Կին ճարտարապետներ

Սեդա Պետրոսյան (1917-2005)



Սեդա Պետրոսյանը ծնվել է Երևանում՝ մտավորականների ընտանիքում։
Ավարտելով Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանում է ճարտարապետ-ինժեների մասնագիտացում։



«Իմ մասնագիտական ընտրությունը պայմանավորված է հորաքույր Սեդայի մասնագիտությամբ։ Չնայած պապիկիս քույրն էր, բայց տանը նրան հորաքույր էինք ասում։ Երջանիկ կին էր մասնագիտության մեջ, մեծագույն ակնածանքով, սիրով, նվիրումով դեպի մասնագիտությունը։ Հիշում եմ, տան գործերն ավարտելուց հետո, առավոտյան ժամը 8-ին տանից՝ Հալաբյան փողոցից, ոտքով քայլում էր աշխատավայր՝ Երևաննախագիծ, որն այն ժամանակ գտնվում էր Մաշտոցի փողոցում կառավարական ամառանոցների կողքին, տուն նույնպես ոտքով էր վերադառնում»։

Արև Սամուելյան
Ճարտարապետական գիտությունների թեկնածու


Շատ լավ նկարչական ձեռք ուներ, ընտանեկան միջոցառումներին, բոլոր տոներին իր նկարած բացիկներով և չտեսնված գեղագիր ձեռագրով էր շնորհավորում։


Լուսանկարը՝ Հովիկ Չարչյանի անձնական արխիվից


Սեդա Պետրոսյանի «այցեքարտը» Երևանում Ալեքսանդր Թամանյանի հուշարձանն է։ Մրցույթի առաջին փուլին միայնակ է մասնակցել և հաղթել, երկրորդ փուլում՝ արդեն լավագույն ընկերոջ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հետ են մրցակցել։


«Հազվագյուտ երևույթ է, երբ քաղաքն ունի գլխավոր ճարտարապետի քանդակ։ Հորաքույրը մինչև կենդանության վերջին օրերն էլ, չնայած նրան, որ վատ էր տեսնում, կուրացել էր, նկարում և ուսումնասիրություններ էր անում։ Իր աշխատասիրության մասին խոսելիս չափման միավոր չկա։ Ճարտարապետության միության գրադարանը ինչ-ինչ պատճառներով թափթված էր, հորաքույրը մենակ մի քանի ամսվա ընթացքում կարգավորել և քարտարան է սարքել»։

Արև Սամուելյան
Ճարտարապետական գիտությունների թեկնածու





Աշխատաքներ․
  • Նոր Հաճնի կորունդային քարերի գործարանի բնակելի թաղամասի կառուցապատում
  • Նոր Հաճնի կորունդային քարերի գործարանի բնակելի տներ
  • Նոր Հաճնի կորունդային քարերի գործարանի բնակելի թաղամասի հիվանդանոց
  • Թումանյանի հրադիմացկուն նյութերի գործարանի բնակելի թաղամասի կառուցապատում
  • Թումանյանի հրադիմացկուն նյութերի գործարանի բնակելի տներ, բնակելի թաղամասի ակումբ
  • Երևանի ալյումինի գործարանի բնակելի տների և թաղամասի կառուցապատում
  • Երևանի Նորքի զանգվածի միկրոշրջանի կառուցապատում
  • Երևանի վիտամինի գործարանի բնակելի թաղամասի կառուցապատում
  • Շինարարության նախարարության մասնագիտական ​​ուսումնական հաստատությունների համալիր Երևանում
  • Կոկորդաբանական հիվանդանոց Երևանում
  • Երազ գործարանի մանկապարտեզ
  • Երևանի Սովետաշեն թաղամասի դիսպանսեր
  • Աղվերանում Կիրովի պրոֆիլակտիկ գործարան
  • Պոմպակայաններ Դիլիջանի և Իջևանի շրջաններում