Աննա Տեր-Ավետիքյանը համարվում է Հայաստանի առաջին կին ճարտարապետը։ Նա հին երևանցիների հայտնի տոհմից էր: Այս կնոջ շնորհիվ ստեղծվել են պատմամշակութային արժեք ունեցող ավելի քան 40 կառույց, այդ թվում նաև բնակելի տներ, հասարակական շենքեր և դպրոցներ։
Տեր-Ավետիքյան ընտանիքի բարերարությամբ Երևանում մի շարք շենքեր դարձել են ճարտարապետական հուշարձաններ։
Երբ Աննա Տեր-Ավետիքյանը որոշեց դառնալ ճարտարապետ, ոլորտը բացառապես տղամարդիկ էին տնօրինում: Պետք էր լեզու գտնել շինարարների, աշղեկների և քարտաշների հետ, օրեր անցկացներ շինհրապարակներում, պահանջել, որ շենքը կառուցվի այնպես, ինչպես, որ ինքն է տեսնում և ոչ թե այնպես, ինչպես ստացվում է վարպետների մոտ: Նա հաղթահարեց բոլոր դժվարությունները։
Երևանի ամենասրտում` Մաշտոց-Կորյուն խաչմերուկի բոլորին հայտնի «Պոնչիկանոցի» շենքը Աննա Տեր-Ավետիքյանի առաջին աշխատանքն էր։ Թեև այն երևանցիներին հայտնի է որպես պոնչիկանոցի շենք, սակայն քչերը գիտեն, որ այստեղ բնակարաններ են ստացել հայ կինոյի գործիչները: Այնուհետև, մինչև պոնչիկանոց դառնալը, եղել է հացի փուռ։
Երիտասարդ, սակայն բացառիկ ընդունակությունների և հասուն գաղափարների տեր Աննա Տեր-Ավետիքյանը ցերեկներն աշխատում էր Նիկողայոս Բունիաթյանի մոտ, երեկոները՝ Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում, որտեղ այդ ժամանակ մշակվում էր Պետօպերայի նախագիծը: Արվեստանոցի դուռը հաճախ բաց էին անում` տեսնելու կոլեկտիվի միակ աղջիկ ճարտարապետին ու ասում.
- Վա՜յ, նայե՜ք, աղջիկ:
«Ճարտարապետների բնորոշմամբ նա անկյունային լուծումների վարպետ էր։ Վառ օրինակներից են Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում գտնվող բնակելի շենքը, Չարենցի և Նալբանդյան փողոցների անկյունում գտնվող ՀՀ ոստիկանության շենքը, որը ամուսնու` ԽՍՀՄ վաստակավոր գործիչ Կոնստանտին Հովհաննիսյանի հետ էր նախագ ծել,- նշում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը և շարունակում,- Աննայի 105 ամյակին էր։ Այդ օրը պարգևատրվեց Երևանի ոսկե մեդալով։ Նրա տանը հաճույքով թեյ վայելեցինք։ Տղան միայն խնդրեց՝ պատահաբար խոսքի մեջ քանդված շինությունների մասին չխոսենք, քանի որ Աննան տեղյակ չէր, որ իր նախագծած շենքերը քանդվել են, գաղտնի էին պահում նրանից»։
Մկրտիչ Մինասյան
ՀՀ վաստակավոր ճարտարապետ
Երևանում Աննա Տեր-Ավետիքյանի նախագծած երկու շենք քանդվել է։ Մեկը Սասունցի Դավիթ հրապարակի համանուն կինոթատրոնն էր։ Կայարանի շենքի հարևանությամբ մի կողմից կինոթատրոնն էր, մյուս կողմից՝ երկաթուղայինների Մշակույթի տունը։ «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը կառուցվել է 1960-ականների կեսին։ 20 տարի անց` 80-ականների սկզբին, հիմնականում հնդկական ֆիլմեր ցուցադրող կինոթատրոնը փակվել է, իսկ մի քանի տարի անց` ամբողջովին քանդվել: Կինոթատրոնի տեղում սկսվել է հյուրանոցային համալիրի կառուցում, որն այդպես էլ ավարտի չի հասցվել։
Տեր-Ավետիքյանի` շատ ավելի ուշ քանդված ՀԽՍՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի շենքի համար ճարտարապետը արժանացել էր «Կինն արվեստի և ժողովրդական ստեղծագործության ասպարեզներում» Փարիզի միջազգային ցուցահանդեսի դիպլոմին։
Աշխատանքներ՝