Կին ճարտարապետներն այսօր

Արմինե Սնխչյան

Պայման

Ծնողներս խթան հանդիսացան մասնագիտությանս հարցում․ լրագրող էի ցանկանում դառնալ։ 7 տարի հաճախում էի նկարչական ակադեմիա, և նրանք ասում էին․ «Արմինե, քո մեջ կա այդ տաղանդը, դու շատ լավ տարածական պատկերացում ունես»։ Բավական պրիմիտիվ օրինակներ էին բերում, սակայն 16 տարեկանում երեխան ուրիշ ի՞նչ տաղանդ պետք է ունենար, հաստատ շենքեր չէի գծելու։ Երկար վեճերից հետո պայմանավորվեցինք՝ եթե ես ճարտարապետական համալսարան ընդունվեմ, կսովորեմ մեկ կիսամյակ։ Եվ եթե հասկանամ, որ դա իմը չէ, ապա կարող եմ դուրս գալ համալսարանից և ընդունվել այնտեղ, որտեղ ցանկանում եմ։ Ծնողներս ճիշտ էին, ինչը ընդունում եմ և շնորհակալ եմ։ Ընդունվեցի, հանդիպեցի Աշոտին՝ ապագա ամուսնուս, նա էլ ճարտարապետության հանդեպ սերը ներարկեց։


Կրթություն

Իմ կարծիքով, Հայաստանում ճարտարապետական կրթություն ստանալն այդքան էլ բարդ չէ․ բավարար է լավ նկարել և գծել, այդքանը հերիք է ընդունվելու համար։ Մինչդեռ, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում նման բաժին ընդունվելու համար պետք է գիտելիքների մեծ պաշար ունենալ, ինչպես նաև ֆիլմերի և գրքերի մեծ ցանկ կա, որոնք ցանկալի է դիտած և կարդացած լինես ընդունելության համար։

Իմ ընկալմամբ, Հայաստանում կրթական ծրագիրը շատ մեղմ է, ավարտելն էլ բարդ չէ, քանի որ ճարտարապետության բարդություններից համալսարանում երբեք չեն խոսում։ Ցավոք ճարտարապետության տեսություն լիարժեք չենք անցել, շատ քիչ և մակերեսային վերլուծություններ ենք արել։ Արդյունքում չի ձևավորվել քննադատական միտք, երբեք երկխոսություններ չեն եղել։ Նույնիսկ կարող եմ ասել, որ մեզ չեն սովորեցրել մտածել ճարտարապետության մասին։ Այստեղ կրթությունն ավելի շատ տեխնիկական է, լավագույն դեպքում կիրթ գծագրող ես դառնում։
Նոր ուսանողներ

Աշոտը դասավանդում է Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարանում։ Երրորդ-չորրորդ կուրսի ուսանողներն էին գալիս մեզ մոտ, գրեթե բոլորը՝ աղջիկ։ Տպավորություն է, թե տղաները մասնագիտությունից վերանում են։ Չեմ կարող գնահատել՝ ինչպիսինն են, բայց կարող եմ ասել, որ կրթական ծրագիրն ավելի թերի է, քան մեր ժամանակ։ Մեր ժամանակ էլ, իր հերթին, թերի էր՝ ավագ սերնդի համեմատ։

Սակայն պիտի խոստովանեմ, որ լավ և խոստումնալից ուսանողներ միշտ էլ կան, և հիմիկվա լավ ուսանողները ավելի լավն են, քան մենք ուսանողական տարիներին։


Ճարտարապետական «շպարից» զուրկ

Ինձ հաճախ են հարցնում՝ կա՞ Հայաստանում մի շենք, որը, քո կարծիքով, օրինակելի է։ ։ Երկու կառույց կառանձնացնեմ,որոնք ինձ համար չափազանց կարևոր են՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։ Հրաշալի աշխատանքներ են, կարծում եմ՝ իրար շատ մոտ են տարածական մտածողության առումով՝ մինիմալ ժեստերով փոխանցում են մաքսիմալ բովանդակություն, «շպարից» զուրկ են ու ազնիվ։
Երազանքի նախագիծ

Մեծամիտ կհնչի, եթե ասեմ, որ այս պահին զբաղվում ենք մեր երազանքի նախագծերով։ Իրականում ինձ համար կապ չունի աշխատանքի մասշտաբը, կարող ես գծել իշոտնուկ, և դա լինի փոքր երազանքի իրականացում։ Շատ են եղել երազանքի նախագծեր և շարունակվում են։


Պատվիրատու

Մեր անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ ճարտարապետի և պատվիրատուի միջև շփման մշակույթը զգալիորեն լավացել է։ Արվեստանոցի գոյության համարյա ութ տարիների ընթացքում բավական շատ պատվերներից ենք հրաժարվել հենց այդ մշակույթի բացակայության, տարաձայնությունների և տեսլականների չհամընկնելու պատճառով։ Բարեբախտաբար, նման դեպքերը զգալիորեն պակասում են ժամանակի ընթացքում։ Այդ փաստը նաև մեր կայացումով է պայմանավորված՝ պատվիրատուն գիտի՝ ինչի համար է մեզ դիմում և ինչ կարող է ակնկալել։


Գաղափարի մեջ

Մեզ համար թիմային աշխատանքը շատ կարևոր է։ Հավաքել ենք համախոհների թիմ, ինչի արդյունքում բոլոր նախագծերը երկխոսության, քննարկումների, մտքերի բախման միջոցով են ձևավորվում։
Աշխատանք-անձնական կյանք

Աշխատանքն ու անձնական կյանքը չենք տարանջատում։ Թեև փորձում ենք աշխատանքային ժամերից հետո գործերը չքննարկել, բայց երկուսս էլ շատ ենք սիրում խոսել ճարտարապետությունից, քննարկել գաղափարներ։ Վաղուց չենք վիճում, քանի որ միասին են ձևավորվել ու միշտ համախոհներ ենք եղել,17 տարի միասին ենք։

Արվեստ

Սարսափելի շատ սիրում եմ արվեստ և սիրում եմ նկարել։ Շատ վաղուց չէի նկարել, վերջին երկու տարին վերսկսել եմ սկսնակի պես և հաճույք եմ ստանում։ Արվեստը պրոյեկտում եմ ճարտարապետության մեջ։ Չեմ կարծում, որ ճարտարապետությունը արվեստ է, բայց արվեստի տարր ունի, և շատ քիչ անգամ ինձ թույլ եմ տալիս այդ զգացողությունն օգտագործել նախագծերում։
Խորհուրդ

Պետք է լինել սկզբունքային, մի պահ պետք է նստել ու հասկանալ՝ դու ի՞նչ ես ուզում, ի՞նչն է քեզ համար կարևոր։ Մի քիչ ավելի աշխատել, մի քիչ ավելի շատ նայել։ Ձգտել ցանկացած նախագիծ հաճույքի վերածել։


Դուստրս

Ունենք դուստր։ Նա վեց տարեկան է և երազում է նկարիչ դառնալ։ Հաճախ մեզ հետ արվեստանոց ենք տանում, նա շատ է սիրում այդ միջավայրը։ Թե տանը, թե արվեստանոցում արվեստի մասին գրքեր շատ ունենք, միասին հաճախ ենք նայում, նաև հաճախ գնում ենք թանգարաններ։ Մի օր ասաց․ «Մամա, ուզում եմ այնպիսի նկարիչ դառնալ, ում նկարները կախված կլինեն թանգարաններում»։ Այդ պահին հասկացա, որ ամեն ինչ ճիշտ ենք անում։
Text and Image with Hyperlink

Կին ճարտարապետներն այսօր

Ամբողջական նախագիծն այստեղ

Clickable Image