«Իմ մասնագիտական ընտրությունը պայմանավորված է հորաքույր Սեդայի մասնագիտությամբ։ Չնայած պապիկիս քույրն էր, բայց տանը նրան հորաքույր էինք ասում։ Երջանիկ կին էր մասնագիտության մեջ, մեծագույն ակնածանքով, սիրով, նվիրումով դեպի մասնագիտությունը։ Հիշում եմ, տան գործերն ավարտելուց հետո, առավոտյան ժամը 8-ին տանից՝ Հալաբյան փողոցից, ոտքով քայլում էր աշխատավայր՝ Երևաննախագիծ, որն այն ժամանակ գտնվում էր Մաշտոցի փողոցում կառավարական ամառանոցների կողքին, տուն նույնպես ոտքով էր վերադառնում»։
«Հազվագյուտ երևույթ է, երբ քաղաքն ունի գլխավոր ճարտարապետի քանդակ։ Հորաքույրը մինչև կենդանության վերջին օրերն էլ, չնայած նրան, որ վատ էր տեսնում, կուրացել էր, նկարում և ուսումնասիրություններ էր անում։ Իր աշխատասիրության մասին խոսելիս չափման միավոր չկա։ Ճարտարապետության միության գրադարանը ինչ-ինչ պատճառներով թափթված էր, հորաքույրը մենակ մի քանի ամսվա ընթացքում կարգավորել և քարտարան է սարքել»։