Դիլիջան․ Հայաստանի ամենատուրիստական համայնքը
Հայկական «Շվեյցարիան» խոշորացումից 5 տարի անց անկատար միասնականությամբ։
Խոշորացվել է 2016-ին
Միավորում է 7 համայնք

Բնակչ.` 26 416
Տարածքը` 6.2525 կմ²
Լուսանկարիչ
Դիլիջանի խոշորացված համայնքը համարվում է արագ զարգացողներից։ Տուրիստական հոսքերի և սպասարկման ոլորտի զարգացումից բացի, այստեղ են գտնվում Դիլիջանի միջազգային դպրոցը, ԹՈՒՄՈ-յի մասնաճյուղը, Կենտրոնական Բանկը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը։
Դիլիջան խոշորացված համայնքը գտնվում է Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա։ Կիրճի լեռնային զանգվածները ծածկված են հարուստ անտառներով, որոնք լեռնային կատարներին փոխարինվում են ալպյան մարգագետիններով։
Համայնքի մեջ մտնում են Դիլիջան քաղաքը, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք և Խաչարձան գյուղերը, որոնք տեղակայված են Դիլիջանը և Իջևանը միացնող մայրուղու երկայնքով: Արդյունքում, գյուղերի բնակիչների առօրյան կիսվում է երկու քաղաքների միջև։
2011 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց օրենքի նախագիծ, որի համաձայն հազարից ավելի քիչ բնակչություն ունեցող գյուղական և քաղաքային բնակավայրերը պետք է միավորվեն և դառնան մեկ վարչատարածքային միավոր: Քանի որ վճարված հարկերը բավականաչափ չէին փոքր բնակավայրերում որակյալ հանրային ծառայություններ մատուցելու համար, գումար չէր մնում ճանապարհաշինության, մանկապարտեզների և մշակութային կենտրոնների նորոգման, աղբահանության համար և այլն:
Որպես պիլոտային ծրագիր` ընտրվեց Դիլիջանը և նրան հարող մի քանի բնակավայր։
2016 թվականին Դիլիջան քաղաքին միացան Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք և Խաչարձան գյուղերը։ Ստեղծվեց տուրիստական շեշտադրումով համայնքների փունջ։

Տուրիզմի ոլորտում առաջընթաց է գրանցվել, տեղացիների համար ստեղծվել են աշխատատեղեր: Կառուցվել են հյուրանոցային համալիրներ, ռեստորաններ, քոթեջներ:

Սոնա Եգանյանը Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է և լավ է ծանոթ խոշորացման ընթացքին ու պատմությանը։ Ինչպես ցանկացած նոր ծրագիր, խոշորացման ընթացքը բնակչության մոտ ցավոտ ընկալվեց։ Առաջին հանդիպումը Հաղարծին գյուղում էր, որտեղ բնակչությունը բացասական ընդունեց կառավարության որոշումը՝ բոլոր մեղադրանքները հասցեագրելով քաղաքապետարանին։ Սակայն խոշորացումով առաջին հերթին մեծացավ համայնքապետարանի բեռը։
Սոնա Եգանյանի հավաստմամբ, խոշորացման արդյունքում հնարավոր եղավ լուծել երեք հիմնական հարց՝ աղբահանության, տրանսպորտի և փողոցային լուսավորության։

«Բացի դրանից, այն գյուղերում, որտեղ կար գազ, սակայն բնակիչները հնարավորություն չունեին իրենց տունը միացնել ցանցին, հնարավոր եղավ իրականացնել։ Համայնքի խոշորացումը թույլ տվեց մանկապարտեզներ չունեցող համայնքներում տարբեր ծրագրերի միջոցով մոբայլ մանկապարտեզներ ստեղծել: Գեղարվեստի դպրոցը ուսուցիչներին գործուղում է գյուղական բնակավայրեր՝ դասավանդելու», - նկատում է Սոնա Եգանյանը։

Նույն կերպ գործում է համայնքի սպորտդպրոցը. հավաքվում է երեխաների խումբ, ապա մասնագետները շաբաթական երկու անգամ գնում են գյուղ՝ պարապմունք անցկացնելու համար։

2021թ-ի փետրվարից Դիլիջանի ավագանու լիազորություները դադարեցված են, նոր ավագանու ընտրությունները նշանակվել են հոկտեմբերին՝ արտակարգ դրության պատճառով։ Աշխատակազմի ղեկավարի խոսքով, այս ընթացքում համայնքապետարանի ձեռքերը կապված են։ Օրինակ, բյուջեի չնախատեսված ծախս է առաջացել քամու հասցրած վնասի պատճառով։ Սակայն, առանց ավագանու հաստատման համայնքապետարանը իրավունք չունի գումար հատկացնել այդ աշխատանքներին։

«Խմբային ինքնության ձևավորումը որպես սոցիալ-տարածական պրակտիկա. ՀՀ-ում համայնքների խոշորացման ծրագրի առանձնահատկություններ» սոցիոլոգիական ուսումնասիրության համաձայն, խոշորացման ծրագրի կիրառումը որոշ բացասական հետևանքներ է բերել: Թեև խոշորացման հիմքում հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացումն էր, գյուղական համայնքների բնակիչները սկսել են չվճարել հարկերը: Պակասել է վստահությունը, որ փոփոխությունները կարող են ազդել իրենց կամ համայնքային կյանքի բարելավման վրա:
Համայնքի բյուջեն կազմվում է տուրքերից և հարկերից, որոնք միշտ դժվարությամբ են հավաքագրվել։ Սոնա Եգանյանի խոսքով, ստիպված էին պայման դնել՝ երբ բնակիչը դիմում է համայնքապետարան, առանց հարկային պարտքերի զրոյացման չեն ճանապարհում։ Մեծ գումարների դեպքում ժամանակացույց է կազմվում՝ փուլային մարման համար։

Հարկերի հավաքագրման վրա ազդել են նաև նախորդ տարվա փորձությունները: Համավարակի պատճառով տուրիզմի հոսքը կտրուկ կրճատվել է, պատերազմից հետո՝ հավելվել մեծ թվով արցախցիներ ընդունելու աշխատանքները։

Համայնքների խոշորացման նպատակը ՏԻՄ-երի օպտիմալացումն էր: Ենթադրվում էր, որ համայնքային աշխատակիցների թվի կրճատման արդյունքում խնայված գումարները կուղղվեն զարգացման ծրագրերի։

«Որպես Դիլիջանի բնակիչ՝ ես չեմ կարող ակնհայտ տարանջատել կյանքը խոշորացումից առաջ ու հետո։ Դիլիջանը որոշակի դադարներով զարգացում ապրող քաղաք է։ Դիլիջանցիները մեր բնության պես փափուկ մարդիկ են, ովքեր ոչ մի տեղ չեն շտապում, մրցակցայնություն չունեն, մյուս կողմից աչքաբաց են», - ասում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի» ղեկավար Արթուր Ղազարյանը։

Արթուր Ղազարյանի կարծիքով, խոշորացման շնորհիվ խնայված գումարները հետևողական չեն ծախսվում, ՏԻՄ-երի աշխատանքներում պլանավորման խնդիր կա, պահպանման ծախսերի գրեթե բացակայություն։

«Երբեք չեմ տեսել, որ ապրիլ-մայիսից ճանապարհաշինական կամ ճանապարհային վերանորոգման աշխատանքները մեկնարկեն, որ տուրիստական սեզոնի բացվելուն պես քաղաքը պատրաստ լինի, միշտ նման աշխատանքները եղել են աշնանը, անձրևին, նույնիսկ ձյան տակ։ Հետևաբար դրա արդյունավետությունը չենք կարողացել տեսնել, քանի որ գարնանը ճանապարհը նորից հայտնվում են վատ վիճակում։ Կամ կառուցվել է կանգառ, իսկ դրան հաջորդող 15տարիների ընթացքում այն չի վերանորոգվել, չի թարմացվել», - ասում է Արթուր Ղազարյանը։
Ըստ Ղազարյանի, մարդկային ռեսուրսների կառավարման, բանիմաց մասնագետներ ընտրելու, թույլ կողմերը ուժեղացնելու ու ուժեղ կողմերը ճիշտ օգտագործելու կարիք կա։

Համայնքի ձեռքբերումներից նշում է տրանսպորտային միասնական ցանցի ստեղծումը։ 2018 թ-ին համաֆինանսավորման միջոցով հաջողվել է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ, որոնք Դիլիջանը միացնում են գյուղերի հետ։ Ծրագրի շրջանակում գնված Մերսեդես Սպրինտեր մակնիշի մեքենաները բրենդինգից հետո ոճային տեսքի են բերվել, ստեղծվել է քաղաքային տրանսպորտի քարտեզ և հստակ չվացուցակ: Բնակիչները և զբոսաշրջիկները հեշտությամբ կարող են տեղեկանալ՝ երբ և ինչպես կարող են տեղափոխվել զբոսաշրջային համայնքի մի բնակավայրից մյուսը։

Սոցիոլոգիական ուսումնասիրության համաձայն, խոշորացման արդյունքում Դիլիջան համայնքում կառավարման համակարգը պակաս անձնավորված է և կապված չէ ՏԻՄ ներկայացուցիչների անձնային որակների հետ:

Մյուս կողմից, Դիլիջանի գյուղական համայնքներում փոխվել է մարդկանց զբաղվածության կազմակերպումը: Համայնքները գյուղատնտեսությունից սկսել են անցում կատարել սպասարկման ոլորտ: Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ դարձել են համայնքապետարանների աշխատակիցներ կամ զբոսաշրջությանն առնչվող աշխատանքներում են ներգրավված:
Գոշ գյուղի բնակիչ Գալուստ Ալեքսանյանը 15 տարի սեզոնային արտագնա աշխատանքի էր գնում Ռուսաստան, հետո որոշեց հրաժարվել արտագնայից։ Գյուղի տղամարդկանց մեծամասնությունը սեզոնային աշխատանքների է մեկնում, իսկ ամռանը մնացած մի քանիսով զբաղվում են զբոսաշրջիկներին խորհրդային տարիների ամենագնացներով Գոշի լիճ տանելով։
Աշնանը մարդիկ բաղ ու բոստանով, անասնապահությունով են զբաղված, ձմռանը աշխատանք չկա։

Գոշի եկեղեցուց մինչև լիճ հեռավորությունը ընդամենը երեք կիլոմետր է, սակայն գրունտային ճանապարհն այնպիսի վիճակում է, որ մոտ քսան րոպե է տևում։ Ամեն տարի դեպի լիճ տանող ճանապարհը հարթեցնում են, սակայն անձրևներից և հեղեղներից հետո այն նորից դառնում է դժվարանցանելի։ Յուրաքանչյուր ուղևորություն հետևանք է թողնում մեքենայի վրա։

«Մեքենան ջարդելով հասում ենք լիճ, կես ժամ, մեկ ժամ այնտեղ սպասում ենք, որպեսզի մարդիկ զբոսնեն, հանգստանան ու հետ ենք գալիս։ Պատահում է, որ ամբողջ շաբաթ ոչ մի ռեյս չկա, շաբաթ է լինում, որ մեկական ռեյս լինում է», - պատմում է Գոշի բնակիչ Արամ Գրիգորյանը։ Նա նեղսրտում է՝ եթե նախկինում գյուղի հարկերը մնում էին գյուղապետարանում, ապա այսօր առանձին բյուջե չկա կարիքավորին սոցիալական օգնություն տրամադրելու համար։ Բոլոր հարկերը գնում են Դիլիջան, խնդրի դեպքում համայնքի ղեկավարը դիմում է քաղաքապետին, նա՝ մարզպետին. լուծում գտնելը բարդացել է։

«Գյուղը գրեթե չունի արոտավայր։ Կաթի կամ մսի մթերում չկա, չեն էլ գալիս տանելու, յուրաքանչյուր բնակիչ օգտագործում է իր անասունից ստացած կաթն ու միսը», - նշում է Ալեքսանյանը։
Գոշի բնակիչ Արամ Գրիգորյանը
Չարենցավանում ապրող Արուսյակ Դավթյանն ամառներն անցկացնում է Գոշում։ Ասում է, որ նախկինում գյուղացիները շատ էին զբաղվում անասնապահությամբ, ունեին արոտավայրեր, բայց վերջին տարիներին գյուղն ապրում է սեզոնային արտագնա աշխատանքի և զարգացող տուրիզմի հաշվին: Մինչ տղամարդիկ զբոսաշրջիկներին ամենագնացներով տանում են լիճ, կանայք խոտաբույսեր և հուշանվերներ են վաճառում։

«Այսօր շատերը աշխատելու գնում են Իջևան՝ տեղի կարի ֆաբրիկայում աշխատելու։ Դիլիջանի հետ կապն այդքան մեծ չէ, սակայն հեռավորությունը երկու քաղաքներից գրեթե նույնն է։ Նաև Իջևանի շուկան կա, որից էլ օգտվում են գյուղի բնակիչները՝ Դիլիջանում շուկա չկա։ Խոշորացման ազդեցությունը տեղացիները ուղղակի չեն տեսնում», - հավելում է Արուսյան Դավթյանը։

Խոշորացումից հետո լուծվել է գյուղի աղբահանության հարցը։ Նախկինում բնակիչներն աղբը նետում էին գետը, ձորերը։ Հիմա Գոշում տեղադրված են աղբամաններ, մասամբ լուծվել է հանրային տրանսպորտի խնդիրը։
Արուսյան Դավթյանը
«Խորհրդային տարիներին Դիլիջանի հետ կապող տրանսպորտը օրական հինգ անգամ էր գնում։ Առավոտյան կարող էիր գնալ Երևան, և գիտեիր, որ իրիկնային տրանսպորտով Դիլիջանից հանգիստ կարող ես հետ գալ գյուղ։ Հիմա տրանսպորտ կա, սակայն օգտվողները քիչ են, և գնում-գալիս է օրական երկու անգամ։ Իսկ եթե երեկոյան Դիլիջանից ուզում ես տուն գալ, ստիպված ես տաքսիից օգտվել, ինչը կազմում է 3000 դրամ», - ասում է Արուսյակը։

Գոշ համայնքի ղեկավար Գևորգ Գրիգորյանը, փողոցային լուսավորության և աղբահանության հարցերից բացի, խոշորացման դրական կողմերից է համարում գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումը։ Ըստ նրա, Գոշում դժվար էր տեխնիկա հայթայթել:

2018 թվականին Դիլիջանի խոշորացված համայնքի համար Սպրինտեր 515 երթուղային ավտոբուսը ձեռք է բերվել «Հաջորդ կանգառը Եվրոպա» Եվրամիության ծրագրի շրջանակում։ 20 մեքենա տրամադրվել է ՀՏԶՀ և ԵՄ –ով իրականացված ծրագրերի շրջանակներում: Դրանց թվում են բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, ավտոգրեյդեր, թրթուրավոր տրակտոր, մեքենա-աշտարակ, անիվավոր տրակտոր, կոմունալ քաղաքային, աղբատար, ինքնաթափ մեքենաներ, վակուումային փոշեկուլ բեռնատար:
«Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակում 2018թ-ին Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը մասնակցում էր Լոռիի, Տավուշի և Շիրակի խոշորացված համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման որակի գնահատմանը:

Արթուր Ղազարյանի խոսքով, մոնիթորինգը ցույց տվեց, որ Դիլիջանի քաղաքային աղբավայրը, Հայաստանի գրեթե բոլոր աղբավայրերի պես չի համապատասխանում օրենքի պահանջին։ Խոշորացումից հետո քաղաքային աղբավայրը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի մոտակայքից տեղափոխվեց Դիլիջանի, Իջևանի, Գոշ գյուղի միջակայք։

«Ամենաառաջին պահանջը՝ աղբանոցը պետք է ցանկապատված լինի և գոնե ընտանի կենդանիների համար անհասանելի լինի, սակայն իրականում դա այդպես չէ։ Այն ժամանակ առ ժամանակ ծխում է, տակը ձևավորվող կեղտաջրերը լցնում են Աղստև գետը», - ասում է Ղազարյանը։

Դիլիջան խոշորացված համայնքի գյուղական բնակչությունը գործի բերումով ավելի շատ կապված է Իջևանին: Երիտասարդները Իջևանում են գնում համալսարան, շատերն աշխատում են Իջևանի կարի ֆաբրիկայում:
Հովքի վարչական ղեկավար Գրիգոր Գևորգյանը
Եթե Գոշ գյուղը և համայնքի մյուս բնակավայրերն ունեն երկարամյա պատմություն, ապա նրանց հարևանությամբ, բարձունքում գտնվող Հովք գյուղի բնակչությունը ձևավորվել է Հյուսիսային Արցախից Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ տեղահանվածներից։

Դեպի Հովք է տանում զառիվեր բարձրացող, մոշի փարթամ թփերով երիզված, գրունտային քարուքանդ և ոլոր ճանապարհը։

Հովքի վարչական ղեկավար Գրիգոր Գևորգյանը նկատում է․ «Հովքը փոքր գյուղ է՝ իր փոքր հնարավորություններով, սակայն, խառնվելով մեծին, ակնկալում էինք, որ հնարավոր կլինի լուծել շատ խնդիրներ, որոնք գյուղի բյուջեն ի վիճակի չէ լուծել»։

Գյուղում հիմնական զբաղվում են խոշոր և մանր անասնապահությամբ։ Սակայն կաթի մթերում չկա, և յուրաքանչյուր բնակիչ ինքն է հոգում իրացումը։ Գյուղում կա 115 տուն, 15-ը՝ ամառանոցային է: Արտագնայի մեկնած և չվերադարձած մարդկանց տները քանդման եզրին են։

Փոքրաթիվ բնակչության պատճառով համայնքապետարանում գյուղից ավագանի ներկայացված չէ։

«Պարտադիր ավագանու նիստին ներկա եմ լինում, քվեարկելու իրավունք չունեմ, բայց գյուղի հարցերը բարձրացնում եմ։ Ավագանու ինստիտուտը իրականում խնդիրներ լուծող մարմին չէ, այն որոշակիորեն զգաստացնող է։ Սակայն պետք է հիշել, որ եթե ճանապարհ չի լինում, ոչ մի բան լավ չի լինում», - ասում է Գևորգյանը։

Նրա խոսքով, հիմա Հովքը Դիլիջանի խոշորացված համայնքի մի մաս է, սակայն դա սահմանափակվում է փաստաթղթային գործունեությամբ՝ հիվանդանոց, սոցիալական կառույցներ։ Գույքահարկը, հողի հարկը և աղբահանության գումարները վճարվում են գյուղապետարանում, սակայն ամսական շունչը 50 դրամ գյուղացիները հրաժարվում են վճարել՝ հնարավորություն չունեն։
Սուսաննա Բալասանյանը և նրա մայրը
Հովքի բնակչ Սուսաննա Բալասանյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական մաթեմատիկայի բաժինն ավարտելուց հետո աշխատում է Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում՝ որպես ծրագրավորման դասախոս։ Իջևան հասնում է կամ համագյուղացիների հետ՝ տաքսիով, կամ՝ դպրոցական ավտոբուսով։ Երբեմն ուշանում է աշխատանքից, սակայն ներողամտությամբ են վերաբերում, տեղյակ են, որ գյուղից է գալիս։ Վերադարձն ավելի երկար է տևում: Երևան-Վանաձոր երթուղայինը Հովք չի հասնում: Լավ եղանակին ոտքով վերելքը կազմում է մոտ կես ժամ, անձրևներին կամ ձմեռային օրերին դեպի տուն ճանապարհը կարող է տևել մինչև մեկ ժամ։

«Հիմա այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ կապ չունի, թե որտեղ ես ապրում, եթե քեզ մոտ համացանց կա։ Եթե շատ աշխատես սեփական զարգացման վրա, կարող ես հանգիստ ապրել գյուղում, աշխատել քաղաքի համար ու կանոնակարգել օրդ», - ասում է Սուսաննան։

Ամսական ճանապարհածախսը 15հազար դրամ է, Սուսաննայի համար այն ավելի նախընտրելի է՝ Իջևան տեղափոխվելու, տուն վարձելու և ճանապարհի վրա ժամանակը խնայելու փոխարեն։ Սուսաննայի ծնողները Հովք են տեղափոխվել առաջին Արցախյան պատերազմի ժամանակ՝ Արցախի Գետաշենից։ Բալասանյաններն այգեգործներ են: Բերքը և կաթնամթերքը ոտքով 1,3 կմ իջեցնում են գյուղի բարձունքից մայրուղի, այնտեղից տանում վաճառքի՝ Դիլիջան։
Հովքը գտնվում է սողանքային գոտում, և, գյուղապետի խոսքով, տների մոտ 70%-ն արդեն ունի տարբեր կարգի վթարայնություն։ Այս խնդիրն առկա է գրեթե ողջ Դիլիջան խոշորացված համայնքում։

«Մեր բնակֆոնդը հիմնականում վթարային վիճակում է։ Դիլիջան քաղաքում Կաղնի Խաչ թաղամաս ունենք, որը երկրաշարժից հետո ամբողջությամբ դարձել է վթարային։ Շենքերի բնակիչներին հնարավոր եղավ տեղափոխել բելառուս շինարարների շնորհիվ Շամախյան թաղամասում կառուցված բնազմաբնակարան շենքեր։ Սակայն ժամանակի ընթացքում Կաղնի Խաչի բնակարանները, որոնք փոքրիշատե անվտանգ շենքերում էին, տրամադրվեցին անապահով ընտանիքների կացարանային խնդիրը լուծելուն», - ասում է Սոնա Եգանյանը։

Բնակֆոնդի սպասարկման աշխատանքը նույնպես համայնքապետարանի պարտականությունն է։ Սակայն Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի խոսքով, շինությունների ամրացումը, վթարայինի փոխարեն նոր շենքերի կառուցումը վեր է համայնքի հնարավորությունից։
~

Հոդվածը պատրաստվել է Ուրբանիստայի կողմից՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Հոդվածում ներկայացված տեսակետները, կարծիքները և եզրակացությունները կարող են չարտացոլել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տեսակետները: