Կին ճարտարապետներն այսօր

Ժաննա Խաչատուրյան

Ուսումնասիրություն

Ընտանիքումս առաջին ճարտարապետն եմ։ Յոթ տարեկանում ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա։ Վաղ տարիքից նկարում էի և նկարիչ լինելու հմտությունները ցանկանում էի օգտագործել ապագա մասնագիտությանս մեջ։ Ապագա մասնագիտությունն ընտրելու ժամանակ ընկերուհիս պատմեց Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի մասին (МАРХИ)։ Գնացի այնտեղ, ծանոթացա միջավայրին և մարդկանց, ու սիրահարվեցի ամեն ինչին։ Հասկացա, որ ցանկանում եմ այնտեղ հայտնվել։

ԴժվարությունԿրթություն

Բարդ մասնագիտություն է։ Պետք է մոռանալ հանգիստը և հարմարավետ կյանքը։ Ինձ համար իսկապես դժվար էր, իսկ ուսման ընթացքում հանդիպեցի առարկաների, որոնք պահանջում էին առանձնահատուկ ջանք ու համառություն։ Պետք էր սովորել և հմտանալ։ Հասկացա, որ եթե ցանկանում եմ լինել լավ ճարտարապետ և կյանքում ինչ-որ բանի հասնել, պետք է հարմարավետության գոտուց դուրս գալ։

Առաջին նախագիծ

Ամենաառաջին նախագիծն եմ սիրում, որն ամուսնուս հետ ենք արել։ Մերձմոսկովյան շրջանում փոքր փայտե տաղավար է։ Կարելի է ասել՝ մեդիտացիայի վայր է, պատվիրատուի համար շատ խորհրդանշական։ Նա պատմում է, որ բոլոր կարևոր իրադարձություններն այս տաղավարում են իրականացվում։
Ոգեշնչում

Ինձ ոգեշնչում է պատվիրատուն, երբ նրանք գալիս են վառվող աչքերով և հետաքրքիր նախագծերով, այնպիսի նախագծերով, որոնք կփոխեն մարդկային կյանքեր, կներգրավեն հազարավոր զբոսաշրջիկների։ Բացի այդ, երկու դուստր ունեմ, և ինձ համար կարևոր է, որ հպարտանան ինձնով, քանի որ դերային մոդել եմ նրանց համար։ Եվ եթե առաջին իսկ դժվարության դեպքում հանձնվեմ, գիտակցում եմ, որ դա կանդրադառնա նրանց վրա, ուստի պատասխանատվություն եմ կրում։

Էներգիա

Բակալավրի որակավորում ստացել եմ Մոսկվայում, իսկ մագիստրոսականը՝ Իտալիայում։ Դա ինձ ամբողջությամբ փոխեց։ Ինքնուրույն էի ապրում և պատասխանատվությունն ինձ վրա էր։ Հետաքրքիր է, ամբողջ կյանքս անցել է Մոսկվայում, սակայն այդ քաղաքն ինձ երբեք չէր ոգեշնչում։ Միլանում ամեն օր արթնանում էի լիցքավորված և եռանդով լի։ Իտալացիներից շատ բան եմ սովորել, օրինակ՝ գեղագիտական զգացողություն, մեծամասամբ լավ ճաշակ ունեն։ Ցանկացած ոք Իտալիայում երկար ապրելու ընթացքում ճաշակ կձևավորի։ Դա հիմնականում պայմանավորված է այնտեղ քեզ շրջապատող արվեստով և աննկարագրելի ճարտարապետությամբ։
Վերադարձ Հայաստան

Արթուրն ի սկզբանե Մոսկվայում էր աշխատում։ Բայց ամուսնանալուց հետո որոշեցինք ապրել Իտալիայում։ Առաջին դուստրս ծնվեց այնտեղ։ Փոքր երեխայի հետ, առանց ընկերների ու հարազատների, ինչպես նաև զրոյից կարիերա սկսելը դժվար էր, և մենք ստիպված եղանք վերադառնալ Մոսկվա։ Կարծեցի՝ կադապտացվեմ։ Մոսկվայում ճարտարապետի կարիերայում հաջողելու շատ հնարավորություններ կային: Բայց մենք հասկացանք, որ մեծ քաղաքները ստեղծված չեն ներդաշնակ, երջանիկ մանկության համար։ Հատկապես նրանք, որոնցում տարեկան այնքան քիչ արև և տաք օրեր կան: Մեկ այլ նրբություն կար, որի մասին երազում էի՝ վերջապես վերադառնալ աշխատանքի։ Երբ երկրորդ բալիկն ունեցանք, Մոսկվայում դայակի աշխատավարձն ավելի բարձր էր, քան սկսնակ ճարտարապետի։ Հետաքրքիրն այն էր, որ ամեն ինչ կարծես նախանշված լիներ։ Այդ ամառ որոշեցի գալ Երևան և բոլոր ծանոթներիս խնդրեցի ինձ դայակի հարցում օգնել։ Գտան աշխարհի լավագույն դայակին, որը մինչ օրս մեզ հետ է։ Նա սիրեց իմ երեխաներին, ինչպես իր թոռնիկներին, ու քանի որ արդեն բավականաչափ ազատ ժամանակ ունեի, սկսեցի աշխատել։ Ամառն ավարտվեց, պետք էր վերադառնալ։ Փորձում էի հետաձգել մեկնումս և ստացվում էր․ հասկացա, որ ուզում եմ մնալ այստեղ։ Արթուրն էլ համաձայնվեց ապրել երկու քաղաքի՝ Մոսկվայի և Երևանի միջև։


Լավ մասնագետ

Հավատացնում եմ, եթե լավ մասնագետ ես, կարող ես և՛ շինարարություն ղեկավարել, և՛ բյուրո: Բայց ընդունված ճարտարապետ դառնալու համար, պետք է մի քանի անգամ ավելին անել, քան տղամարդը։ Սեփական համառությամբ պետք է խոսքը առաջ տանել։

Բյուրո

Բյուրոն ընտանեկան է։ Պատվիրատուները գիտեն, որ մենք բոլոր հարցերին մանրակրկտորեն ենք մոտենում, ուստի գնահատում և վստահում են մեզ, աշխատում են չմիջամտել նախագծման գործընթացին:

Շինհրապարկում գիտեն՝ եթե ասում եմ, որ պետք է մի բան փոխել, փոխում են, հակառակ դեպքում, երբ խնդիրն Արթուրն է տեսնում, ավելի խիստ է ասվում։ Կան նախագծեր, որոնցում Արթուրն է հանդիպում պատվիրատուների հետ։ Նախ, որովհետև նա ավելի մեծ փորձ շինարարական և տեխնիկական հարցերում, և երկրորդ՝ մեր մտածելակերպում դեռևս կան նախապաշարումներ, հատկապես ավագ սերնդի մոտ։


Աշխատել ամուսնու հետ

Ճարտարապետության մեջ մեր ճաշակները համընկնում են, դա է պատճառներից գլխավորը, որ մենք կարողանում ենք միասին աշխատել։ Իհարկե, ունենում ենք սուր պահեր, երբ աշխատանքային անհամաձայնությունը տուն է գալիս։ Մեր ստուդիան «Օփեն սփեյս» է, և բոլորս նույն տարածքում ենք աշխատում: Պատահում է, որ քննարկումը շարունակելու համար դուրս ենք գալիս միջանցք, քանի որ տգեղ է աշխատակիցների մոտ աշխատանքային հարաբերություններ պարզել։ Ծիծաղելի դրվագ եղավ մի անգամ։ Նման մի քննարկման ժամանակ աշխատակիցներից մեկն ինձ հաղորդագրություն ուղարկեց․ «Մենք ձեզ լսում ենք»։
Իտալական արտոնագիր

Իտալիայում համալսարանը ավարտում ես և միանգամից ճարտարապետ չես դառնում․ պետք է արտոնագիր ստանալ։ Դա մի քանի մասից բաղկացած քննություն է պահանջում։ Ունեմ այդ արտոնագիրը, և կարող եմ ասել, որ դա իմ ամենամեծ ձեռքբերումներից է։ Ինչպես նաև այն, որ Միլանի ճարտարապետների միության անդամ եմ։ Իմ մագիստրոսական ծրագիրն անգլերենով էր: Իսկ քննությունն ամբողջությամբ իտալերեն էր, սակայն ցանկությունն այնքան մեծ էր, որ պատրաստվեցի և հանձնեցի այն։ Քննությունը ներառում էր և՛ ճարտարապետության պատմություն, և՛ շինությունները, և՛ հաշվարկները, և՛ շինարարական կանոններն ու կանոնակարգերը։ Ամեն ինչ իտալերեն էր։ Ես գտա մի ճարտարապետի, որն այս քննությունների նախապատրաստական դասընթաց էր վարում: Գնացի նրա մոտ սովորելու։ Լինելով խմբի միակ օտարերկրացին՝ հարցեր շատ էի տալիս, ինչից էլ դասախոսը նյարդայնանում էր։ Նաև նրան ակնհայտորեն դուր չէր գալիս, որ օտարերկրացին ցանկանում է իտալական արտոնագիր ունենալ։ Իտալացիների մեծ մասը չի հանձնում այս քննությունը առաջին փորձից, ուստի կարծում էի՝ կձախողեմ։ 3 փուլ անցնելուց հետո հասա վերջին՝ չորրորդ փուլին։ Այդ ժամանակ Հայաստանում էի, հարսանիքիս էի նախապատրաստում, որից մեկ շաբաթ առաջ ինձ նամակ եկավ, որ բոլոր փուլերը հաղթահարված են, մնացել է միայն վերջինը։ Արթուրն ասաց՝ գնա, ինքը կկազմակերպի ամեն ինչ։ Մնում էր միայն իրերս հավաքել․․․
Ճանապարհորդել

Ես կցանկանայի, որ մեր ժամանակակից գեղագիտությունը ավելի շատ ազդված լինի ոչ թե արևելյան, այլ եվրոպական մշակույթից: Ցավոք, մինչ այժմ հակառակն է տեղի ունենում։ Սա վերաբերում է նաև ճաշակին։ Ձեր և ձեր երեխաների մեջ ճաշակը զարգացնելու համար պետք է ճանապարհորդել:

Ճանապարհորդելը թույլ կտա ուսումնասիրել ճարտարապետություն, արվեստ, այլ ժողովուրդների և մշակույթների գեղագիտությունը, բացահայտել սեփական մշակութային ժառանգությունը:

Իրենց մասնագիտությունը սիրող ուսանողներին խորհուրդ կտամ չսահմանափակվել Հայաստանում սովորելով, այլ գնալ մագիստրատուրա կամ ասպիրանտուրա (PHD) այլ երկրներում, որտեղ իրենց հետաքրքրությունների ոլորտն առավել զարգացած է և ընդլայնել հետաքրքրությունների սահմանները, մտածողությունն ու հորիզոնները: Հիմա հսկայական թվով դրամաշնորհներ ու կրթաթոշակներ կան, եւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են զարգանալ, այդ հնարավորություն ունեն։ Ես ինքս մի անգամ դրամաշնորհ եմ ստացել ու լրիվ անվճար սովորել։ Քանի դեռ ուսանող ես, բոլոր դռները բաց են քո առաջ։ Եվ իհարկե, ես կցանկանայի նրանց մաղթել, որ հետո վերադառնան և զարգացնեն մեր երկիրը՝ յուրաքանչյուրն իր ոլորտում։ Եթե երազանք ունես, բոլորին ապացուցիր, որ այն ուժգին է, և այդ ժամանակ ամեն ինչ կստացվի։

Text and Image with Hyperlink

Կին ճարտարապետներն այսօր

Ամբողջական նախագիծն այստեղ

Clickable Image