մոլոկաններից: Այդպիսի գյուղերից այժմ պահպանվել է միայն Լոռու մարզի Ֆիոլետովոն: Մոլոկանների գյուղ է եղել նաև Լերմոնտովոն, որի բնակչությունն այժմ միատարր չէ: Մոլոկանների մեջ ռուսներ կան, մորդվիներ և ուկրաինացիներ:
Խորհրդային Հայաստանում մինչև 50 հազար մոլոկան է ապրել, անկախացումից հետո մոլոկաններից շատերը արտագաղթել են Հայաստանից, ինչի արդյունքում նրանց թիվը զգալի պակասել է:
Աննա Կուդրյաշովայի ընտանիքի անդամներից շատերը նույնպես մեկնել են արտերկիր՝ հիմնականում Ռուսաստան, ԱՄՆ, ոմանք հասել են նույնիսկ հեռավոր Ավստրալիա: Իննսունականներին ինքն էլ է ցանկացել տեղափոխվել Ռուսաստան, սակայն զավակները համոզել են մնալ Հայաստանում:
«Մեծ փոփոխություններ եղան: Առաջ մարդիկ լավն էին ու հասարակ: Իննսունականներին շատ փոխվեցին: Այ հիմա, նորից առաջվա նման է, նորից ընտանիքի նման ենք դարձել, հատկապես` հայերի հետ: Ես արդեն սովորել եմ էստեղ ապրել այնպես` կարծես Շորժայում եմ ապրում»,-ասում է Աննա Կուդրյաշովան: