Կին ճարտարապետներն այսօր

Մարիաննա Կարապետյան

Սկիզբ

Մեր տանն առհասարակ ո՛չ արվեստով, ո՛չ ճարտարապետությամբ չեն զբաղվել, բայց հայրս ճարտարապետ ընկերներ շատ ուներ և քանի որ շինարար էր, ոլորտից ներկայացուցիչների հաճախ էինք հյուրընկալում։ Մեր ընտանիքի մտերիմներից էին Սպարտակ Խաչիկյանը և Լիա Սաֆարյանը, որոնք հաճախ էին հյուր գալիս։ Յուրահատուկ անձնավորություններ էին, որոնցով միշտ հիանում էի։ Եվ երբ Լիան երեխաների համար Ճարտարապետների միությունում ստեղծեց «Ճարտարապետական արվեստի յուրահատուկ ճեմարանը» ՝ առաջին աշակերտներից էի։ Հիմականում ճարտարապետների երեխաների համար էր նախատեսված, փոքր դպրոց էր, դասերից հետո էինք այցելում։ Ամեն ինչ անում էինք, ուսումնասիրում էինք թեմաներ, որոնք ինչ-որ ձևով կարող էին երևակայությունդ ընդլայնել ճարտարապետության պրիզմայի միջով։

Կենսակերպ էր, այնտեղ երաժշտություն էին լսում, նկարում, հագուստներ ստեղծում, ցուցադրություններ անում, մրցանակներ և պատվոգրեր ստանում։ Բազմակողմանի դպրոց էր, շատ մեծ ոգևորությունն էր այնտեղ գտնվելը։ Ամեն ինչի մեջ ճարտարապետության թելը կարելի էր գտնել, և գուցե անհնար էր դրանից հետո չգնալ այդ ուղղությամբ։ Ափսոսում եմ, որ հիմա նման դպրոց չկա աղջկաս համար։ Այս պահին միակ վայրը մեր գրասենյակն է, որտեղ նա կարող է գալ ու ճարտարապետության հետ առնչվել։

Հագեցած մասնագիտություն

Մի պահ է գալիս և հասկանում ես, որ ոչ մի զբաղմունք այսքան հագեցած ու հետաքրքիր չէ, ինչպիսին ճարտարապետությունն է իր բազմաշերտության շնորհիվ։ Անընդհատ ստեղծվում են փոքրիկ սցենարներ, ֆիլմեր, աշխարհներ, ներկայացումներ, և միակ մասնագիտությունը, որի հետ կարելի է համեմատել, երևի ռեժիսուրան է՝ կինոյի ստեղծումը։ Աննկարագրելի հետաքրքիր և էմոցիոնալ է հատկապես այն, որ նյութական արդյունքը վերջում ես տեսնում, և տեսնում ես, թե ինչպես է հետագայում ընթանում և փոփոխվում դրա կյանքը։
Մասնագետների ներգրավում

Աշխարհն արագ է զարգանում, չափանիշներն անդադար փոխվում են։ Հարկավոր է տարբեր մասնագետների խորհրդատվություն, ներգրավածություն։ Հայաստանում ընդունված չէ նախագծման ընթացքում հրավիրել, օրինակ՝ տնտեսագետների, սոցիոլոգների, և հաճախ նրանց մասնագիտական աշխատանքը պահանջվում է ճարտարապետերից։ Կան պատվիրատուներ, որ մեզնից են զանազան լուծումներ սպասում, օրինակ՝ ովքե՞ր են լինելու իրենց թիրախում կամ ո՞րն է իրենց բիզնեսի գաղափարը։ Սպասում են ուղղորդման և խորհուրդների, որոնք տալ չենք կարող, քանի որ հաճախ իրավասու և մասնագիտացված չենք այդ ոլորտներում։


Մշակույթ

Արդեն նկատելի է, որ նոր մասնագիտական մշակութ է ձևավորվում։ Տեղի կառուցողապատողները նույնպես սկսել են տարբեր մասնագետների ներգրավել նախագծերում։ Դանդաղ գործընթաց է, բայց մի օր կհասնենք արդյունքի։ Սա վաղուց արդեն պարտադիր պրակտիկա է աշխարհում կառույցների գրագետ նախագծման համար, և եթե հետաքրքրության համար այցելեք օտարերկրյա անվանի ճարտարապետի կայք, բացեք նախագծի բնութագիր բաժինը, կնկատեք, թե քանի տարբեր կազմակերպություններ են ներգրաված նախագծի ստեղծման ողջ ընթացքին։ Այնտեղ շենքի ամեն բաղկացուցիչ մաս ունի իր մասնագետը։


Նոր նախագիծ՝ նոր հնարավորություն

Ամեն նոր նախագիծ նոր հնարավորություն է, գիտելիքի նոր աղբյուր, նորը սովորելու միջոց։ Ոչ մի նախագիծ չի արվել կրկնվող սցենարով և փորձով, ամեն անգամ նոր մարտահրավերներ ենք նետում ինքներս մեզ։ Բոլոր նախագծերն են սիրելի և հետաքրքիր, յուրաքանչյուրի համար մեր սիրտը ցավում է, ոգևորվում ենք, ապրում, տխրում։ Օրինակ՝ մեր սիրելի ռեստորաններից մեկը, որը կառուցել էինք Գյումրիում, անցած շաբաթ փակվեց։ Որոշեցինք, որ նրանցից կգնենք մեր պատրաստած ջահը և ևս մի քանի բան, որպեսզի չկորի տարված աշխատանքը։
Ամենասիրելին

Ամենասիրելի նախագիծը ՔՈԱՖ սմարթ կենտրոնի մրցույթի հայտն էր։ Շատ էինք ոգևորված, կարծես գտել էինք խնդրի բանաձևի լուծումը։ Եվ այն գաղափարը, որը ներկայացրել էինք, կարծես միակ հնարավոր տարբերակը լիներ։ Հպարտ էինք, մաքսիմալ վստահ աշխատանքի վրա։


Ոգեշնչում

Ոգեշնչվում եմ մարդկանց ու տարածությունների հետ հաղորդակցվելիս։ Կարող է փողոցում քայլելիս մի կամարով անցնես, հետո հայացքդ թեքես՝ այլ բան տեսնես, հինգ քայլ հետո՝ այլ բան նկատես։ Այդ շարժը, կադրերի մոնտաժն այնքան հետաքրքիր կարող են լինել, որ կցանկանաս անպայման ինչ-որ ձև օգտագործել։ Նույն բանն էլ կարող եմ ասել զգայարանների մասին, թե ինչ-որ բանի ձայնը կամ հոտը ինչպե՞ս կարող է ազդել տարածության մեջ։

Հետաքրքրություն

Իմ ամենամեծ հետաքրքրությունը ուրբանիստական նախագծերն են, մասնագիտությունս հենց ուրբանիզմն է։ Ստուդիան ցանկանում եմ տանել այդ ուղղությամբ, նախագծերում ներգրաված լինենք նաև խորհրդատվություններով։ Մեզ հետաքրքր է այդ սկզբնական «կախարդանքի» ընթացքը, վերլուծական փուլը, հասկանալ, թե որտեղից են գալիս խնդիրները և ինչպես են ընդունվում որոշումները, այդ պրոցեսն ամենաոգևորիչն է։ Մաքսիմալ ջանքեր ենք ներդնում՝ նման նախագծերում ներգրավված լինելու համար։
Հայաստան

Ինձ անսահման հետաքրքիր է Հայաստանը։ Ամեն անգամ նույն վայրերը գնալուց նոր եզրույթներ եմ նկատում։ Ամեն անգամ զարմանում եմ, ցանկանում եմ հասկանալ՝ ճարտարապետի կողմից մտածված որոշում է եղել, թե՞ հանպատրաստից։ Հաճախ կարող ես գտնել անսպասելի բաներ։ Միշտ հիանում եմ, որ 10 դար առաջ, ինչ-որ մեկի մտքով նման բան է անցել, իսկ թե ինչպես են աշխատել տարածության ու լույսերի հետ՝ անհավատալի է և շատ արդիական մինչև հիմա։


Կին-տղամարդ

Կարծրատիպերի մեջ խեղդված ենք, բայց իրականությունն այդպիսին չէ։ Երբ շփվում ես գրագետ պրոֆեսիոնալների կամ պատվիրատուների հետ, նրանք հենց սկզբից գիտակցում են, որ առնչվում են մասնագետի հետ, և մեկ այլ իրավիճակում գուցե կարծրատիպերով առաջնորդվող անձն իրեն այլ կերպ է դրսևորում։ Ավելին, հատուկ ընդգծված հարգանքով են մոտենում, տեսնում են, որ մարդ ես, ով բարդ և պատասխանատու աշխատանք է իրականացնում։


Հեռանկարներ

Կարծում եմ՝ ՀՀ բոլոր ճարտարապետների երազանքի նախագծերը ընդհանուր են՝ ունենալ մշակութային կոթողների նախագծեր։ Մենք չունենք թատրոնների, համերգասրահների, թանգարանների, գրադարանների պատվերներ։ Պահանջը չկա կամ տնտեսությունը պատրաստ չէ։ Բոլոր ճարտարապետներն են դրա մասին մտածում՝ կարողանալ դրսևորվել ոչ միայն կոմերցիոն կամ բնակելի շենքերով, այլև՝ մշակութային հետաքրքիր նախագծերում։
Խորհուրդ

Դիտել ֆիլմեր, կարդալ թե՛ գեղարվեստական, և թե՛ մասնագիտական գրքեր։ Մեր համալսարանում մեծ բացթողում կա։ Այնտեղ ճարտարապետական գրականություն կարծես գոյություն չունենա։ Մեզ շատ են դիմում նորավարտ մասնագետներ, և նկատել ենք, որ հաճախ ճարտարապետական քննադատական գրականության հետ ծանոթ չեն, իսկ գրականությունը, որի հետ առնչվել են համալսարանում՝ հիմնականում տեխնիկական գրքերն են, որոնք ստեղծագործական և գեղարվեստական արժեք չունեն։ Պետք է հասկանալ, որ հաճախ ուղղակի որպես «սիրուն» ընկալվող շենքերը բարդ տեսական անալիզի ճանապարհ են անցել՝ պայմանավորված թե՛ փիլիսոփայութամբ, թե՛ սոցիոլոգիայով և թե՛ երկրի քաղաքական վիճակով։ Ավելի շատ գիտելիք և միտք է դրանց մեջ ներդրված, քան առաջին հայացքից կարող է թվալ։


Կրթական ծրագիր

Մենք ունենք փոքր կրթական ծրագիր։ Մեկուկես տարի առաջ ԱՅԲ դպրոցը ստեղծեց էքսպերիմենտալ հիբրիդային կրթության ծրագիր։ Մի շարք քննություններից և հարցազրույցներից հետո ողջ Հայաստանից ընտրվեց 60 խելացի երեխա՝ նախագծային կրթություն ստանալու համար։ Ծրագրի շրջանակում կրթությունը ճյուղավորումներ ստացավ, մեր ստուդիան քաղաքային պլանավորման հիմունքները որպես առարկա առաջարկեց։ Անսպասելիորեն արձագանքը դրական եղավ։ Այժմ 6 երեխա շաբաթը մեկ կամ երկու անգամ այցելում է ստուդիա, լսում դասախոսություններ, մասնակցում սեմինարներին։ Նրանք բոլորը ներգրավված են նախագծերում, և շատ հետաքրիքր մտքեր և գաղափարներ ունեն։
Text and Image with Hyperlink

Կին ճարտարապետներն այսօր

Ամբողջական նախագիծն այստեղ

Clickable Image