Կին ճարտարապետներն այսօր

Անահիտ Թարխանյան

Առաջին օրից գիտեի

Ծնվածս օրից գիտեի, որ ճարտարապետ եմ լինելու, ինձ համար այլ մասնագիտություն գոյություն չուներ։ Լավ ասացվածք կա.«Ընտրիր մասնագիտություն, որը սիրում ես, որը միշտ հիացմունք կառաջացնի, և ոչ մի օր ու ժամ չի անցնի որպես աշխատանք, այլ կլինի հաճույք»։


Եկեղեցաշինություն

Եկեղեցաշինությունը ինքս չէի ընտրել, պարզապես ճարտարապետական կենսագրությանս մեջ այդպես ստացվեց։ Վազգեն Ա վեհափառը եկեղեցի նախագծելու հրավիրեց. փոքր մրցույթ էր՝ հինգ հոգի, տարբեր առաջարկներ։ Վեհափառը հստակ ցանկանում էր, որ մրցույթին երիտասարդ ճարտարապետներ մասնակցեն։ Այդ ժամանակ Գյումրիում, Մեծ Բրիտանիայի ճարտարապետների հետ նախագծել էինք լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը: Ենթադրում եմ` այդ նախագիծն իր դերն ունեցավ։
Ներկայացրեցի երկու միմյանցից տարբեր աշխատանք, Վազգեն վեհափառը երկուսն էլ հավանեց, հարցրեց, թե ո՞ր եկեղեցին է ինձ շատ դուրս գալիս։ Ասեմ, որ երկուսն էլ նույն սկզբունքով էին արվել, մեկը շատ հայկական ոճով,մյուսը՝ ժամանակակից։ Պատասխանեցի, որ ժամանակակիցն եմ ընտրում։ «Չէ, աղջիկս, երիտասարդ ես դեռ, կհասցնես կառուցել ժամանակակից եկեղեցիներ։ Ավելի քան 70 տարի եկեղեցիներ չեն կառուցվել, պետք է այնպիսինը կառուցել, որ կապի այսօրը մեր անցյալի հետ և կամուրջ հանդիսանա»,- արձագանքեց վեհափառը։

Եվ այդպես ընտրվեց Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցին։ Նախագծել եմ 5 եկեղեցի, երեքը Հայաստանում, մեկը՝ Պերմում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու մրցույթին էլ մասնակցեցի, նախագիծը երկրորդ տեղը գրավեց, բայց ընտրվեց Ստեփան Քյուրքչյանի նախագիծը։

Յուրահատուկը

Մասիսի եկեղեցին իր տեսակի մեջ յուրահատուկ է, հայկական եկեղեցաշինության մեջ երբեք այդպիսի ծավալատարածական մոտեցում չի կիրառվել։ Եկեղեցին եռաստիճան է, տարբերվում է իր կոմպոզիցիայով և ծավալատարածական լուծումներով։ Ներքին տարածքը ձևավորված է երկու խաչվող քառակուսիներով, որոնք խորհրդանշում են հավերժությունն ու հավատի մաքրությունը, և որոնց միջոցով ձևավորվում է ամբողջ կոնստրուկտիվ համակարգը։ Գմբեթը հենված է կիսախաչվող կամարների վրա։ Եկեղեցին դրսից և ներսից երեսպատված է յուրահատուկ ոճով։ Կենտրոնից դեպի եզրերը գույները դառնում են ավելի բաց, իսկ հիմքից դեպի գմբեթը՝ ավելի մուգ։ Բոլոր քարերը ըստ գույների համարակալված էին, պատրաստել էի գունային գրքույկ, հազարից ավելի թվեր կային, որպեսզի շինարարներին հեշտ լիներ քարն օգտագործել։ Տաճարի բարձրությունը, առանց գմբեթի խաչի 33 մետր է, ինչը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի տարիները։ Եկեղեցին շրջապատող պարսպի ամբողջ երկայնքով փորագրված է աստվածաշնչյան 33 պատգամ։

Առողջ միջավայր

Տարբեր, գեղեցիկ արտահայտություններ կան, օրինակ՝ ճարտարապետությունը երաժշտություն է` սառած քարի մեջ։ Կա մի շատ պարզ կենցաղային ճշմարտություն: Ի՞նչ է ճարտարապետությունը, միջավայր, որտեղ պետք է ապրել և առողջ ապրել։ Ճարտարապետները փոխկապակցված են բժիշկների հետ, եթե բժիշկը բուժում է, ապա ճարտարապետը այդ նույն մարդու համար ձևավորում է առողջ միջավայր։

Սիրել

Պետք է սիրել մարդկանց, պետք է հասկանալ, թե ինչի համար ես նախագծում։ Այսօր խնդիր կա: Ճարտարապետները նախագծում են փառքի համար, մոռանում են մարդկանց մասին, որ աշխատանքը պետք է ծառայի հանրության համար։ Շատ վատ է, քանի որ փառքով նախագծված շենքը երբեք չի դառնա սիրված, երբեք չի ամփոփի այն աշխատանքը, որը պետք է մարդկանց։
Text and Image with Hyperlink

Կին ճարտարապետներն այսօր

Ամբողջական նախագիծն այստեղ

Clickable Image