Անիից Արմենոպոլիս.

Տրանսիլվանիայի քաղաքը, որը հայ գաղթականները կառուցել են զրոյից

ԱՆԻԻՑ ԱՐՄԵՆՈՊՈԼԻՍ.

Տրանսիլվանիայի քաղաքը, որը հայ գաղթականները կառուցել են զրոյից

Ամեն ամառ հազարավոր զբոսաշրջիկներ անցնում են հյուսիս-արևմտյան Ռումինիայով՝ Տրանսիլվանիայի միջով անցնող միևնույն երթուղով: Նրանք այցելում են Կլուժ՝ համտեսելու յուրահատուկ սուրճը, Սիգիշոարան ու Բրաշով՝ վայելելու միջնադարյան քաղաքի մթնոլորտը, Բրան՝ այցելելու Դրակուլայի մասին առասպելի հայտնի ամրոցը: Քչերն են կանգ առնում Գեռլայում:
Սոմեշ գետի ափին տեղակայված քաղաքի պատմությունն սկսվում է կորուսյալ տան հիշողությամբ: Այս քաղաքը կառուցած վաճառականների սերունդները իրենց ծագումը կապում են Անիի հետ՝ հնագույն հայկական մայրաքաղաքի, որը դարեր առաջ ավերակների էր վերածվել:

Թեև դա կարող է լեգենդ թվալ, պատմական վկայությունները հաստատում են, որ նաև Հայաքաղաք կոչվող Գեռլա քաղաքը հիմնովին հայերն են կառուցել: Պատմականորեն քաղաքը մի քանի անուն է ունեցել: Հունգարացիներն անվանել են նաև Սամոշույվար (Szamosújvár), գերմանացիները՝ Արմենիերշտադտ (Armenierstadt), բայց 18-րդ դարից Արմենոպոլիս էր քաղաքի լատիներեն վարչական անվանումը:
Գեռլան իր ուղիղ փողոցներով, շինությունների սիմետրիկ ֆասադներով և ըստ պլանի կառուցված կենտրոնական հրապարակով բնականոն ձևավորված քաղաք չէ։ Այն գծվել է՝ թաղամաս առ թաղամաս, փողոց առ փողոց:
Քաղաքի ճարտարապետությունը բնորոշվում է «հայկական բարոկկո» յուրահատուկ ոճով, որը հայտնի է դեկորատիվ ձևերի առատությամբ և բարդ զարդանախշերով։ Այս գեղագիտությունն առանձնանում է տպավորիչ սիմետրիկ ճակատներով և հարուստ զարդարված քարե շրջանակներով, որոնք նրբագեղորեն շրջանակում են պատմական առանձնատների դռներն ու պատուհանները։
Այսօր Գեռլայում ապրում է շուրջ 20,000 մարդ։ 2002 թվականին բնակչության թիվը 24,000 էր։ Քաղաքը, ինչպես հետկոմունիստական Ռումինիայի փոքր քաղաքների մեծ մասը, այդ ժամանակից ի վեր անընդհատ բնակիչներ է կորցնում: Տեղացիները տեղափոխվում են Կլուժ, Բուխարեստ կամ Արևմտյան Եվրոպայի բնակավայրեր։
Թեպետ այստեղ ժամանակակից բազմաբնակարան շենքեր են վեր խոյացել, երեք դար առաջ հայ բնակիչների համար գծված հատակագիծը մնում է անփոփոխ:
Էրիկա Էստեգարը ուղիղ կապ ունի քաղաքի հիմնադիրների հետ: Նրա ազգանունն արդեն իսկ մի պատմություն է. «Էստեգարը» հայերեն «դրոշակակիր» բառի ռումինականացված տարբերակն է, ինչը հավանաբար նշանակում է, որ դեռևս նրա նախնիները զբաղվել են գաղութը կազմակերպելու և ներկայացնելու գործով: Առաջնորդությունը, կարծես թե, ընտանեկան գիծ է:

Այսօր Էրիկան համայնքի հիշողության պահապաններից մեկն է: Նա մեզ ուղեկցում է հին քաղաքի երկրաչափական ճշտությամբ գծված փողոցներով դեպի Գեռլայի պատմության թանգարան, որը տեղակայված է 18-րդ դարի հայկական առանձնատանը:
«Այստեղ՝ Ռումինիայում, եթե ասում ես, որ հայ ես, մարդիկ քեզ նայում են այնպես, կարծես առնվազն թագավոր ես կամ իշխան, մի առանձնահատուկ մարդ: Թերևս հենց դա է մեզ պահել որպես հայ՝ այն փաստը, որ երբ դա ասում ես, բոլորը քո հանդեպ որոշակի հարգանք են տածում: Եվ մենք փորձում ենք համապատասխանել այս վերաբերմունքին՝ լինել բարի, առատաձեռն, լուրջ մարդիկ: Որովհետև մենք այստեղ երևելի մեկն ենք»,— ասում է Էրիկան ժպիտով:
Տրանսիլվանիայում այս հայկական գաղթօջախ քաղաքը կառուցած մարդկանց սերունդները իրենց ծագումը կապում են Անիի հետ: Սելջուկներից փախչելով՝ այս ընտանիքները դարեր տևած ճանապարհ են անցել՝ հատելով Ղրիմը և Մոլդովան: Վերջին փուլը հուսահատ փախուստ էր ձմռան սաստիկ ցրտին. 1671–1672 թվականների ձմռանը մոտ 3,000 հայ ընտանիք փախել է Մոլդովայից՝ կրոնական հալածանքներից փրկվելու և նոր տուն գտնելու հույսով:

Լուսանկարը` Engin Tavlı, Wikimedia Commons
Պատմաբան Արսեն Արզումանյանը Ռումինիայի հայկական ժառանգության մասնագետ է, որը հանդես է եկել որպես այս հոդվածի խորհրդատու և տրամադրել ծավալուն պատմական տեղեկատվություն: Նա նշում է, որ փախստականները իրենց ողջ ունեցվածքը տեղափոխել են երկու տեսակի խորհրդանշական բեռներով:



Լուսանկարը` Արսեն Արզումանյանի ֆեյսբուքյան էջից:
Նա մեջբերում է պրոֆեսոր Քրիշտոֆ Շոնգոտին . «... գաղթի ճանապարհը բռնելիս նրանք իրենց հետ վերցնում էին երկու բան՝ իրենց հարստությունը (ոսկեղեն, գոհարեղեն) և եկեղեցական շարականները, աղոթագրքերը, որպեսզի օտար երկրներում սեփական լեզվով կարողանային աղոթել և պատարագ մատուցել»:

Կարպատյան անտառներում դաժան ձմեռ անցկացնելուց հետո նրանց թույլ տրվեց բնակություն հաստատել Տրանսիլվանիայում, որտեղ նրանք, ի վերջո, սագերի ամայի արոտավայրը վերածեցին Արմենոպոլիսի՝ բարոկկո ոճի մետրոպոլիայի:


Գծանկարը՝ Կարոյ Չեռնայի, 1899 թ.
Տրանսիլվանիայի հայկական համայնքը

1. Արմատները Անիից
(11-րդ դար)

Հայերը Տրանսիլվանիայում հաստատվել են 11-րդ դարից սկսած, երբ Հայաստանը գրավվեց թուրքերի կողմից, և պատմական մայրաքաղաք Անին հայաթափ արվեց:

«Այսօր Տրանսիլվանիայի բազմաթիվ հայեր... հավատացած են, որ իրենք Անիից գաղթած իրենց նախապապերի ժառանգներն են:»

2. Գաղթ Մոլդովայից (1672թ.)

Մոլդովայի իշխանությունում սկսված հալածանքներից խույս տալով՝ Տրանսիլվանիա փախան 3000 հայ ընտանիքներ իրենց հոգևոր առաջնորդ Մինաս Զիլիֆթարի գլխավորությամբ:

Գաղթի պատճառներն էին՝ կրոնական ճնշումներ, տնտեսական հնարավորություններ, թուրք-լեհ-մոլդովական պատերազմներ և գյուղացիական ապստամբություններ:

3. Բիստրիցայի դեպքերը (1712թ.)

Տեղափոխված հայերի առևտրային հաջողություններն առաջացրին լարվածություն: 1712 թ. Բիստրիցայում ժանտախտի համաճարակ սկսվեց, որում սաքսոնները մեղադրեցին այնտեղ ապրող 231 հայերին:

Հայերը ստիպված եղան լքել քաղաքը քսանչորս ժամվա ընթացքում: Բոլորը տեղափոխվեցին Արմենոպոլիս:

4. Արմենոպոլիս (Գեռլա)

1700 թ. կայսրը 12.000 ֆլորին գումարի դիմաց թույլատրում է Սոմեշ գետի ափին կառուցել հայկական քաղաք: 1808թ. այստեղ ապրում էր շուրջ 6000 մարդ, որոնք բոլորն էլ հայեր էին (100%):

Կառուցվեցին Սուրբ Ավետման (1724թ.) և Սուրբ Երրորդություն (1776թ.) եկեղեցիները (շինարարությունը տևեց 28 տարի):

5. Եղիսաբեթուպոլիս (Դումբրըվեն)

1733 թ. հրովարտակով հայտարարվեց հայկական քաղաք՝ օտարազգիները պետք է լքեին տարածքը: Բնակչության մեծամասնությունը հայեր էին:

1727-1916 թթ. ընթացքում Եղիսաբեթուպոլիսի բոլոր 61 քաղաքապետերը հայեր են եղել:

6. Գեորգեն և Ֆրումոասա

Գեորգենում 1672թ. կար 2500 հայ: Հակասություններ կային տեղացի սեկլերների հետ առևտրի շուրջ:

Ֆրումոասայում 1675թ. ապրում էր 2000 հայ: 1700թ. կառուցվեց Սուրբ Երրորդություն եկեղեցին՝ պահպանված հնագույնը Ռումինիայում:

7. Հեղափոխություն և Անկում (1848թ.)

Հայությունն ակտիվորեն աջակցեց հեղափոխությանը: Էռնեստ Կիշը և Կիլելմոս Լազարը մահապատժի ենթարկվեցին, դառնալով Հունգարիայի ազգային հերոսներ:

Արմենոպոլիսը վճարեց ~500.000 ֆլորին տուգանք: Այս պարտությունից հետո հայերը կորցրեցին հարստությունը և աստիճանաբար ձուլվեցին:

Աղբյուր` Արսեն Արզումանյան, ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԵՎ ՆՐԱ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ (17-20-ՐԴ ԴԴ.)

Գեռլայի քաղաքաշինական հատակագիծը Տրանսիլվանիայում պատմական անոմալիա է համարվում: Մինչ հարևան քաղաքները օրգանապես ձևավորվել են դարերի ընթացքում, Արմենոպոլիսը կառուցվել է զրոյից՝ նախապես արված նախագծի համաձայն:
Այս մանրակրկիտ պլանավորված քաղաքը հիմնադրվել է դատարկ գյուղատնտեսական հողերի վրա՝ Վերածննդի ոճի Մարտինուցի ամրոցից անմիջապես դեպի հարավ, որն ի սկզբանե կոչվում էր Նոր ամրոց (Wyvar) և այն ժամանակ գտնվում էր ռումինական Կանդիա փոքրիկ գյուղի հարևանությամբ:

Արմենոպոլիսի քաղաքաշինական հատակագծի ծագումը դեռևս քննարկման առարկա է: Տեղական լեգենդն ասում է, թե այն Հռոմից բերել է եպիսկոպոս Օքսենդիուս Վարզարեսկուն՝ քաղաքի հիմնադիրը և առաջին հայ կաթոլիկ եպիսկոպոսը, որը ձեռք բերեց կայսերական հրովարտակը բնակավայրը կառուցելու համար:

Ճարտարապետության պատմաբաններն ավելի պրագմատիկ են. նախագիծը ամենայն հավանականությամբ դուրս է եկել Վիեննայի կայսերական բյուրոներից՝ գծված Հաբսբուրգների վարչակազմի ազդեցությամբ, որ Արմենոպոլիսում տեսնում էր հնարավորություն՝ տրանսիլվանական սահմանին տիպային քաղաք հիմնելու համար:
Oxendius Vărzărescu 
Օքսենդիուս Վարզարեսկուն (1655–1715) Տրանսիլվանիայի առաջին հայ կաթոլիկ եպիսկոպոսն էր: Ծնվել է Բոտոշանում և կրթություն ստացել Հռոմում, նա առանցքային դեր է խաղացել հայ համայնքը կաթոլիկ դարձնելու և Հռոմին միանալու գործում: Նա հայտնի է նաև որպես Արմենոպոլիսի (Գեռլա) հիմնադիր, որը 1700 թվականին կայսր Լեոպոլդ I-ից ստացել է կայսերական հրովարտակ՝ առևտրի և արհեստագործության ապագա կենտրոն քաղաքը հիմնելու համար:
Տրանսիլվանիայում հաստատված հայերը սովորական գաղթականներ չէին: Նրանք, ինչպես պատմաբաններն են նկարագրում, ժամանակակից աշխարհամասի վաղ շրջանի  խոշոր վաճառականներն էին, և այդ տիտղոսը վաստակել էին դարերի ընթացքում Սև ծովը Եվրոպայի սրտին կապելու շնորհիվ:

Տրանսիլվանիայում նրանք ներկայացնում էին հասարակության ամենաակտիվ տնտեսական շերտը: Նրանց ազդեցությունը չափվում էր անասունների հսկայական հոտերով, որոնք նրանք քշում էին դեպի Վիեննայի և Պեշտի շուկաներ՝ վերահսկելով առևտրային մի ցանց, որը կազմում էր Տրանսիլվանիայի արտաքին առևտրի ավելի քան 57%-ը 18-րդ դարի առաջին կեսին:
Որպես համայնք՝ նրանք հանդես էին գալիս որպես կայսրության բանկիրներ՝ հաճախ հսկայական գումարներ տրամադրելով Հաբսբուրգներին: Ի պատասխան՝ շատ ընտանիքներ ազնվականի կոչում ստացան:

19-րդ դարում Տրանսիլվանիայի հայերը դարձել են ազգի մշակութային հյուսվածքի անբաժանելի մասը: Արևելյան ինքնությունը փոխարինվել է եվրոպական նրբագեղությամբ, հայերենը՝ հունգարերենով, ի վերջո, համայնքը տվել է ազգային հերոսներ, ինչպիսիք են Էռնեստ Քիշը և Վիլմոշ Լազարը, որոնք պայքարում էին իրենց որդեգրած հայրենիքի ազատության համար՝ ընդդեմ Հաբսբուրգների միապետության:
Ernest Kish
Էռնեստ Քիշը ( հունգարական պատմական աղբյուրներում հայտնի որպես Ernő Kiss) եղել է հայ-հունգարական նշանավոր ռազմական գործիչ և 1848–1849 թվականների Հունգարական հեղափոխության ու հանուն անկախության պատերազմի ազգային հերոս:
Kilelmos Lazar
Վիլմոշ Լազարը (հունգարերենում հայտնի որպես Vilmos Lázár) եղել է հայկական ծագմամբ նշանավոր հրամանատար և 1848–1849 թվականների Հունգարական հեղափոխության ու հանուն անկախության պատերազմի ազգային հերոս:

Այդ ոսկեդարի արձագանքները պահպանված են Գեռլայի պատմության թանգարանում, որը տեղակայված է 1747 թվականին կառուցված հայ վաճառականի առանձնատանը: Նախքան 1907 թվականին թանգարան դառնալը շենքը ծառայել է որպես հեղինակություն վայելող հայկական գիմնազիա: Ներսում 19-րդ դարի դիմանկարներից այցելուներին դիմավորում են իրենց ժամանակի «տեղացի օտարականները»:

Հին լուսանկարների հավաքածուն Էրիկան նկարագրում է որպես փոփոխվող քաղաքի կենդանի վկայագիր: «Մենք ունենք ընտանեկան լուսանկարներ, քաղաքի հին լուսանկարներ, որտեղ երևում է, թե ժամանակին ինչ տեսք ունեին շենքերը, որոշ շենքեր այլևս չկան, քանդվել են»,— ասում է նա:

Թերևս թանգարանի ամենահուզիչ հատվածում ներկայացված պատմության համար հիմք են ծառայել հին գրանցամատյանների հավաքածուն և տեղացի գիտնական Քրիշտոֆ Շոնգոտի քառահատոր աշխատությունը։ Այս վկայությունները ուրվագծում են տեղի հայերի դանդաղ էվոլյուցիան, թե ինչպես են հայկական բնօրինակ ազգանունները սերունդների ընթացքում փոխվել՝ արտացոլելով ընտանիքի արհեստը կամ զբաղմունքը։ Օրինակ՝ Դայբուկատ ընտանիքի պատմությունը, որի տոհմանունը ծագել է քաղաքի աղքատների խնդրանքին ի պատասխան «մի պատառ էլ նրանց տուր» արձագանքից։ Դա պատմական մի փոքրիկ հուշ է, բայց այն խոսում է այն մասին, թե ինչպիսի մարդիկ են կառուցել այս քաղաքը և ինչով են նրանք ցանկացել հիշվել։
Գեռլայի հայկական ինքնության գոյատևումը միշտ կախված է եղել մարդկանցից, որոնք պատրաստ են եղել հոգածությամբ պահպանել այն։ Տարիներ շարունակ դրանով զբաղված էր Յանոշ Էստեգարը՝ Էրիկայի հայրը, որը առանցքային դեր խաղաց 1989 թվականի հեղափոխությունից հետո հայկական մշակութային կյանքի վերածննդի գործում:

Այսօր Տիբոր Մոլնարն է պահպանում Գեռլայի հայ կաթոլիկ եկեղեցիների բանալիները։ Քաղաքում հայ համայնքի անդամների թիվը կրճատվել, հասել է մի քանի հարյուրի, և Սուրբ Երրորդության տաճարը և Սողոմոնի եկեղեցին այլևս ամեն օր բաց չեն այցելուների համար։
Պատմականորեն Սողոմոնի եկեղեցին (Սուրբ Ավետման եկեղեցի) եղել է վաղ հայկական բնակավայրի կենտրոնը։ Քաղաքը ի սկզբանե, նախքան Վիեննայից բերված քաղաքաշինական պլանը կկիրառվեր ամբողջ տարածքում, սկսել է ներդաշնակորեն զարգանալ այս եկեղեցու և քարե պարսպով գերեզմանատան շուրջ:
Եկեղեցին Գեռլայի ամենահին հայկական քարե սրբավայրն է, կառուցվել է 1723-1724 թվականներին։ Անվանակոչվել է իր հիմնադիրների՝ Լեհաստանից գաղթած հարուստ հայ ընտանիքի՝ Սալամոն և Բոգդան Սիմայ եղբայրների և նրանց կանանց հիշատակին։
Թեև շենքը բարոկկո ոճի հուշարձան է, կենտրոնական մուտքը յուրահատուկ ուշ գոթական շքամուտք է։ Մուտքը լրացուցիչ զարդարվել է Հռոմի Սիլվեստր պապի և հայ ժողովրդի բարեխոս սրբի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարոկկո ոճի արձաններով։

Սուրբ Երրորդություն տաճարը բարոկկո ոճի գլուխգործոց է, որը կառուցվել է մի քանի տասնամյակում՝ սկսած 1748 թվականից: Վերջապես, օծումը տեղի է ունեցել 1804 թվականին: Նման ծավալի  հուշարձանի գոյությունը  դեռևս անհավանական է թվում այս չափի քաղաքի համար:
Եկեղեցին նաև քաղաքի բարոկկո ոճի քաղաքաշինական հատակագծի կարևոր բաղադրիչն էր: Սուրբ Երրորդություն տաճարի կառուցման հիմնական պատճառն այն էր, որ քաղաքի առաջին քարե սրբավայրը՝ Սողոմոնի եկեղեցին, չափազանց փոքր էր և բավարար չէր համայնքի հոգևոր կարիքների համար:

Քանի որ 18-րդ դարի առաջին կեսին Արմենոպոլիսի հայ բնակչությունը արագորեն աճում էր, ավելի ընդարձակ սրբավայրի հրատապ պահանջ առաջացավ:
Տաճարը կառուցվել է որպես քաղաքի հոգևոր և մշակութային սիրտ, ապա դարձել կենտրոնական այն վայրը, որտեղ համայնքը կարող էր միավորվել և ներկայանալ ըստ արժանվույն:
Տաճարի ամենագողտրիկ «գաղտնիքը» թաքնված է Վարդարանի մատուռում: Խորաններից մեկում տեղադրված է «Խաչից իջեցումը» մեծադիր կտավը, և համայնքը ավելի քան երկու դար շարունակ պնդում է, որ այն ֆլամանդացի աշխարահռչակ նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի վձնին պատկանող բնօրինակ գործ է:
Ըստ տեղի մի լեգենդի՝ այն նվիրել է կայսր Ֆրանց Առաջինը 19-րդ դարի սկզբին՝ որպես կայսերական երախտագիտության նշան այն բանից հետո, երբ հարուստ հայ վաճառականները Հաբսբուրգների գանձարանը լցնելու համար հսկայական վարկեր են տրամադրել նապոլեոնյան պատերազմների ժամանակ:

Լեգենդն այնուհետև գովաբանում է տեղացի հայերի շրջահայացությունը, որոնք, իբր, թաքուն նշան են արել նկարի մի անկյունում, քանի դեռ այն գտնվում էր Վիեննայի Բելվեդերյան հավաքածուում, որպեսզի կայսրը նրանց չխաբի պատճենով: Ժամանակակից փորձագետները, այդ թվում՝ արվեստաբան Ֆելվինցի Տակաչ Զոլտանը և գիտնական Լևոն Չուգասզյանը, աշխատանքը վերագրել են Յոահիմ ֆոն Սանդրարտին:

Այդուհանդերձ, «Ռուբենսի» հարցը ավելի շատ ինքնության և ավելի պակաս հեղինակի հարց է: Այն հայ համայնքի խորհրդանիշն է, որը բավականին բարգավաճ էր կայսրության պատերազմները ֆինանսավորելու համար և բավականին ինքնավստահ՝ դրա դիմաց արվեստի նրա մեծագույն գանձերից պահանջելու համար:
Joachim von Sandrart
Յոահիմ ֆոն Սանդրարտը (1606 թ., մայիսի 12–1688 թ., հոկտեմբերի 14) բարոկկո ոճի գերմանացի արվեստաբան և նկարիչ է, որը գործել է Ամստերդամում Հոլանդական ոսկեդարի ժամանակ: Նա առավել հայտնի է հոլանդացի և գերմանացի նկարիչների կենսագրությունների իր ժողովածուով՝ «Teutsche Academie», որը հրատարակվել է 1675-1680 թվականներին:
Ինչպես Էրիկա Էստեգարը և Գեռլայի՝ ծագումով հայ մյուս ընտանիքները, Տիբոր Մոլնարը պատկանում է նույն համայնքին, որը դարեր տևած ինտեգրման արդյունքում հիմնականում կորցրել է հայերենը:
Թեև նրանք այլևս չեն խոսում իրենց նախնիների լեզվով առօրյա կյանքում, նրանք դեռ հավաքվում են տաճարում՝ հայերեն աղոթելու համար՝ հաճախ կարդալով հնագույն օրհներգերը հունգարատառ հայերեն աղոթագրքերից:
Այսօր Գեռլայում մոտ 400 մարդ իրեն համարում է էթնիկ հայ, նրանցից շուրջ 120-ը հայ կաթոլիկ է: Փոքր թիվ է մի քաղաքի համար, որը հայերը կառուցել են զրոյից: Այդուհանդերձ, համայնքը դեռ ակտիվ է:

Էրիկան պարբերաբար մեկնում է Հայաստան՝ բերելով լուսանկարներ, ավանդույթներ և պարեր «Հայաքաղաք» պարային խմբի համար, որը նա ղեկավարում է Գեռլայում: Համայնքի ավանդական պարերը դարերի ընթացքում կորսվել են, ուստի նա սովորում է Երևանի պարուսույցներից և իր սովորածը բերում Տրանսիլվանիա:

Համայնքի օրացույցում դեռ կան ընդհանուր տոներ. հայկական արվեստի փառատոնը և բացօթյա փառատոնը գրավում են այցելուների ուշադրությունը հնչող երաժշտությամբ, ներկայացումներով և գեղագրության ցուցադրություններով:


Լուսանկարները և տեսագրությունը տրամադրել են Էրիկա Էստեգարը և Արսեն Արզումանյանը:
Այն ամենից, ինչ համայնքը կարող է դարերով պահպանել, ինչպես օրինակ՝ լեզուն, կրոնը, ճարտարապետությունը, խոհանոցն ամենակենսունակն է:

Գեռլայում հայկական ինքնության ամենակայուն հետքը կարող է լինել Ականջապուրը կամ անգաճապուրը, որն իր անվանումն ստացել է արգանակի մեջ լողացող փոքրիկ ականջաձև խմորագնդիկների շնորհիվ: Ապուրը կարևոր բաղադրիչն է չուրութը կամ հուրութը՝ թթվեցրած կաթից և բույսերից պատրաստված համեմունքը, որը ռումինական կամ հունգարական խոհանոցում համարժեքը չունի:

Դա տոնական ուտեստ է, որը փոխանցվել է տեղահանվածների ընտանիքներում սերնդե-սերունդ: Ու թեև այսօր նրանք այլևս չեն խոսում հայերեն և գուցե այնքան էլ լավ չգիտեն իրենց պատմությունը, բայց վստահաբար գիտեն, թե ինչ համ պետք է ունենա այս ապուրը: Հուրութի փառատոնը հարգանքի տուրք է ավանդական ականջապուրի կարևոր բաղադրիչ թթվեցրած համեմունքին:


Լուսանկարը տրամադրել է Էրիկա Էստեգարը:
Եվ տարին մեկ անգամ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնին փողոցներով անցնում է հանդիսավոր երթը, որն ավարտվում է համատեղ խնջույքով: Դա այն հազվագյուտ պահերից է, երբ կարճ ժամանակով նորից զգացվում է հին համայնքի մեծությունը։

Լուսանկարը տրամադրել է Էրիկա Էստեգարը: