Կին ճարտարապետներն այսօր

Արմինե Իսրայելյան

Որոշում

Հայրս է ինձ ոգեշնչել, նա վաստակավոր շինարար էր և մի շարք ազդեցիկ շինությունների հեղինակ։ Վաղ տարիքից տեսել եմ շինարարություն։ 4 տարեկան էի, երբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը բացվեց: Այնքան անկարգ էի, որ բացման արարողության ընթացքում բեմի վրա պտտվում էի: Կարծում էի` եթե շենքը հայրս է կառուցել, ապա ամեն ինչի իրավունքն ունեմ։


Վերադարձ

Ինքս Երևանում բավականաչափ կառույցներ ունեմ, սակայն նման հայր ունենալու հանգամանքը մեջս կոմպլեքսներ է առաջացրել, կարծում եմ` դեռ այն կետին չեմ հասել, որին պետք է։ Մանավանդ, Խորդային միության փլուզման պատճառով երկար ժամանակ չեմ աշխատել։ Հայաստանում շինարարություն ուղղակի չկար, երկար տարիներ նկարչությամբ եմ գումար վաստակել, հետո տղաներիս եմ մեծացրել։ 15 տարի առաջ կրկին վերադարձել եմ ճարտարապետությանը։


Ընթացք

Հայրս ասում էր․ «Հասած հասկը կռացած է լինում»: Մեր ընտանիքում ինձ այդպես էլ մեծացրել են, որ մեծամիտ չլինեմ։ Երբ ես էի սովորում համալսարանում, այնպիսի գիտելիքներ եմ ստացել, որոնք մինչ օրս կիրառվում են։ Սկզբում աշխատանքներս շատ ծիծաղելի էին, հում էին, քիչ որակով, մատուցման ձև չկար։ Հիշում եմ` նոութբուքը վերցնում էի և գնում պատվիրատուների մոտ։ Սկզբում դիզայնի գործեր էի վերցնում, հետո՝ ընդունվեցի մի տեղ, որտեղ ճարտարապետությամբ սկսեցի զբաղվել՝ տներ էի նախագծում։

Ամեն աշխատանք իր յուրահատկությունն ունի, ու ամեն անգամ մի բան ավելի ես սովորում։ Հասկացա, որ ոչ ոքի հետ չեմ ուզում աշխատել ու 2019 թվականից բացեցի սեփական ստուդիան։ Փոքր թիմով են աշխատանքները իրականացվում: Աշխատանքում կոկիկությունն է ինձ դուր գալիս. ինքդ ես նախագծում, ինքդ էլ պատասխանատվություն կրում։
Քիչ զրույցներ

Մեր տան կրտսերն եմ եղել, եղբայրս և քույրս 10-ը տարի ինձնից մեծ էին, և եթե նրանց նկատմամբ խստություն էր կիրառվում, ինձ՝ երես էին տալիս։ Փոքր տարիքից բոլոր քմահաճույքներս իրականացրել են։ Երեխաներից միայն ես եմ նրա գործը շարունակել։

Տարիքով փոքր էի, շատ եմ ափսոսում, որ նրա հետ քիչ եմ զրուցել։

Ոգեշնչման աղբյուր

Ամենաշատը հորս աշխատանքներն են ոգեշնչում: Երբ քաղաքով քայլում եմ, ամենուրեք նրա աշխատանքներն են։ Սա մասնագիտություն է, որ եթե դու չլինես, քո կառուցած շենքը մնալու է։ Դժվարանում եմ առանձնացնել աշխատանքներից, բայց ամենից շատ սիրում եմ Կասկադի վերևի տերևը՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը, Երևանյան լիճը, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, Սունդուկյան թատրոնը, վերջինիս ակուստիկան՝ իդեալական հավաքած, շենքի ամենաբարդ դետալն է, որ ձայնը լսվի մինչև վերջին դիտողը։

Առաջիկա ծրագրեր

Ծրագրերս շատ են և հեռանկարային. իսկապես, չհանձնվող ու պայքարող բնավորություն ունեմ։ Եթե սկսում եմ մի բան, մինչև վերջ հասցնում եմ, գործը կիսատ չեմ սիրում թողնել։ Ցանկանում եմ աշխատավայր ունենալ, որտեղ մի պատին կլինեն հորս աշխատանքները, իսկ մյուսին՝ իմ, որ այցելուն գիտակցի` ուր է եկել։ Ծրագրերից մեկն էլ հայրիկիս համար վիքիպեդիայի մեծ էջ ստեղծելն է: Քչերը գիտեն, որ հայրս էլ է 1945 թ–ին քոչարի պարել Բեռլինում, Ռայխստագի մոտ։ Կարմիր աստղի շքանշանով է պարգևատրվել՝ ամենանշանավորը մյուս շքանշանների կողքին։ Շատ դժվարությունների միջով է անցել և ամբողջությամբ ինքնուրույն հաղթահարել։
Ճարտարապետություն

Շուրջօրյա աշխատանք է ճարտարապետությունը: Այսօր ամեն ինչը շատ արագ է փոխվում, ինքս երեկոյան տասին եմ տուն հասնում, իսկ տանն արդեն նորություններին եմ հետևում, որովհետև այս մասնագիտության մեջ նրանք գրեթե ամեն օր են։ Կարևոր է տեղեկացված լինել: Իհարկե, նորամուծությունները դանդաղ են Հայաստան հասնում, և դա էլ մեզ փրկում է։

Սեր, կարևորը շատ սիրես քո մասնագիտությունը։ Հաճույք պետք է ստանալ աշխատանքային ժամերից: Եթե տրտնջում ես, մի արա, որովհետև այս աշխատանքում ամեն ինչն իր աուրան ունի։

Կին-տղամարդ

Տղամարդկանց հետ աշխատելը բարդ է, նրանք միշտ թերագնահատում են կին մասնագետին։ Ինքս ուշադրություն չեմ դարձնում, բոլոր փուլերով անցել եմ։ Գիտելիքներդ են ստուգում, և երբ բոլոր պատասխաները տալիս ես, նոր սկսվում է համագործակցությունը։

Վերջաբան

Եկավ մի ժամանակ, երբ տղաներս մեծացան։ 14 տարեկանից հետո նրանց պետք ես միայն մաքուր հագուստ, ուտելիք և գրպանի գումար տալու համար։ Հարկավոր է նաև վստահելի ընկեր դառնալ նրանց համար, որպեսզի կիսվեն ամեն հարցում: Տղա երեխաների հետ պետք է միշտ զրուցել, քննարկել, բացատրել անձնական օրինակով: Իսկ հայտնված ազատ ժամանակը կարող ես ծախսել քո երազած աշխատանքին նվիրվելով: Իմ դեպքում՝ ստեղծել հարմարավետ և գեղեցիկ բնակության միջավայր մարդկանց համար։
Text and Image with Hyperlink

Կին ճարտարապետներն այսօր

Ամբողջական նախագիծն այստեղ

Clickable Image