Կին ճարտարապետներն այսօր

Լուսինե Բաղդասարյան

Որոշում

Թե ինչպես որոշում կայացրեցի դառնալ ճարտարապետ, չեմ հիշում, միայն հիշում եմ, որ ավարտական դասարաններում արդեն գիտեի, թե ինչ եմ ուզում դառնալ։ ԲՈՒՀ-ում կրթություն ստանալու համար էլ միայն այս մասնագիտությամբ էի դիմել․ կամ սա, կամ՝ ոչինչ։

Առաջին կուրսում ծանոթացա ամուսնուս՝ Արամի հետ։ Հենց սկզբից գիտեինք, որ մեր արվեստանոցն ենք ունենալու։ 17 տարեկանից բոլոր գործողություններն արվել են այդ ուղղությամբ։ Բազմաթիվ արվեստանոցներում ենք աշխատել, փորձ հավաքել և 5 տարի առաջ բացեցինք մերը՝ սեփականը։


Դժվարությունները

Դժվարությունները անվերջ են եղել ու շարունակվում են․ առաջ ենք գնում՝ հաղթահարելով։ Երկուսիս ընտանիքներում էլ առաջին ճարտարապետներն ենք։ Սեփական սխալների վրա ենք սովորել և այդպես հղկվել ու առաջ գնացել։ Այսօր համարում ենք, որ ինչ-որ փուլ հաղթահարել ենք, անդադար առաջ ենք նայում՝ դնելով ավելի մեծ նպատակներ։
Ոգեշնչում

Ոգեշնչող է լավ պատվիրատուի հանդիպելը, մի քիչ համարձակ, մի քիչ աշխարհ տեսած, մեզ նման մտածող մեկին, որը պատրաստ է առաջարկած լուծումներին դրական արձագանքել։ Ի վերջո, միտքը մեզնից է, որոշումն ու գումարը՝ պատվիրատուից։ Ունենք պատվիրատուններ, որոնց հետ աշխատանքային քննարկումներ գրեթե չեն լինում, քանի որ գաղափարապես նույն ալիքի վրա ենք։


Հիանալու աշխատանքներ

Մեր վերջին նախագծերից երկուսը կուզեի առանձնացնել։ Դրանք տարբեր մասշտաբների մոտիվացիա պարգևող նախագծեր են։ Մենք սիրում ենք հում նյութեր օգտագործել՝ ցանց, բետոն, մետաղ։ Առաջինը «Այ Քյու դրիմ»- ն է՝ հեռուստաաշխատարակի մոտ։ Բավական համարձակ շենք է, կոնստրուկտորական լուծումները բարդ էին՝ մեկ տարի հաստատում էին։

Երկրորդը մասնավոր շենք է, վիլլա ենք կոչում ամերիկյան ձևով՝ հյուրերի համար առանձին հատված ունի և հիմնական տուն։ Կրկին ամբողջությամբ հում նյութեր՝ բետոն, մետաղ, ցանց են օգտագործվել, և՛ շենքն է մեր պատասխանատվության տակ, և՛ ինտերիերը։ Այս վիլլան նաև դրանով է հետաքրքիր՝ ամբողջությամբ մեր բյուրոյի նախագիծն է։


Ճիշտ բանաձևը դեռ չեմ գտել

Մինչև երեխա ունենալս (դուստրը վեց ամսեկան է - հեղ․), ինքս ասում էի՝ ճարտարապետությունը ապրելակերպ է, սակայն երեխայից հետո որոշակի փոփոխություներ են կատարվել։ Զգում եմ, թե որքան ծանր եմ տանում ճարտարապետությունն ինձնից առանձնացնելու փաստը։ Չեմ կարողանում ուզածս պահին գալ աշխատանքի կամ աշխատավայրում գտնվել այնքան, որքան ինքս եմ ուզում։ Շատ հարցեր հաջորդ օրվան են մնում, մինչ այս 10 տարի ապրել եմ այլ կերպ։ Փոփոխությունները դժվարությամբ են տրվում, այս հարցին կարող եմ մի քանի տարի անց պատասխանել։ Ճիշտ բանաձևը դեռ չեմ գտել։
Խորհուրդ

Սկսնակներին խորհուրդ կտամ հնարավորինս շուտ արվեստանոցում աշխատանքի անցնել ոչ թե աշխատանքային փորձ ձեռք բերելու կամ գրքույկ ունենալու համար, այլ կիրառական գիտելիքներ ստանալու համար։ Արդեն վաղ շրջանից կտիրապետեն նամակ գրելու, պատվիրատուի հետ շփվելու մշակույթին։

Կին, մայր, մասնագետ

Վեց ամիս է՝ ինչ մայր եմ, այս պահին պատասխան չունեմ, թե ինչպես եմ համատեղում լինել կին, մասնագետ, մայր, երեխա, ընկեր։ Միգուցե մեկ տարի անց նույն հարցին ավելի հստակ կարողանամ պատասխանել։ Հանգիստ երեխա է, բախտս բերել է , բայց ինքս դեռ փնտրտուքի մեջ եմ։

Ոլորտը փոխվում է

Եթե 2014 թվականին մեր խմբում 5 աղջիկ կար և 20 տղա, այսօր դրությունը ճիշտ հակառակն է։ Ճարտարապետության ոլորտը փոխվում է։ Եղել է պատվիրատու, որի պահվածքը միայն հետո եմ հասկացել․ խնդիրը կին լինելուս մեջ էր։ Քանի որ գրեթե ամեն ինչ Արամի հետ ենք իրականացնում՝ միմյանց լրացնելով, խտրականությունը շատ չեմ զգում։

Ամենասարսափելի քննադատները

10 տարի միասին ենք, գրեթե 24 ժամ։ Կարող ենք կտրուկ, առանց ֆիլտրելու,մեղմացնելու մեր կոշտ կարծիքը ասել միմյանց: Դա գործին շատ է օգնում, քանի որ լավ աշխատանք ստանալու համար խիստ քննադատությունը շատ կարևոր է։
Ճարտարապետությունը

Մեր կյանքում ճարտարապետությունը շատ մեծ դեր ունի, չնայած երեխան որոշակի փոփոխություններ է մտցրել առօրյայում։ Մինչ երեխայի ծնվելն արձակուրդներին սիրում էինք բացահայտել այլ երկրներ, յուրաքանչյուր երկրի համար շենքերի ցանկ ունեինք առանձնացրած, այցելում էինք, դիտում և ուսումնասիրում։

Հայաստան

Հայաստանում նույնպես շատ ակտիվ ճանապարհորդում ենք։ Ձևավորված սովորություն ունենք գնալ վայրեր, որտեղ զբոսաշրջիկները քիչ են, կամ այն վայրերը, որոնք զբոսաշրջային սեզոնից դուրս են։ Օրինակ՝ ձմռանը գիշերով հայտնվել Նորավանքում, վրանով գիշերել սառած Գոշ լճի մոտ, Արմաղան բարձրանալ՝ հոկտեմբեր ամսին։ Տարբեր տեղերում ենք հայտնվել և ուրիշ ձև ենք սկսել գնահատել բնությունը։ Այդ վայրերում նաև զբոսաշրջային սեզոնին էլ ենք հայտնվել և զգացել ենք, որ լրիվ այլ է։

Բավարարվածության զգացում

Տարիների ընթացքում հասկացել եմ, որ կարող ես փոքր նախագծից ավելի ուրախանալ և այնպիսի բավարարվածության զգացում ապրել, որը հավասարազոր է մեծ նախագիծ անելուն։ Դժվարություն ենք համարում բնակելի շենքը։ Հետաքրքիր կլիներ բնակելի շենքի այն նախագիծը, որտեղ պատվիրատուն կրկին համարձակ լուծումներ կցանկանար տեսնել։ Արդյոք սահմանափակ բյուջեով հնարավոր է հետաքրքիր բնակելի շենք իրականացնել, թե՞ ոչ․ դեռ կհասկանամ աշխատանքիս ընթացքում։

Վերջաբան

Ճարտարապետությունն ամեն ինչ է։ Որքան էլ դժվար պահեր լինեն, միևնույն է, ինձ չեմ պատկերացնում այլ մասնագիտությամբ և ուրիշ ոլորտում։
Text and Image with Hyperlink

Կին ճարտարապետներն այսօր

Ամբողջական նախագիծն այստեղ

Clickable Image