Կին ճարտարապետներ

Սուլթանիկ Արևշատյան (1925-2017)




Սուլթանիկ Արևշատյանն, ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատանքի է անցնում Երևաննախագիծ ինստիտուտում։
Նրա գործերը միշտ ուշադրության կենտրոնում էին և ակտիվ լուսաբանվում էին հայկական մամուլի կողմից։ «Սովետական Հայաստան» ամսագիրը, անդրադառնալով Երևանի Աբովյան, Իսահակյան և Մոսկովյան փողոցները միացնող նոր գետնուղուն, գրել է․

«Հեղինակները՝ Արևշատյան ամուսինները, ճարտարապետական ինքնատիպ լուծում են տվել ոչ միայն մեր հանրապետությունում, այլև Սովետական Միությունում իր նմանօրինակը չունեցող այս կառույցին, որն 9-ը ելքով կապում է մայրաքաղաքի ամենագեղեցիկ փողոցներն ու այգիները, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, Ավ․ Իսահակյանի հուշարձանը օղակող պուրակի հետ»։

Ըստ խորհրդային մամուլի, նոր գետնուղու գործառույթները բազմազան են եղել։ Այստեղ գործել են առևտրի կենտրոն, մթերային և տնտեսական ապրանքների հանրախանութներ, միջքաղաքային հեռախոսակայան, ծաղկի և գրքի կրպակներ, 120 տեղանոց սրճարան։


Աբովյան փողոցի գետնուղին


Քանի որ ստորգետնյա շինությունը գտնվում էր ուսանողական թաղամասում, հաշվի էր առնվել առաջին հերթին երիտասարդների պահանջներն ու ճաշակը։


«Մորս գործերում ընդգծված էր ռացիոնալ մտածողությունը։ Ստորգետնյա անցման նախագծման ողջ ընթացքը մինչև հանձնումը՝ աչքիս առաջ է։ Մայրս շինհրապարակում լուրջ վիճաբանությունների մեջ էր մտնում շինարարների հետ։ Խորհրդային շինարարությունը մի քիչ յուրահատուկ էր, ճարտարապետին կարող էին տեղյակ չպահել շինարարական փոփոխությունների մասին, որոնք կատարվում էին շինարարության ընթացքում։ Շատ հաճախ էր այդպես, սակայն երբ մայրս հայտնվում էր շինհրապարակում, շինարարության ղեկավարները խուսափում էին հանդիպումից։ Իսկ աշխատանքի ոճն ընդհանրապես յուրահատուկ էր։ Վերին աստիճանի բծախնդիր էր»։

Ռուբեն Արևշատյան
Արվեստագետ, համադրող և արվեստի քննադատ։




Աշխատանքներ
  • Երևանի Արևմտյան №1 բնակելի թաղամաս
  • Երևանի Շահումյանի շրջանի №2 միկրոշրջան
  • Գրողների միության բնակելի շենք Երևանի Անտառային փողոցում
  • «Շինանյութ» գործարանի բնակելի շենք Երևանի Հերացու փողոցում
  • Մսամթերքի և կաթնամթերքի արդյունաբերության նախարարության բնակելի շենք Երևանի Ղուկասյան փողոցում
  • Մանկավարժների կատարելագործման ինստիտուտ Երևանում
  • Երևանի էլեկտրատեխնիկական ինստիտուտի վարչական և լաբորատոր մասնաշենքեր
  • Միջդպրոցական արվեստանոցեր Երևանի Լենինյան թաղամասում
  • Երևանի քաղկրթության տան բարեկարգում
  • Երևանի Միքայել Նալբանդյանի անվան դպրոցի վերակառուցում
  • Իջևանի գործադիր կոմիտեի շենք
  • Արչուտի աղետի գոտու գլխավոր հատակագծի նախագծում
  • Հայկական ճարտարապետական հուշարձանների չափումներ