Կին ճարտարապետներ

Մարգարիտա Հայրապետյան

Մարգարիտա Հայրապետյան
(1923-2004)

Մարգարիտա Հայրապետյանը ավարտել է Երևանի պոլիտեխնիակական ինստիտուտը, աշխատել «Երևաննախագիծ» ինստիտուտում, ինչպես նաև Մոսկվայի «Սոյուզսպորտպրոեկտ» ինստիտուտի երևանյան մասնաճյուղում։

«Կին մասնագետները նախագծումից զատ տան հոգսերով են զբաղված։ Մենք չենք նկատում կանանց աշխատանքը, թվում է` ձեռքի հետ է արվում։ Տաժանակիր աշխատանք է, որից հետո միանգամից անցնել ճարտարապետական լուծումներին, կռիվներին, ես-ը պաշտպանելուն, շատ դժվար է։ Մարգարիտան չհամակերպվող կերպար էր։ Անընդհատ առաջ էր նայում, նորն էր ուզում։ Շատ հետաքրքիր կին էր, շատ աշխատանքներ է արել։ Յուրաքանչյուր աշխատանք մինչև վերջ էր հասցնում։ Տեսակով էր այդպիսին»:
Մկրտիչ Մինասյան
Վաստակավոր ճարտարապետ

Մարգարիտա Հայրապետյանի հայտնի աշխատանքներից է Երևանի տիկնիկային թատրոնի շենքը: Այն շահագործման է հանձնվել 1974 թվականին, սակայն թատրոնը սկսել է աշխատանքները մեկ տարի անց` 1975 թվականից: Այդպես փորձել են խուսափել ավելորդ խոսակցություններից: Նախագծում շենքի նշանակության՝ թատրոնի վերաբերյալ խոսք չի եղել, նշվել է, որ տվյալ տարածքը օգտագործվելու է մոդելային ցուցադրություններ կազմակերպելու համար:

Երևանի տիկնիկային թատրոն ու հարակից բնակելի շենքը

«Նախագիծ 2750»-ի շրջանակում Ֆենիքս Դարբինյանի խոշոր քաղաքաշինական գործը դարձավ Օղակաձև զբոսայգու վերակառուցումը։ Ակադեմիկոս Թամանյանի գլխավոր հատակագծի ամենակարևոր տարրերից մեկը՝ Օղակաձև զբոսայգին, էապես ձևափոխվելով, կորցրել էր քաղաքային տարածությունների միավորման իր կարևոր գործառույթը։ «Օղակաձև զբոսայգու՝ Լենինի պողոտայից մինչև Հոկտեմբերյան պողոտա» վերակառուցման հայեցակարգը մշակված էր 1963 թվականին՝ Ֆենիքս Դարբինյանի արվեստանոցում։ Ամբողջ նախագծի հեղինակն էր Ֆենիքս Դարբինյանը, ճարտարապետական մասով; հեղինակն էր Մարգարիտա Հայրապետյանը, իսկ ուղղաձիգ հատակագիծը պատրաստել էր Ֆելիքս Հակոբյանը։


Աշխատանքներ՝
  • Երևանի տիկնիկային թատրոնի շենք, 1968 թ․
  • Բնակելի շենք Երևանի տիկնիկային թատրոնի հարևանությամբ՝ Սայաթ Նովա փողոցում
  • Օղակաձև զբոսայգու առաջին հատվածը, 1963թ․, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածը, 1968թ․
  • Թումանյան (կամ` Թումոյի) այգի, 1970 թ
  • Կոնդ միկրոշրջանի տեխնիկական նախագիծը, 1975-1980
  • Երևանում Հրազդան գետի ափին լողավազանի համալիր
  • Լենինականի տիկնիկային թատրոնի նախագիծ