Թումանյանների տասներորդ զավակ և Ավետիք Իսահակյանի սանիկ Թամարը սովորել է Երևանի Գայանյան դպրոցում, ապա ընդունվել Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետ, հետո տեղափոխվել Շինարարական ինստիտուտ` ձեռք բերելով ճարտարապետի մասնագիտություն:
Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, մասնակցել Օպերայի և բալետի թատրոնի շենքի, կառավարության տան նախագծային աշխատանքներին: Հետագայում մտել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի արվեստանոց: Եղել է Ճարտարապետների միության քարտուղար, Ճարտարապետական հիմնադրամի նախագահ:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թամարը կորցրել է սիրելիին և այլևս չի մտածել ընտանիք կազմելու մասին: Թամարը ղեկավարել է Հովհաննես Թումանյանի թանգարանը` քրոջ` Աշխենի մահվանից հետո 1966-1989 թթ.: Նրա տնօրինության տարիներին կառուցվել է թանգարանի երկրորդ մասնաշենքը, ստեղծվել «Լոռվա ձոր» համայնապատկերը, տոնվել Թումանյանի ծննդյան 100-ամյակը: Թամարը մտահղացմամբ թանգարանի մի անկյունում իրագործվել է թումանյանական Վերնատունը վերականգնելու գաղափարը:
Աշխատանքները․
- Քանաքեռ ԳԷՍ-ի բնակելի շենք, Երևան
- №447 գործարանի բնակելի շենք, Երևան
- №447 գործարանի հանրակացարան, Երևան
- Օդերևութաբանական վարչության շենք, Երևան
- Հյուրանոց Սիսիանում